Սերժ Սարգսյան. Մեր երկրների քաղաքացիների նոր սերնդին սպասվում է հայ-ռուսական փոխգործակցությունը շարունակելը
Ռուսաստանի Դաշնության հարգարժա՛ն Նախագահ,
Հարգելի՛ բարեկամներ, տիկնայք և պարոնայք,
Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, ով Հայաստան է ժամանել պետական այցով: Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետներ, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այստեղ ներկա են Ռուսաստանի 20 տարածաշրջանների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը վկայում է լուրջ և հետևողական աշխատանքի անցնելու մեծ հետաքրքրության և տրամադրվածության մասին: Ուրախ ենք ձեզ տեսնել: Բարի գալուստ:
Այսօր Գյումրին, որը միշտ եղել է մեր ժողովուրդների և երկրների պատմությունների միահյուսման մարմնացումը, իրոք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշը:
Դեռևս հեռավոր 1829 թվականին Կովկաս ճանապարհորդության ժամանակ մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինը բիբլիական Արարատի ճանապարհին կանգ է առել Գյումրիում: 1837թ. այստեղ հիմնվել է ռուսական ամրոց, և քաղաք է այցելել կայսր Նիկոլայ Առաջինը: Քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ նրա տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովի: Այստեղ տեղակայված է եղել Ռուսաստանի զինված ուժերի երկու ամենավաստակավոր գնդերից մեկը՝ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել Խորհրդային Միության ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին և իրավամբ ազգային երթի՝ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակը՝ Վասիլի Ագապինը: Գունդ, որն առանձնացել է շատ ճակատագրական մարտերում և պարգևատրվել Ռուսաստանի մի շարք բարձրագույն պարգևանշաններով, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որտեղ մենք այսօր պատրաստվում ենք այցելել: Այստեղ՝ Գյումրիում է գտնվում «Պատվո բլուրը»՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների պանթեոնը:
Այս օրերին Գյումրիում համաժողովի անցկացումն առանձնահատուկ նշանակություն ունի ևս մեկ հանգամանքի պատճառով: 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս է հասցրել այս քաղաքին: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել էին առանց տանիքի: Ոչնչացվել էր քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, և կաթվածահար էր եղել արտադրությունը: Մենք շնորհակալ ենք բարյացակամ բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր երկրներին, Խորհրդային Միության ժողովուրդներին և, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանին՝ աղետի գոտու և Գյումրի քաղաքի վերականգնման գործում նրա անգնահատելի ներդրման համար:
Այդ օգնության իսկական խորհրդանիշը, մարմնավորումը դարձավ այսօր Գյումրիում ներկա Նիկոլայ Իվանի Ռիժկովը: Վլադիմի՛ր Վլադիմիրի, բայց որպես բարեխիղճ մարդ, նա արդեն երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակողոթի մոտ է և սպասում է մեզ: Նա ղեկավարում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ այն օրերին ԽՍՀՄ կառավարության նախագահն էր: Նիկոլայ Ռիժկովը գիտի, որ գյումրեցիներն իրավամբ նրան համարում են յուրային: Այստեղ ոչ ոք չի մոռանում, թե որքան անձնվիրաբար նա ստանձնեց որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը, իսկ հետո նաև՝ վերականգնողական աշխատանքներն ամենածանր օրերին՝ անմիջապես այդ սարսափելի աղետից հետո: Նա, իրավամբ, համարվում է պատվավոր գյումրեցի և միակն է, ով, չլինելով հայ, կրում է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչումը:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասին՝ ինտեգրացիոն միավորումների և գործընթացների շրջանակներում: Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը: Այդ թեմային է նվիրված նաև այսօրվա համաժողովը:
Անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ:
Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջև փոխհարաբերություններում: Ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին: Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ և բարեկամի քայլ է: Այն կարևոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար: Շնորհակալություն Ձեզ:
Նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կոչված է լրացնելու մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և ռազմավարական գործընկերության առկա մակարդակը, մեծ ներուժ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել բիզնես-վարչարարության ոլորտում բարեփոխումների հարցում: Բիզնեսի գրանցման դյուրինությամբ մեր երկիրը գրավում է 6-րդ տեղն աշխարհում: Տնտեսական ազատությունների և գործարար միջավայրի վարկանիշներով մենք առաջ ենք ԱՊՀ բոլոր երկրներից: Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչական իրերի արտադրության և զբոսաշրջության ոլորտներում:
Հայաստանի կողմից ընդունված «բաց երկնքի» քաղաքականությունը լայն հնարավորություններ է բացում օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնման համար, այդ թվում՝ Ռուսաստանի տարածաշրջանների հետ: Ընդ որում, այսօր արդեն Երևանի և Մոսկվայի միջև գործում է 12 ավիաչվերթ մեկ օրում, չվերթներ են իրականացվում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Գյումրիի միջև, իսկ ամբողջ Հայաստանը և Ռուսաստանի 19 քաղաքները միավորում է շաբաթական 130 չվերթ: Եվ այս թվերը, անշուշտ, աճման միտում ունեն:
Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում՝ արտահանմանն ուղղված:
Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն՝ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է: Արդյունավետորեն են աշխատում ռուսական այնպիսի առաջատար ձեռնարկություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, ՎՏԲ բանկը, «Ռոստելեկոմը», «Ռուսական երկաթուղիներ», «Ռուսական ալյումինին», «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը, «ՄՏՍ-ը»: Արդեն այս այցի հարթակներում համաձայնագիր կստորագրվի ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին:
Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է: 2012թ. առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 300 մլն դոլար, ինչը նշանակում է 20 տոկոսանոց աճ՝ 2011թ. համեմատ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մենք հասել ենք միլիարդի սահմանին, ընդ որում Հայաստանից արտահանման մասով աճը կազմել է 24 տոկոս:
Վստահ եմ, որ առևտրատնտեսական կապերի առաջմղմանը կնպաստի նաև մեր կառավարությունների կողմից հաստատված «Մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկարատև տնտեսական համագործակցության ծրագիրը»:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայ-ռուսական երկկողմ ընդգրկուն օրակարգում միջտարածաշրջանային համագործակցությունը հատուկ տեղ է զբաղեցնում: Ռուսաստանյան յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժը, տարածքը և բնակչությունը համադրելի է մի ամբողջ պետության տնտեսության հետ: Ես ուրախ եմ, որ համաժողովի աշխատանքները չեն սահմանափակվում լիագումար նիստերով: Երեկ Ռուսաստանի պատվիրակություններն այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, վաղն աշխատանքը կշարունակվի սեկցիաներում և մարզերի ու խոշոր ձեռնարկությունների ցուցահանդեսի ձևաչափով: Հուսով եմ, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, իսկ ձեր կապերը կսկսեն կրել պարբերական բնույթ: Մեր մարզպետները (նահանգապետները) պետք է պարբերաբար այցելեն գործընկեր-մարզեր (նահանգներ), փնտրեն մեր տնտեսությունների փոխմիահյուսման, գործընկերության զարգացման գործուն մեխանիզմներ: Մենք պետք է մշակենք և հաստատենք համագործակցության արդյունավետության բարձրացման նոր և կոնկրետ միջոցներ:
Իսկ մենք միջպետական մակարդակում կշարունակենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման համար. շարունակել համատեղ ջանքերը՝ նպատակաուղղված ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հանել բյուրոկրատական արգելքները և սահմանափակող միջոցները, լայն տեղեկատվական աջակցություն ցուցաբերել զանգվածային լրատվամիջոցներում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ԶԼՄ-երի հետ աշխատանքին, այդ թվում նաև՝ մարզային լրատվամիջոցների: Արդեն երեք տարի անընդմեջ անցկացվում է «Արարատի ստորոտին» հայ-ռուսական մեդիաֆորումը:
Համարում եմ, որ այդ նախաձեռնությունը պետք է սատարել պետական մակարդակով և ապահովել ռուսաստանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչների պարբերական այցերը Հայաստան, հայկական ԶԼՄ-երի՝ Ռուսաստան, ներառյալ՝ մարզերի այցելությունները: Հայաստանում լիարժեքորեն հեռարձակվում են ռուսական երեք ալիքներ՝ «ՕՌՏ», «Ռոսիա-ՌՏՌ», «Կուլտուրա», ինչպես նաև Համագործակցության ռուսալեզու ալիքը՝ «ՄԻՐ»: Լույս են տեսնում ռուսալեզու թերթեր «Նովոյե վրեմյան», «Գոլոս Արմենիին» և այլք:
Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության շրջանների հետ անմիջականորեն համագործակցող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների աշխարհագրությունը: Այսօր դրանք հաշվվում են շուրջ 70, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք, որպեսզի դրանք ավելանան, որպեսզի աճեն տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թիվը: Այս հիմքի վրա մենք կարող ենք ավելի լիարժեքորեն իրացնել մեր տարածաշրջանների ներուժը, բարձրացնել մեր բնակիչների բարեկեցությունը: Վլադիմիր Վլադիմիրի, առաջարկում եմ մեր աշխատակազմերին հանձնարարել մշակել ղեկավարների համատեղ կրթության և որակավորման բարձրացման ծրագրեր՝ մեր ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հիմքի վրա: Ես կարծում եմ, որ դա կօգնի մեր ընդհանուր գործին:
Իհարկե, մեր միջտարածաշրջանային համագործակցությունը չի սահմանափակվում տնտեսությամբ, այն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ: Բառացիորեն մի քանի օր առաջ Գյումրին հանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի էստաֆետան: Մի ամբողջ տարի քաղաքը լի էր վառ իրադարձություններով՝ Համագործակցության երկրների մշակույթի բազմաթիվ գործիչների մասնակցությամբ: Փակման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Հոկտեմբերին Երևանում անցկացվել է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների արդեն ավանդական դարձած համաժողովը: Հայ հանդիսատեսը դիտեց նշանավոր պարուսույց Բորիս Էյֆմանի բեմադրությունն ըստ Դոստոյևսկիի «Կարամազով եղբյարներ» վեպի: Մեր թատրոնների հաճախակի հյուրերն են ռուսաստանյան թատերախմբերը, մշակույթի այնպիսի մեծ գործիչներ և սիրելի դերասաններ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, Լևոն Օգանեզովը և Եվգենի Պետրոսյանը, Դմիտրի Խարատյանը և Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Կիսինը և Դենիս Մացուևը:
Այս համագործակցության ուղեծրում ներգրավված են երիտասարդական և հասարակական կառույցներ, կրթական և գիտական կենտրոններ: Ես ուրախ եմ, որ արդեն համաձայնեցված են Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու որոշակի ժամկետներն ու պայմանները: Մոտ 2500 ուսանող սովորում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ կազմակերպել հայերեն լեզվի ուսուցում Ռուսաստանի այն թաղամասերի դպրոցներում, որտեղ առավել կենտրոնացված ապրում են հայկական համայնքներ:
Պետրոս Առաջինի ժամանակներից հայերն ավանդաբար փնտրել են առևտրի զարգացման, իրենց բիզնեսի առաջմղման հնարավորություններ Ռուսաստանում: Ե՛վ իրենց աշխատանքով, և՛ ջանքերով նրանք ներդրում են կատարել Ռուսական պետության ամրապնդման գործում: Զորապետից մինչև պետական գործիչ, նկարչից և երգահանից մինչև արդյունաբերող և ձեռնարկատեր, ռուսաստանցի հայերը եղել և մնում են Ռուսաստանի արժանի քաղաքացիներ և իրենց ժողովրդի հավատարիմ որդիներ: Չնայած փոքրաքանակությանը, Հայաստանի ռուսական համայնքը կարևոր դեր է խաղացել և խաղում մեր երկրի կյանքում ամենատարբեր ոլորտներում: Շատ դեպքերում նաև ի շնորհիվ սփյուռքի այդ ջանքերի, մեր երկրների միջև կապերը կրում են այդքան հագեցած, պարբերական և ընդգրկուն բնույթ:
Բայց այդ ուղղությամբ ևս մենք դեռևս շատ բան պետք է անենք: Անթույլատրելի է, որպեսզի, մեր հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մոտ ծագի կասկածանքի զգացումներ, այլատյացության կամ ծայահեղականության դրսևորումներ: Մենք երկու ժողովուրդներ ենք, ովքեր մեջք-մեջքի հաղթել են Հայրենական Մեծ պատերազմում, պարտավոր ենք հայտարարել ֆաշիզիմի ցանկացած դրսևորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին: Դա հակասում է մեր հասարակությունների և՛ ոգուն, և՛ արժեհամակարգին, դա հակասում է Մեծ Հաղթանակի փառքին և ժառանգությանը:
Մեր երկրների քաղաքացիների նոր սերնդին սպասվում է հայ-ռուսական փոխգործակցությունը շարունակելը, այն նոր նախաձեռնություններով զարգացնելը: Մեր ժողովուրդները, հատկապես՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, պետք է շատ ավելին իմանան միմյանց մասին: Մենք պետք է համատեղ ջանքերով տեղերում ավելի լայն խոսենք մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության մասին, ներառյալ՝ ուսումնական հաստատությունները՝ անցկացնելով պարբերական ուսանողական և երիտասարդական փոխանակումներ ու հանդիպումներ:
Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք: Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում մշակված գաղափարներն ու առաջարկությունները կնպաստեն գործնական և հումանիտար հեռանկարային նախագծերի իրականացմանը:
Շնորհակալություն ուշադրության համար:
Իսկ այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին:
ՀՀ նախագահի գրասենյակ