Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովի համանախագահությամբ, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վ. Տերտերյանը նշել է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները: “ Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցությունն առանձնահատուկ կարեւոր տեղ է զբաղեցնում, որի խորացման հարցերը մանրամասն քննարկվում են աշխատանքային խմբում եւ կողմերին համապատասխան առաջարկություններ են ներկայացվում”,-նշել է Վ. Տերտերյանը:
Ս. Նազարովը նույնպես ընգծելով երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային բաղադրիչի կարեւոր դերը` նշել է, որ ռուսական կողմից այս ձեւաչափով համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Անգամ այն տարածաշրջանները, որոնք ավանդական կապեր չեն ունեցել Հայաստանի վարչական միավորների հետ, հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ կապերի զարգացման հարցում:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության, այս մակարդակում իրավապայմանագրային դաշտի զարգացման հարցեր:
Ներկայացվեց 2012թ. մարտին կայացած առաջին նիստի արձանագրության իրականացման ընթացքը: Գործընկեր տարածաշրջանների ներկայացուցիչները զեկուցեցին համագործակցության ներկա մակարդակի եւ գործակցության խորացման ուղղությունների մասին: Կարեւորվեց միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը, նշվել է, որ այս ոլորտում առկա է գործակցության մեծ ներուժ:
Աշխատանքների ավարտին Վ. Տերտերյանն ու Ս. Նազարովն ստորագրել են Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը: