Բաժիններ՝

«Եթե Ռազմիկ Ամյանի երգը նախապես լսեի՝ որոշումը գուցե այլ լիներ»

Տեսահոլովակի նկարահանման առաջարկը թանգարանի տնօրինությանը
հետաքրքրել է ֆինանսական տեսանկյունից

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Ժամանակակից արվեստի թանգարանում Ռազմիկ Ամյանի ռաբիս երգի տեսահոլովակը նկարահանելու թույլտվության խնդրահարույց հարցին: Նաև ներկայացրել ենք այն նկարիչների դիրքորոշումը, ովքեր թանգարանում ներկայացրած աշխատանքներ ունեն և անթույլատրելի են համարում թանգարանի տնօրինության այդ քայլը: Նշենք, որ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունները որպես տեսահոլովակի ֆոն օգտագործելը վիրավորել և զայրացրել է անգամ այն նկարիչ, քանդակագործներին, որոնք, թեև թանգարանում աշխատանքներ չեն ներկայացրել, այդուհանդերձ, այդ երևույթը համարում են ժամանակակից արվեստի պատմության նկատմամբ, մեղմ ասած՝ անլուրջ վերաբերմունք:

Մենք նաև խոստացել էինք ներկայացնել Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի պարզաբանումն այս կապակցությամբ: Վերջինս նախ` ադեկվատ է համարում բոլոր այն քննադատությունները, որոնք հնչեցին այս հարցի շուրջ, սակայն համարում է, որ արվեստագետները թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հիշատակը հարգելով` նախ` պետք է բարձրացնեն Ժամանակակից արվեստի թանգարանի շենքի խնդիրը: Չնայած դրան՝ Ն. Ավետիսյանը թանգարանում ռաբիս երգի տեսահոլովակի նկարահանման թույլտվության որոշումը համարում է անհաջող փորձ, սխալ որոշում, որը գուցե չլիներ, եթե թանգարանի ղեկավարությունը նախապես մանրամասն ուսումնասիրեր երգի որակն ու տեսահոլովակի բովանդակությունը:

– Անկեղծ ասած՝ ես պրովինցիալ մոտեցում եմ տեսնում անընդհատ այդ հոլովակի մասին խոսելու մեջ: Այսօր «Լուվրն» իր անունն օգտագործման իրավունքով ուզում է տալ շվեյցարական ժամացույցների ընկերությանը: Կամ «Լուվրում» ամռանը կազմակերպվել էր նվիրատվություն-ճաշկերույթ, որին հրավիրվել էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ֆինանսիստներ: «Դե Օրսեի» թանգարանն այսօր թույլ է տվել, որ իր ֆասադի վրա գովազդային բաներներ լինեն՝ «Շանելի», «Իվ Սեն Լորանի», և այլն:

Կարդացեք նաև

Օրինակները շատ են, համաձայն որոնց՝ աշխարհի թանգարանները կոմերցիոն նպատակով որոշակի քայլերի են գնում: Սովետի ժամանակ նույն հանճարեղ նկարիչները, քանդակագործները պատվերով Լենինի կիսանդրի էին քանդակում, կամ սոցռեալիստական կոմպոզիցիաներն անում էին` գումար վաստակելու նպատակով:

– Համեմատություններն այնքան էլ տեղին չէին: Չէր լինի այս դժգոհության ալիքը, եթե թանգարանի տարածքը, ստեղծագործությունները որպես նկարահանման նյութ օգտագործվեին, ասենք, դասական, որակյալ երաժշտության համար: Մինչդեռ, արվեստի արժեքներն օգտագործվել են ռաբիս, ցածրաճաշակ, անորակ երգի տեսահոլովակի մեջ՝ որպես ֆոն:

– Անկեղծ ասած՝ ես լավ տեղյակ չէի Ռազմիկ Ամյանի երգարվեստից: Դա փորձ էր, որին այսօր նայելիս` հասկանում եմ, որ այդքան հաջող չէր, լավ օրինակ չէր: Ռազմիկ Ամյանի երգի հիման վրա թանգարանում նկարահանումներ կատարելը հետաքրքրել է զուտ ֆինանսական առաջարկից ելնելով, սակայն ես չեմ իմացել, թե կոնկրետ ի՞նչ երգի հիման վրա է նկարահանվելու տեսահոլովակը: Խոսակցություններ եղան, թե ցուցանմուշներն ապամոնտաժվել, տեղաշարժվել են, բայց կտրականապես հերքում եմ, նման բան չի եղել, ոչինչ չի տեղաշարժվել: Նկարահանումները կատարվել են ոչ աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ թանգարանի դռներն այցելուների առաջ չեն փակվել, և թանգարանը եղել է աշխատակիցների հսկողության տակ: Այո, միգուցե անհաջող փորձ էր:

– Ուզում եք ասել՝ Ձեզ համար անսպասելի՞ էր տեսահոլովակի բովանդակությունն ու երգ-երաժշտության որակը:

– Այո, ինչ-որ տեղ անսպասելի էր, բայց միևնույն ժամանակ պետք է փորձել` հետագայում ճիշտ քայլեր կատարելու փորձ ձեռք բերելու համար: Հենրիկ Իգիթյանի օրոք Արամայիս Սահակյանը թանգարանում «Ծիծաղի սենյակ» իր հաղորդումը նկարահանեց, թեև ինքը` Հ. Իգիթյանը, դեմ էր: Այսինքն՝ պատահում է… Ըմբռնումով եմ մոտենում արվեստագետների քննադատությանը, ողջունում եմ, միևնույն ժամանակ կոչ անելով՝ ավելի կարևոր հարցերի վերաբերյալ խոսել:

– Այնուամենայնիվ, Ռ. Ամյանի տեսահոլովակը թանգարանում նկարահանելու որոշումը եղել է Ձե՞ր, Լևոն Իգիթյանի՞, թե՞ Երևանի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի կողմից:

– Ոչ, նման առաջարկներով միանգամից դիմում են մեզ, ոչ թե քաղաքապետարան: Էական չէ` Լ. Իգիթյանի՞ թե՞ իմ կողմից… դա եղել է մեր համատեղ որոշումը:

– Փաստորեն, Դուք ի պաշտոնե իրավասու եք նման որոշումներ կայացնելու: Կարո՞ղ եք ասել՝ Ռ. Ամյանի տեսահոլովակի նկարահանման համար թանգարանին որքա՞ն գումար է վճարվել:

– Դե, դա այնքան էլ էական նշանակություն չունի: Շատ մեծ հարցեր չեն լուծվել, այլ՝ ընթացիկ աշխատանքներ են կատարվել. լույսեր են փոխվել, հրատարակել ենք որակյալ օրացույցներ՝ ընդգրկելով ժամանակակից հեղինակների հանճարեղ աշխատանքները, իսկ դա նախատեսված չէ թանգարանի ընդհանուր ծախսերի մեջ: Փորձում ենք այնպես անել, որ թանգարանն ապրի այսօրվա կյանքով: Այսօր երիտասարդների ուշադրության կենտրոնում համակարգիչները, դիսկոներն ու ակումբներն են, և ինչ-որ կերպ փորձեցինք նրանց ուշադրությունը դրանով շեղել, բայցգ Ի վերջո, մենք տեսնում ենք, որ Սարյանի կամ Մինասի նկարներով հյութեր են արտադրում, կամ Մալևիչի աշխատանքը տպագրված է ափսեի վրա, որի մեջ ճաշ են ուտում:

– Այդ իրավունքը գնվում է նկարչի իրավահաջորդից: Նման խնդիրները հեղինակային իրավունքի դաշտում են, և նրանց աշխատանքների արտոնագրերը ձեռք բերելու համար արտադրողը բարդ ընթացակարգերով է անցնում:

– Տեսահոլովակում օգտագործված նկարների վերաբերյալ կարող եմ ասել, որ պետական թանգարանում առկա գործերի իրավունքը պատկանում է թանգարանին: Թանգարանը պետական սեփականություն է, և հեղինակային իրավունքի խնդիրը չի վիճարկվում:

– Դուք պարտավոր չէի՞ք հեղինակների հետ համաձայնեցնել իրենց աշխատանքները ռաբիս երգի տակ «պտտեցնելու» հարցը:

– Ոչ, որովհետև իրենք ոչ թե դա հանձնել են թանգարանին ժամանակավոր պահպանության, այլ՝ նվիրել են թանգարանին: Ստեղծագործությունները պատկանում են թանգարանին: Նույն «Ծիծաղի սենյակը» նկարահանվել է Դեղձ Աշոտի նկարի ֆոնին:

– Տիկին Ավետիսյան, իրավական դաշտը` մի կողմ, Դուք թանգարանի, ազգային արժեք ներկայացնող կառույցի տնօրեն եք և նման մեծությունների նկարները մուղամի ներքո ցուցադրելը համարում եք ճի՞շտ:

– Ոչ, գիտեք, սխալի ու ճշտի հարցը չէ, այո՛, ես ճիշտ չեմ համարում դա, բայց նաև եկեք ընդունենք, որ ռաբիսն ընդունված է մեր երկրում, ժողովրդի 90%-ը լսում է: Դա մեր մշակույթի մի մասն է, կա, և մենք չենք կարող հերքել, որ դա կա: Ի վերջո, Նունե Եսայանի համերգն ամբողջ հրապարակով մեկ կազմակերպվեց, և միայն իրեն թույլ տվեցին երգել:

– Բայց պետք է ըմբոստանալ դրա դեմ, ոչ թե՝ թանգարանի դռներն էլ բացել ռաբիսի առաջ:

– Այո, համաձայն եմ, նաև գտնում եմ, որ մենք ամենաշատը պետք է ըմբոստանանք թանգարանի լավ շենք ունենալու համար: Լավ կլիներ` արվեստագետները մի օր էլ գային, քննարկեինք շենքի խնդրի շուրջ հարցերը: Չէ՞ որ դա էլ է առաջնահերթություն: Նույնիսկ մեկ անգամ փորձել ենք մամլո ասուլիսի միջոցով այդ հարցին հնչեղություն տալ, բայց նկարիչները խուսափեցին հրապարակային կարծիք հայտնելուց: Նորից եմ կրկնում՝ այդ տեսահոլովակը թանգարանում նկարահանելու թույլտվությունն ինչ-որ տեղ սխալ փորձ էր, և չեմ փորձում այդ սխալն արդարացնել, բայց այսօր աշխարհի բոլոր թանգարանները փորձում են ինչ-որ միջոցներ օգտագործելով` մնալ լավ վիճակում:

– Փաստորեն, եթե առաջիկայում նման առաջարկ նորից լինի` կընդունե՞ք:

– Կարող եմ ասել, որ այս աղմուկից հետո նման առաջարկ չի լինի, բայց լինելու դեպքում էլ չենք ընդունի:

– Ասում եք` սխալ փորձ էր, բայց արդյոք ի պաշտոնե պարտավոր չէի՞ք առնվազն տեղյակ լինել, թե ի՞նչ երգ է, ի՞նչ տեսահոլովակ է նկարահանվելու:

– Տեսահոլովակի վերաբերյալ ինձ բացատրեցին, որ էքսկուրսիա է, թանգարան են մտնում, այսինքն՝ տեսահոլովակի բովանդակությունը թանգարանի հետ է կապված: Ես երգը նախապես չեմ լսել, բայց տեսահոլովակի իրենց նկարագրությունն այնպիսին էր, որ արվեստի, թանգարանի հետ կապված տեսահոլովակ է: Եթե նախապես երգը լսեի և տեսահոլովակի պատկերացումն ավելի ամրապնդված լիներ, որոշումն էլ գուցե այլ լիներ:

Հ.Գ. Ի դեպ, Աբովյան 13 հասցեում գտնվող Մանկական պատկերասրահում էլ, որը ղեկավարում է Լևոն Իգիթյանը, այս օրերին տեղակայվել է «Էննի Ռոս» ընկերությունը, որը մինչև դեկտեմբերի 31-ը պատկերասրահում ամանորյա խաղալիքների վաճառք է կազմակերպելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս