Հայկական մայդանը չստացվեց

Երեկ ժամը 13-ին Ազատության հրապարակում էին հավաքվել մոտ 500 քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր բողոքում էին ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հայաստանյան այցի դեմ:

Նոյեմբերի 29-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում «Արժանապատիվ հայրենիք» ֆեյսբուքյան նախաձեռնությունը պատրաստվում է բողոքի ցույց և երթ կազմակերպել` ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի:

Հանրահավաքի կազմակերպիչ Պարույր Հայրիկյանն այդ ժամանակ հայտարարեց, որ ինքը դեմ է օտար պետության ղեկավարի դեմ ցույցեր կազմակերպելուն, քանի որ յուրաքանչյուր երկիրի քաղաքացի պետք է պահանջներ ներկայացնի իր իշխանությանը, իսկ հյուրին պետք է ընդունել հյուրասիրության կանոներով: «Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին» իր դիրքորոշումը բացատրեց Պարույր Հայրիկյանը: «Պետք է ընդունել` որպես հյուրի, եթե նա իրեն հյուրին վայել պահի»,- բղավեց հանրահավաքի մասնակիցներից մեկը: Պարույր Հայրիկյանը դրան չարձագանքեց: Նա երեկվա հանրահավաքին չէր մասնակցում:

Վլադիմի Պուտինի այցի դեմ առաջին ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, երբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը Պուտինի այցը Հայաստանում խոչընդոտելու պահանջով նստացույց էր կազմակերպել «Ազատության» հրապարակում, և սպառնում էր բենզինի շշեր նետել ՌԴ և ՀՀ նախագահների վրա: Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր 13 կողմնակիցների հետ կալանավորվեց: Նրանց մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, որով նախատեսվում է 5-10 տարվա ազատազրկում: Նման խիստ պատժաչափի սահմանումը, երևի, նպատակ ուներ ահ ու սարսափ սերմանել հասարակության այն անդամների մոտ, ովքեր հետագայում կփորձեին բողոքել ՌԴ նախագահի հայաստանյան այցի դեմ: Բայց դա կարծես թե չօգնեց:

Ազատության հրապարակում հավաքվածների պահանջը մեկն էր. Հայաստանը չպետք է դառնա Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության անդամ: Նրանք համարում են, որ ՌԴ նախագահը նախաձեռնել է նոր Խորհրդային Միության ստեղծում, որի արդյունքը լինելու է Հայաստանի ինքնիշխանության կորուստը: Հանրահավաքի կազմակերպիչները վստահեցնում էին, որ միջոցառումն օրինական է, և իրենք համապատասխան ծանուցում են ուղարկել քաղաքապետարան:

Չնայած այդ հավաստիացումներին, հանրահավաքի մեկնարկից ընդամենը 20 րոպե հետո Ազատության հրապարակ մտավ ոստիկանական մեքենա, որից սկսեցին հայտարարել, որ միջոցառումն արտոնված չէ, որ իրենք կոչ են անում հավաքվածներին` ցրվել, չենթարկվողներին` սպառնում ենթարկել պատասխանատվության: Հանրահավաքի մի քանի կազմակերպիչներ սուլոցներով և գոռոցներով հարձակվեցին ոստիկանական մեքենայի վրա, սակայն հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ սկսում են իրենց հայտարարած երթը, և պետք չէ տրվել ոստիկանական պրովոկացիային:

Ոստիկանությունը հետևում էր, թե ինչպես ցուցարարները շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա: Երթի մասնակիցները հիմնականում վանկարկում էին` «Ազատ, անկախ Հայաստան», առջևից տարվում էր սև ցուցապաստառ, որի վրա գրված էր` «դեպի բարիկադներ»: Այս պլակատը բռնածների երեսները ծածկված էր արաբական շարֆերով` եռանկյունաձև դիմակներով: Անհասկանալի է, թե ինչու են մարդիկ ծածկում իրենց դեմքը, եթե դուրս են եկել հրապարակային պայքարի: ոստիկանությունը չէր փորձում խոչընդոտել երթը. միայն մի երկու անգամ Ոստիկանությունը Հյուսիսային պողոտայի տարբեր հատվածներում պատնեշ կազմեց երթի մասնակիցների դեմ, որից հետո թույլ տվեց, որ այն շարունակվի:

Թե ինչ տրամաբանությամբ էր կազմվում այդ պատնեշը և ինչ տրամաբանությամբ էր այն վերացվում, դժվար է հասկանալ: Ոստիկանության օպերացիան ղեկավարում էին Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը: Երթի մասնակիցները հասան կառավարության շենքի մոտ, և հենց այդտեղ հայտարարվեց, որ երթը շարժվելու է դեպի Բաղրամյան պողոտա` նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի և ՌԴ նախագահների հանդիպումը: Այդ հայտարարությունից հետո հրապարակ բերվեցին հատուկ ջոկատայինները:

Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում Ոստիկանությունը նոր պատնեշ ստեղծեց և պասիվ դիմադրությունից անցավ ակտիվ գործողությունների` ցուցարարների ձերբակալության: Ոստիկանները մոտեցրեցին հատուկ նշանակության ոստիկանական մեքենաները, որոնք նախատեսված են մի կողմից` հատուկ ջոկատայիններ տեղափոխելու, ինչպես նաև` բերման ենթարկված ցուցարարներին տեղափոխելու համար: Հատուկ ջոկատայինները մտնում էին երթի մասնակիցների մեջ, դուրս բերում մի քանի ցուցարարի, նրանց նստեցնում ոստիկանական մեքենաները: Այստեղ բերման ենթարկվեցին մոտ 15 ցուցարարներ, այդ թվում` Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը: Ոստիկանությունն առգրավեց մեծ քանակությամբ հակառուսական, հակապուտինյան, նաև հակասերժսարգսյանական գրություններով պաստառներ: Դրանք մեծ ջանադրությամբ ոչնչացվեցին:

Ցուցարարները որոշեցին Բաղրամյան պողոտա շարժվել այլ ուղղությամբ` Նալբանդյան փողոցով: Այստեղ էլ նրանց ճանապարհը փակեցին Սախարովի հրապարակի մոտ: Ոստիկանական գործողությունը կրկնվեց նույնությամբ. սկզբում եկան մեքենաները, հետո հատուկ ջոկատայինները մտնում էին ցուցարարների մեջ, և այնտեղից ձեռքերից ու ոտքերից բռնած` հանում առավել ակտիվներին: Այստեղ ևս բերման ենթարկվեցին մոտավոր հաշվարկներով 15-20 ցուցարարներ: Ոստիկանությունը պատրաստվում էր նոր ձերբակալությունների, սակայն երթի մասնակիցների հետ համաձայնության եկան, որ նրանք ազատում են Նալբանդյան փողոցը, իրենք էլ դադարեցնում են ձերբակալությունները:

Երթի մասնակիցները հետ գնացին դեպի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակա տարածք: Գրեթե երկու ժամ այնտեղ մնալուց հետո ցույցի մասնակիցներն ընտրեցին նոր մարտավարություն` Բաղրամյան պողոտա հասնել փոքր խմբերով, որպեսզի չգրավեն Ոստիկանության ուշադրությունը:
Այս անգամ էլ ցուցարարներին ձերբակալելու գործողությունը տեղի էր ունենում Բաղրամյան պողոտայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին, որը փակ էր քաղաքացիների տեղաշարժի համար: Ըստ Ոստիկանության, կալանավորվել է 110 ակտիվիստ, որոնց մի մասը երեկ ազատ է արձակվել: Մինչև Վլադիմիր Պուտինի Երևան հասնելը ոչ մի ակտիվ ցուցարար Բաղրամյան պողոտայում չէր մնացել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն առաջին օտարերկրյա պաշտոնյայի այցն էր, որ ուղեկցվեց բողոքի այսպիսի գործողություններով և բազմաքանակ ձերբակալություններով: Նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևանում ընդունեցին անհամեմատ ավելի խաղաղ պայմաններում: Պուտինին մեղադրում են նոր Խորհրդային Միություն ստեղծելու և ստիպողաբար Հայաստանն այդ նոր միության մեջ մտցնելու մեջ: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը կկորցնի այն նվազագույն ինքնիշխանությունը, որը մնացել է մինչև այժմ:

Հնարավոր է, որ դրա համար ավելի շատ մեղավոր է ոչ թե ՌԴ նախագահը, այլ Հայաստանի իշխանությունները, որոնք հնարավորություն են տվել, որ Ռուսաստանի իշխանությունը կարողանա ազդել իր վրա: Բայց, եթե անկեղծ լինենք, դրա համար մեղավոր է ամբողջ հայ հասարակությունը: Վերջին 20 տարվա մեջ ռուսական իշխանության օգտին են աշխատել նաև Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հավատացել են, որ Ռուսաստանն իրենց օգնելու է իշխանության գալու հարցում:

Մինչդեռ Ռուսաստանը նրանց մշտապես և բոլոր ընտրությունների ժամանակ օգտագործել է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն ձևավորելու, և այդ ոչ լեգիտիմ իշխանությանն իրենից կախման մեջ գցելու համար, այդ ոչ լեգիտիմ իշխանությունից իր օգտին զիջումներ կորզելու և Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելու հարցում: Արդյունքում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը մշտապես եղել են Ռուսաստանի ազդեցության և ենթակայության տակ, աշխատել են հանուն ռուսական իշխանության, մի մասը` գիտակցված և դրա դիմաց համապատասխան վճար ստանալով, մի մասը` հանուն գաղափարի, այսինքն` իշխանություն ձեռք գցելու հույսով:

Հիմա էլ, երբ քաղաքացիական ակտիվիստները Պուտինից պահանջում են Հայաստանին չզրկել ինքնիշխանությունից, դրանով ընդամենն ընդունում են Պուտինի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած անվերապահ ազդեցությունը: Այլ պարագայում նրանք հօգուտ Հայաստանի ինքնիշխանության ցույցեր կանեին մինչև Պուտինի հայաստանյան այցը, կամ դրանից հետո:

«168 Ժամ»

Տեսանյութեր

Լրահոս