Բաժիններ՝

«Ան Գորդոնախ» խումբը երգ է նվիրել ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի հիշատակին

Վանաձորյան «Ան Գորդոնախ» ռոք խումբը հանրության ուշադրությանն է ներկայացրել իր նոր` «Զարուհի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանին:

168.am-ի հետ զրույցում խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանն ասաց, որ երգը գրելու գաղափարը պատկանում է խմբի կիթառահար և վոկալիստ Ստյուարտին, ով ժամանակին Հայաստանում աշխատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

An Godonax«Գաղափարը ծնվեց 2011-ի սկզբին, երբ Զարուհու հետ կատարված դեպքն անհետացավ ԶԼՄ-ներից: Նպատակն էր` երգ գրել Զարուհու մասին, անդրադառնալ կանանց հանդեպ բռնությանը, ինչպես նաև` այնպես անել, որ թեման չմոռացվի: Նշեմ, որ սա առաջին դեպքն էր, երբ նման կերպ էր արձագանքվում թեմային (երգ և տեսահոլովակ): Ստյուարտն այն ժամանակ վերադարձավ Անգլիա, և երգը մնաց կիսատ: Թեման նորից դարձավ հրատապ, երբ ընտանեկան բռնության զոհ դարձավ ևս մեկը` Մարիամ Գևորգյանը: Այդ ժամանակ որոշվեց, որ երգn ավարտին կհասցվի: Երգը գրվեց իրանցի էլեկտրոնային ոճի երաժիշտ Ասսադուկի հետ համատեղ: Ոճային առումով այն տարբերվում է մինչ այժմ գրված մեր երգերից, և կարծում եմ` բավականին հաջող է ստացվել»,- ասաց խմբի կիթառահարը:

Տիրայրի խոսքով` տեսահոլովակի ռեժիսորն է վանաձորցի ռեժիսոր և երաժիշտ Ռաֆֆի Ղազարյանը, ում հետ միասին ժամանակին նվագել են նույն խմբում. «Նա մեծ պատրաստակամությամբ ձեռնամուխ եղավ տեսահոլովակի նկարահանմանը, քանի որ թեման հուզում էր նրան: Տեսահոլովակում նկարահանվել են Անի Հովհաննիսյանը և Վահե Մխիթարյանը, ինչպես նաև` այլ երիտասարդ դերասաններ և դերասանուհիներ, ովքեր մինչև վերջ անշահախնդիր մասնակցեցին նկարահանումներին և իրենց ներդրումն ունեցան այս կարևոր գործի մեջ»:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե արդյոք ռոք խմբի տղաները պատրաստվո՞ւմ են այլ խնդիրներ ևս բարձրաձայնել իրենց երգերի և տեսահոլովակների միջոցով, Տիրայր Մխիթարյանը պատասխանեց. «Խնդիրների մինչ այժմ էլ ենք անդրադարձել. երգ ունենք գրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Ապագայում էլ փորձելու ենք միշտ ակտիվ լինել և մեզ հետաքրքրող և հուզող խնդիրները բարձրաձայնել երգերի, տեսահոլովակների միջոցով, և այժմ էլ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս