Քաղցկեղով հիվանդ փոքրիկը մեր օգնության կարիքն ունի

Երկու անչափահաս երեխաների մայր Քրիստինե Սուքիասյանը եկել է խմբագրություն` իր ողբերգության մասին պատմելու, բայց ողբերգությունը կանգնել է կոկորդին, այնպես է խեղդում, որ երիտասարդ կինը չի կարողանում խոսել: Գունատ, սփրթնած, իրականության զգացումը կորցրած Քրիստինեն լաց լինելով չի հանգստանում, այնքան մոլորված, այլայլված է, որ աջ ու ձախ նայելով՝ անգամ չի գիտակցում` ո՞ւր է եկել ու ինչի՞ համար: Ասում է` «Էնքան դժվար ա, էնքան դժվար, կներեք, չեմ կարողանում կենտրոնանալ»:

Աշտարակի Ոսկեվազ գյուղի բնակչուհի Քրիստինեի ընտանիքն, արդեն քանի ամիս է՝ ցայտնոտի մեջ է, որովհետև միանգամայն առողջ ծնված երեխան, ով երբեք առողջության հետ կապված խնդիր չի ունեցել, այսօր գտնվում է Մոսկվայի Քաղցկեղի դեմ բուժման խոշոր կլինիկայում: Հունիս ամսին երեխայի ինքնազգացողությունը վատացել է, սկսել է հաճախակի փսխել, իսկ որոշ ժամանակ անց էլ՝ դժվարացել է անգամ քայլել:

«Ճիշտն ասած՝ կարծեցինք` մրսածության հետևանք է կամ մանկապարտեզում ինչ-որ բան է կերել, որը լավ չի մարսել: Գնացինք հիվանդանոց, մեկ ամիս «Արաբկիր» բուժկենտրոնում պառկեցինք, կարծում էին` ստամոքսի խնդիր է: Հետո տեղափոխվեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երկարատև հետազոտություններից հետո 4-րդ փորոքի վրա ուռուցք հայտնաբերեցին: Անմիջապես վիրահատություն կատարեցին, բայց բանից պարզվեց` չարորակ ուռուցքը տարածվել է ողնաշարի, գլխի հատվածներում»,- պատմում է Լիզայի մայրը՝ Քրիստինեն, ում տեղի մասնագետներն անմիջապես հորդորել են Մոսկվայում` քիմիաթերապիայի 12 կուրս և երկու ամիս ճառագայթում ստանալ:

Poqrk Liza (2)

Կարդացեք նաև

Մասնագետները տեղեկացրել են, որ այդ տարիքի երեխաների հակաքաղցկեղային պրոցեդուրան բարեհաջող անցկացնելու երաշխիք այստեղ չեն կարող տալ, քանի որ համապատասխան սարքավորումները բացակայում են, և հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ են տվել անմիջապես տեղափոխվել եվրոպական որևէ երկիր կամ Ռուսաստանի Դաշնություն: Արդեն երեք ամիս Մոսկվայի կլինիկայում գտնվող փոքրիկ Լիզան վերջերս քիմիայի 4-րդ կուրսն է ստացել: «Շատ թույլ ա երեխան, բայց էստեղի համեմատ` ոչինչ, ճոճվելով, մի կերպ քայլում է: Դուք ինձ ներեք, բայց չեմ կարող երեխայիս վիճակը նկարագրել, հավատացե՛ք, բառեր չեմ գտնում»,- նորից հուզմունքից խեղդվելով` ասում է Քրիստինեն, ով մի քանի օրով վերադարձել է Հայաստան` անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու, և շուտով կրկին կմեկնի Մոսկվա, որտեղ Լիզային խնամում է հայրը:

Լիզայի բուժման կուրսը բավականին թանկ արժե. յուրաքանչյուր կուրսի համար ծնողները վճարում են 250.000 ռուբլի: «Քիմիայից հետո բարդություններ եղան, օրգանիզմում այրվածքներ, արյունահոսություն, որն էլ իր հերթին` ծախսերը շատացնում է: Հիմա պետք է 5-րդ կուրսը ստանա, բայց, անկեղծ ասած՝ հույսներս դրել ենք Աստծո վրա, հավանաբար կլինեն բարի մարդիկ, ովքեր երեխայիս կյանքի համար մեզ կօգնեն»,- ասում է Քրիստինեն, ով մի քանի օրից կմեկնի դստեր մոտ, սակայն դեռևս դատարկաձեռն է:

Poqrk Liza (3)

Ասում է՝ «Նվիրիր կյանք» կազմակերպությունը 2մլն դրամ պետք է փոխանցի, որը, սակայն, չի բավականացնում քիմիայի մեկ կուրսի համար: «Եթե այնտեղի գրանցում ունենայինք՝ Լիզայի բուժումն ամբողջովին անվճար կլիներ, որովհետև այդ երկրում նման տարիքի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն անվճար է: Հիմա երեխայիս քիմիայի 5-րդ կուրսը կախված է մեր` գումար հայթայթելուց: Ամեն ինչ շատ անորոշ է: Այստեղ վիրահատություն կատարելուց հետո աջ ձեռքը, ոտքն ու աչքը չի զգում, հետվիրահատական բարդություն է: Մոսկվայի մասնագետներն ասում են՝ հնարավոր է` ներվին են կպել և, եթե այդպես լինի` այլևս չի վերականգնվի:

Իրենք մեզ պարզաբանում են, որ անհրաժեշտ էր նախ քիմիայով գոյացությունը փոքրացնել, չորացնել, որից հետո նոր վիրահատություն կատարել, բայց էստեղ անմիջապես են վիրահատությունը կատարել, չգիտեմ` ինչ է լինելուգ Էստեղի համեմատ երեխան հիմա ավելի լավ է, ճիշտ է՝ արյունահոսում է, շատ թույլ է, բայց արդյունքը տեսնում ենք: Էնտեղ մասնագետներն ասում են՝ հույս ունենք, որ երեխան լավ կլինի»:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Լիզա Պողոսյանին աջակցելու նպատակով բացվել է «5 year old Liza needs our help urgently» էջը: Մի խումբ օգտատերեր փորձում են աճուրդների, նվիրատվությունների միջոցով երեխայի բուժման համար գումար հայթայթել, սակայն առայժմ երեխայի քիմիաթերապիայի 5-րդ կուրսի համար գումար չի հավաքագրվել:

Poqrk Liza (4)

Մայրը՝ Քրիստինեն, առայսօր որևէ պաշտոնյայի, մեծահարուստի կամ բարերարի` երեխայի կյանքը փրկելու խնդրանքով չի դիմել: Մինչդեռ, այսօր հասկանում է, որ այլ ելք չունի, երեխայի կյանքը կախված է գումարից: Ասում է` «Խնդրում եմ, օգնեք փրկել աղջկաս կյանքը»:

Շուտով Ամանոր է… Գրեթե բոլոր երեխաներն իրենց ծնողներից, հարազատներից ստանալու են լավագույն նվերները, իսկ 6 տարեկան Լիզային մի բան է անհրաժեշտ՝ կյանք: Կյանք, որը կախված է բոլորիցս, բայց Լիզան սպասում է ծնողներից:
Ներկայացնում ենք Լիզայի հայրիկի՝ Դավիթ Պողոսյանի անվամբ բացված հաշվեհամարը:

ՎՏԲ- Հայաստան բանկ
AMD16004052756801
USD16004052756802
EUR16004052756803
RUR16004052756804

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս