Չիչխանը` որպես բացառիկ դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Պատկանում է փշատազգիների ընտանիքին։ Գիտական անվանումը բաղկացած է երկու հունարեն բառերից. hippos-ձի և phase-շուք, փայլ։ Բույսի ռուսերեն անվանումն է `«օբլեպիխա»։ Բույսը հնագույն ժամանակներից հայտնի է եղել հայերին, հանդիպում է Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Սյունիքում, Երևանում։ Հայերենում բույսն անվանվում է նաև ծովափուշ, ձիափուշ, ձիափշատ, ձորի փուշ և այլն։ Հին Հայաստանում բույսի տերևը և պտուղը ծառայել են` որպես կեր ձիերի համար։ Հոգնեցուցիչ արշավներից հետո կենդանիները նման կերից հետո արագորեն վերականգնել են ուժերը և իրենց արտաքին փայլը։

Չիչխանը հարգի բույս է եղել չինական բժշկությունում, համարվել է, որ այն բուժում է բազմաթիվ հիվանդություններ և երկարակեցություն պարգևում։
Վերջին 1-2 տասնամյակներում չիչխանը դարձել է բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների առարկա, քանի որ բույսն ունի բացառիկ քիմիական բաղադրություն և բուժիչ ազդեցություն։

Հայտնի է, որ 100 գ չիչխանի հատապտուղներում պարունակվող E (8-16 մգ), C (50-450 մգ), K (1,2 մգ) վիտամինները, A-ենթավիտամինը (0,3-8,5 մգ), ռուտինը (75-100 մգ), ֆոլիաթթուն (0,79 մգ) լիովին բավարարում են մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը։

Կարդացեք նաև

Մեծ արժեք է ներկայացնում պտղամսում, սերմում և հատապտղի կեղևում պարունակվող յուղը (9 տոկոս), որի մեջ առկա է բազմաչհագեցած ճարպաթթուների ողջ «փունջը»` օլեինի (օմեգա-9), պալմիտինի և լինոլի (օմեգա-6), լինոլենի (օմեգա-3), նաև հագեցած ճարպեր և բետասիտոստերին (տե՛ս, Ջ. Սահակյան, Օմեգա ճարպաթթուներիգ «168 Ժամ», 19.0.213)։

Չիչխանը մշակվում է բազմաթիվ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և այլուր` հիմնականում արժեքավոր յուղ ստանալու համար, սակայն պարզվել է, որ հատապտղում պարունակվում են զգալի քանակությամբ կարոտինոիդներ` հակաուռուցքային ազդեցություն ունեցող լիկոպին (տե՛ս, Ջ. Սահակյան, Լոլիկ` առեղծվածային… «168 Ժամ», 6.10.2013թ.) և աչքերի ցանցաթաղանթն արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանող զեակսանտին (տե՛ս, Ջ. Սահակյան, Կիվի. «Ճառագայթող աստղապտուղը» պայծառացնում է… «168 Ժամ», 7.11.2013թ.)։

Հետաքրքիր ազդեցություն ունեն ֆիտոստերոլները.

  • իջեցնում են արյան հետ շրջանառվող խոլեստերինի քանակը, քանի որ կիսով չափ նվազեցնում են դրա կլանումն աղիների պատերի միջոցով,
  • կանխարգելում են «ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների (լիպոպրոտեինների)» օքսիդացումը և, ուրեմն, «վատ խոլեստերինի» գոյացումը։
  • P-ակտիվ նյութերից առանձնացվել են հակաօսքսիդանտ հատկություն ունեցող կվերցետինի և կեմպֆերոլի ֆլավոնային գլիկոզիդները։
  • Հատապտուղները պարունակում են մինչև 8,5 տոկոս շաքարներ, 2,5 տոկոս օրգանական թթուներ` սալիցիլի, խինինի, սաթի, խնձորի և այլն, և միկրո և մակրո տարրեր։
  • Տերևը և կեղևը պարունակում են տանիններ, օգտագործում են թարախային վերքերի բուժման, ոչ ուժեղ արյունահոսությունները կանխելու համար։ Եփուկը խմում են լուծի դեպքում, սակայն` ոչ երկարատև։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ չիչխանի դաբաղանյութերում պարունակվում են նյութեր, որոնք կարող են նպաստել կրծքագեղձի ուռուցքի բուժման դրական ընթացքին։

Chichxan01

Քչերին է հայտնի, որ ճյուղերի կեղևում պարունակվում է շատ թանկարժեք մի նյութ` ալկալոիդ գիպպոֆաին, որն ունի հակաուռուցքային հատկություն։

Լուծ. Մանրացրեք, խառնեք 10-ական գրամ տերև և մատղաշ ճյուղեր, լցրեք 200 մլ ջրի մեջ, եփեք 20 րոպե թույլ կրակի վրա, փակ տարայում, 15 րոպեից քամեք։ Խմեք 2-ական թ/գ` օրը 4 անգամ։
Ռևմատիզմ. Խառնեք 20-ական գ տերև և չոր հատապտուղ, 6 ժամ թրմեք 200 մլ գոլ, նախօրոք եռացրած ջրի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ։

Ի դեպ` չիչխանի չոր հատապտուղն ընդգրկվում է տիեզերագնացների սննդակարգում` որպես նյութափոխանակությունը կարգավորող միջոց։

Լուծողական. 1ճ/գ հատապտղի սերմը 10 րոպե եփեք 200 մլ ջրում, թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ։ Կարելի է նույն կերպ թրմել չիչխանի հյութը մզելուց հետո գոյացած չոր քուսպը (2 ճ/գ)։

Ուռուցքներ. Չիչխանի տերևները (100 գ) և կեղևը (150 գ) լվացեք գոլ ջրով, 1 րոպե պահեք եռման ջրում, լցրեք կավե տարայի մեջ, ավելացրեք 1 լ սառը ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, 5 րոպե եփեք, 2 ժամ թրմեք տաք տեղում, քամեք, պահեք սառնարանում։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, 150 մլ գոլ ջրի հետ։ Շարունակեք օրը 3-4 անգամ` 150 մլ գոլ ջրի հետ։ Շարունակեք 1 տարի` կրծքագեղձի քաղցկեղի նախնական շրջանում։

  • Նույն կերպ պատրաստված թուրմի մեջ, անմիջապես կրակն անջատելուց հետո, լցրեք 0,5 լիտր 96 տոկոսանոց բժշկական սպիրտ, 2 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, 100 մլ կաթի հետ. խմելուց առաջ տարան թափահարեք։ Շարունակեք 1 տարի։
  • Հոսող ջրի տակ լվացված հատապտուղները կես ժամ պահեք սառը ջրի մեջ, չորացրեք քամիչի վրա, լցրեք կավե տարայի մեջ, ավելացրեք մեղր (1։2), 1 ամիս թրմեք հով տեղում, այդ ընթացքում մեղրը կլանում է ամբողջական հատապտուղների օգտակար նյութերը։ Կերեք 50-ական գ` օրը 3 անգամ, 100-200 մլ գոլ, թարմ կաթի հետ։ Շարունակեք 1 տարի։ Բուժման ընթացքը պետք է համաձայնեցվի և վերահսկվի բժշկի կողմից։

Ավանդական և ժողովրդական բժշկության մեջ մեծ կիրառություն ունեն չիչխանի հյութը և ձեթը։

Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել
«Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և
«Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս