Կիվի. «Ճառագայթող աստղապտուղը» պայծառացնում է տեսողությունը (տեսանյութ)
Կիվին ակտինիդիաների ընտանիքին պատկանող բույս է։ Ակտինիդիաները թփանման լիանաներ են, որոնք ոլորվելով հենարանի շուրջը, կարող են բարձրանալ 8 մ և ավելի բարձրության վրա։ Հետաքրքիր է, որ «ոլորումը» կատարվում է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ, իսկ որպես առանցք կարող է ծառայել նույնիսկ նույն ծառի հանդիպակաց ճյուղը, և այդ դեպքում ստացվում է շատ ամուր հյուսվածք։ Բոլոր տեսակի ակտինիդիաներն ունեն ևս մեկ ընդհանրություն` անկախ գույնից և չափից, իգական ծաղիկները նման են ճառագայթող աստղի (աստղ=actis, actinus=ճառագայթ, edos=նման), այդ պատկերը կրկնվում է նաև ակտինիդիաների պտուղներում։ (Ինչպես ասում են` փայլելու դերը տրվում է կանանց)։
Ակտինիդիաների մոտ 30 տեսակներ հանդիպում են Արևելյան Ասիայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառը կլիմայական գոտիների անտառներում։ Հեռավոր Արևելքում աճող ակտինիդիաների տեսակները` կոլոմիկտա, արգուտա, ջերալդի և այլն, մշակվում են այգիներում, որպես դեկորատիվ և պտղատու բույսեր, կոլոմիկտայի պտուղները մանր են (1-3,5 գրամ), արտաքին տեսքով նման են կոկռոշենու, համով և բուրմունքով հիշեցնում են խնձորի և անանասի խառնուրդը, կեղևը հարթ է` առանց մազիկների։ Չինաստանի անտառներում աճող տեսակներից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ակտինիդիա չինականը (Actinidia chinensis) և ծիրանագույնը ( A. purpurea), որոնց պտուղներն ավելի խոշոր են (30 գ և ավելի)։ Ակտինիդիա ծիրանագույնի մակերեսը հարթ է, իսկ կեղևը և պտղամիսը ծիրանագույն են` նույն երանգով։ Որոշ պատմական փաստեր Մեզ համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում ակտինիդիա չինականը կամ նույն ինքը` ա. աղանդերայինը (A. deliciosa)։ Այս բույսը հայտնի է դարձել աշխարհին 20-րդ դարում. 1906թ. այն բերվել է Նոր Զելանդիա, իսկ 1930թ.-ից սկսել է արտահանվել բավականին մեծ ծավալներով։ Նոր Զելանդիա կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում։ 10-րդ դարից սկսած բնակեցվել է Պոլինեզիայից ներխուժած մաորի ցեղերի կողմից։ 1642թ. կղզին հայտնաբերել է հոլանդացի Տասմանը։ 1839թ. անգլիացիները հիմնադրել են Վելլինտոն բնակավայր-ամրոցը։ 1843-1872թթ. տեղի են ունեցել անգլո-մաորիական պատերազմները։ 1907թ. երկիրը ստացել է բրիտանական դոմինիոնի կարգավիճակ, իսկ 1931թ.` լիարժեք անկախություն։ Երկրի գերագույն ղեկավարն Անգլիայի թագուհին է, գերիշխող կրոնը` քրիստոնեությունը, պետական լեզուները` անգլերենը և մաորին։ Նոր Զելանդիան հարուստ է բնական ռեսուրսներով (երկաթ, պղինձ, կապար, ցինկ, ոսկի, քարածուխ, անտառներ), կան բազմաթիվ վերամշակող գործարաններ։ Երկրի գյուղատնտեսությունը մեխանիզացված է, զարգացած են անասնապահությունը և այգեգործությունը։ Մեծ ծավալների է հասնում կարագի (1-ին տեղը` աշխարհում), բրդի (2-րդ), պանրի և մսի (3-րդ) և կիվիի (2-րդ) արտահանումը։
Կիվի թռչունը Շատ հին ժամանակներում Նոր Զելանդիա կանաչ կղզու վրա մահաբեր հիվանդության համաճարակ է տարածվում։ Երկրի և երկնքի աստվածությունները հասկանում են, որ համաճարակի տարածումը կարող են կանխել միայն թռչունները, սակայն` պայմանով, որ նրանցից գոնե մեկը պետք է հրաժարվի լուսավոր երկնքից և ծառերի վրա գտնվող հարմարավետ տաք բնից ու բնակություն հաստատի խոնավ, ստվերաշատ երկրի վրա։ Միայն կիվի թռչունն է համաձայնվում զոհաբերել իր գույնզգույն փետուրները և թևերը` հանուն մարդկային ցեղի փրկության։
Կղզու բնիկները` մաորիները և նույնիսկ նորաբնակ եվրոպացիները (կղզու բնակչության մոտ 90 տոկոսը), խորապես հավատում են այս առասպելի իսկությանը և հաճախ իրենց կիվիներ են անվանում, իսկ թռչնին պատկերել են պետության զինանշանի վրա։ Իսկ ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ թռչունը.
- թևերը շատ կարճ են, մարմինը` մազածածկ, ոտքերը` շատ ուժեղ, շարժվելու համար իրեն օգնում են երկար բեղիկները,
- ունի լավ զարգացած հոտառություն` զգայարանը գտնվում է երկար կտցի վերջում,
- սնվում է հողի մակերեսի վրա և խորքում գտնվող միջատներով` խրելով կտուցը հողի մեջ,
- տեսակի զարգացման և պահպանման համար յուրաքանչյուր թռչնին անհրաժեշտ է մոտ 1 հա տարածք,
- կիվիների ամուսնական շրջանը մոտ 10 ամիս է, զույգվելուց հետո նրանք, որպես օրենք, չեն բաժանվում իրարից` մինչև կյանքի վերջ,
- կիվիի մոտ բացակայում է այլ թռչուններին բնորոշ կրծքոսկրը,
- հղիության ժամանակ էգն ուտում է սովորականից մոտ 3-4 անգամ շատ,
- հասունացած ձվի զանգվածը կազմում է «մայրիկի» քաշի 25-ից մինչև 30 տոկոսը,
- հյուծված էգը թուխս չի նստում, այդ պարտականությունը կատարում է որձը, նա 80 օր հոգ է տանում ձվի անվտանգության համար,
- կիվիի ձվի մոտ 60 տոկոսը բաղկացած է դեղնուցից, «նորածինը» սնվում է դրա մնացորդով,
- որպես օրենք` մայրն այլևս մոտ չի գալիս ճտին, իսկ հայրը մի քանի օր հեռվից հետևում է, թե արդյո՞ք «նորածինը» կարողանում է կողմնորոշվել նոր միջավայրում։
- Տարբերվում են կիվիների 5 տեսակներ, որոնք հիմնականում տարբերվում են գույնով։
- Ակտինիդիա չինականի պտուղն արտաքուստ նման է կիվի թռչնի մարմնին. հնարավոր է, որ հենց դա է դրդել նոր զելանդացիներին` մշակել այս բույսը։
Քիմիական բաղադրությունը Անգլիական ասացվածքը սովորեցնում է. «Օրը մեկ խնձորը վանում է հիվանդությունները»։ Փորձենք իմանալ, իսկ ի՞նչ օգտակար հատկություն ունի կիվիի մեկ պտուղը, որի զանգվածը մոտ 100 գ է։ Չմոռանանք նաև, որ, ի վերջո, կիվիի մշակույթի հեղինակները նույն բրիտանացիներն են։
Մեկ կիվին պարունակում է մոտ 0,8-1,1 գ սպիտակուցներ, 0,4-0,5 գ ճարպեր, 0,1-ական գ հագեցած և չհագեցած ճարպաթթուներ, 7-8 գ շաքարներ, 3,8 գ սննդային մանրաթել, 0,3 գ օսլա, 0,6 գ մոխիր, 2,5 գ օրգանական թթուներ։ Կալցիումի (34-40 մգ), մագնիումի (17-25 մգ), ֆոսֆորի (34 մգ) և կալիումի (300 մգ և ավելի) փոխհարաբերակցությունը բարենպաստ է այդ մակրոտարրերի յուրացման համար։ Կալիումի և նատրիումի (մոտ 5 մգ) հարաբերությունը այնպիսին է, որ կիվին նպաստում է աղերի հեռացմանը օրգանիզմից։ Կիվիում կան նաև օրգանիզմին անհրաժեշտ 6-րդ (քլոր-47 մգ) և 7-րդ (ծծումբ-15 մգ) մակրոտարրերը։ Կիվին պարունակում է մեծ թվով միկրոտարրեր` երկաթ (0,3-0,8 մգ` ըստ տարբեր հեղինակների), ցինկ (0,15-0,3 մգ), պղինձ (0,14 մգ), մարգանեց (0,1-0,2 մգ), բոր (0,1 մգ), ալյումինիում (0,8 մգ), ֆտոր (14 մկգ), մոլիբդեն (10 մկգ), կոբալտ (1 մկգ), յոդ և այլն։ Բոլոր ակտինիդիաների պտուղները հարուստ են C վիտամինով, առաջատարը կոլոմիկտան է (300-1000 մգ` 100 գ հումքի մեջ)։ Մեկ կիվիի մեջ պարունակվում է մոտ 90 մգ վիտամին C։ Հայտնի է, որ արցունքներում 30-50 անգամ ավելի շատ C վիտամին է պարունակվում, քան արյան մեջ։
Վիտամինի սակավությունը կարող է աչքի հիվանդություններից` կատարակտի առաջացման պատճառ դառնալ, իսկ լրացուցիչ չափաքանակները կարող են բուժել այս հիվանդությունը և թեթևացնել գլաուկոմայի ընթացքը։ Սակայն այսքանով չի սահմանափակվում «աստղային ճառագայթապտղի» օգտակարությունը` «աչքի լույսի» համար։ Կիվին պարունակում է նաև երկու յուրահատուկ կարոտինային նյութեր` լյուտեին և զեակսանտին, որոնք դասվում են թթվածին պարունակող կարոտինոիդների խմբի մեջ և ունեն շատ կարևոր առանձնահատկություն, որով տարբերվում են այլ կարոտինային նյութերից. լյուտեինը և զեակսանտինը կլանում են արևի ճառագայթների կապույտ սպեկտրի այն հատվածը, որն ագրեսիվ ազդեցություն ունի աչքի ցանցաթաղանթի վրա։ Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ այդ կարոտինոիդներով հարուստ մթերքների կանոնավոր ընդգրկումը սննդակարգում նվազեցնում է գլաուկոմայի առաջացման հավանականությունը 50 տոկոսով (կերեք նաև սպանախ, բրոկկոլի, դդում, եգիպտացորեն, նարնջագույն քաղցր պղպեղ, ձվի դեղնուց)։ Կիվին պարունակում է նաև բետա-կարոտին, վիտամիններ A, B1, B2, նիացին (B3), զգալի քանակությամբ պիրիդոքսին (B6-մինչև 0,63), ֆոլիաթթու (B9-25 մկգ), և վիտամին E։ Վիտամին B6-ի հանդեպ մարդու օրգանիզմի պահանջը 2-3 մգ է (առաջատարը տավարի լյարդն է` 0,9 մգ` 100 գ հումքի մեջ։ Պարունակվում է նաև ընկույզում` 0,685 գ, բանանում` 0,34 մգ, ձկնեղենում` 0,39 մգ, ոչ ճարպոտ մսի մեջ` 0,3 մգ, և այլն)։ Վիտամին B6-ի դերն օրգանիզմում անչափ մեծ է, պարզվել է, որ դրա սակավության դեպքում կարող են առաջանալ թվով 120-ի հասնող առողջական խնդիրներ։
Վիտամինի մոտ 15 տոկոսը տրոհվում է` սառեցնելու, 70 տոկոսը` եփելու, 90 տոկոսը` պահածոյացնելու դեպքում։ B6-ի յուրացման համար անհրաժեշտ է B2 վիտամին, որի լավագույն աղբյուրներն են` նուշը, տավարի լյարդը, կաթնաշոռը և այլն։ Պիրիդոքսինը տրոհում է սննդի մեջ պարունակվող սպիտակուցները. կիվին պարունակում է բույսին բնորոշ ֆերմենտ ակտիդին, որը կատարում է նույն աշխատանքը։ Պիրիդոքսինը մեծապես նպաստում է ճարպերի փոխանակման գործընթացին. կիվին պարունակում է նյութեր, որոնք նպաստում են ճարպերի «այրմանը» և կոլլագենի գոյացմանը։ Կիվին պահանջված հումք է գեղարարության մեջ։ Կիվիի օգտակար հատկությունները Կիվին լավացնում է նյութափոխանակությունը, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը` ծանրաբեռնված մտավոր և ֆիզիկական աշխատանքի դեպքում։ Կարգավորում և կայունացնում է սրտի գործունեությունը կանխարգելում է հիպերտոնիայի և սրտի անբավարարության առաջացումը և զարգացումը։ Ունի ազդեցիկ հակաօքսիդանտ հատկություն, նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը, ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում է արյունատար անոթների և մազանոթների ամրացմանը, նվազեցնում է աթերոսկլերոզի և տրոմբոֆլեբիտի առաջացման վտանգը։ Հեռացնում է օրգանիզմից վնասակար նյութերը, միզաթթուն, կանխարգելում է քարերի առաջացումը երիկամներում։
Կիվին մեր սննդակարգում Հայտնի է, որ մթերքի գույնը և դրա բուժիչ հատկությունները որոշակի կապ ունեն միմյանց հետ.
- սպիտակ գույնն ունի հանգստացնող, հականեխիչ, օրգանիզմի թույները հեռացնող հատկություն,
- կանաչը պարունակում է ուղեղը սնուցող նյութեր, նպաստում է դիմադրողականության բարձրացմանը, ունի առույգացնող հատկություն։
– դեղինը կարգավորում է մարսողությունը, լավացնում ախորժակը, մաքրում արյունը, սնում օրգանիզմը կենսաէներգիայով։ Կիվին շատ լավ է համադրվում մսեղենի, պանրի, ձկնեղենի հետ։ Առավոտյան խորհուրդ է տրվում համեմել վարսակի շիլան 1 կիվիով։ Որոշ սրտաբաններ խորհուրդ են տալիս ասպիրինը փոխարինել կիվիով։ Կերեք օրը 2-3 կիվի` ուտելուց առաջ, շարունակեք 1-1,5 ամիս։ Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար` մանր կտրատած կիվիի պտուղը խառնեք մածունի հետ, կերեք օրը 1 անգամ։ Համեղ, օգտակար և արդյունավետ միջոց է։ Կիվիի պտուղները խորհուրդ է տրվում պահել սառնարանի մեջ, իսկ որպեսզի խակ պտուղը հասունանա` անհրաժեշտ է այն դնել պարկիկի մեջ` բանանի կամ նարնջի հարևանությամբ։ Զգուշացում։ Հայերը հազարամյակներ շարունակ ապրել են իրենց բնօրրանում, սնվել այդ վայրին բնորոշ բնամթերքներով, որոնք գենետիկորեն տարբեր են ներմուծվող տարաշխարհիկ պտուղ-բանջարեղենից։ Նորամուտ սննդամթերքը կարող է նաև ալերգիկ ռեակցիաներ առաջացնել` նույնիսկ կիվիի դեպքում, որը պարունակում է հակամանրէ և հակաալերգեն միացություններ։ Կիվին այն հազվադեպ հանդիպող բույսերից մեկն է, որը չունի վնասատուներ. բացառությամբ` կատվից, նա ուտում է մատղաշ ծիլերը։
Գեղարարություն
Կիվին բավականին օգտակար մթերք է նաև գեղարարական տեսանկյունից, քանի որ ունի հրաշալի մաքրող հատկություններ և հարուստ է օգտակար նյութերով` վիտամիններ, միկրո և մակրոտարրեր։ Պիլինգ. Տրորեք պտղամիսը, քսեք մաշկին, 15 րոպեից մաքրեք անձեռոցիկով և լվացեք գոլ ջրով։ Սնուցող դիմակ. Ազատեք կեղևից, տրորեք մեկ կիվի և կես բանան, խառնեք 2 ճ/գ մածունի կամ բնական յոգուրտի հետ։ 20 րոպեից լվացեք գոլ ջրով։ Խոնավացնող. Տրորեք մեկ կիվիի պտղամիսը, խառնեք 2 ճ/գ սնուցող կաթնաշոռի հետ, 20 րոպեից լվացեք գոլ ջրով։ Դիմակը հատկապես օգտակար է ձմռանը (երբ այդ պտուղը հայտնվում է շուկայում), քանի որ պաշտպանում է սառը օդի և քամու ազդեցությունից։ Կա կարծիք, որ կիվիի դիմակը պաշտպանում է համակարգչի (և այլ կենցաղային տեխնիկայի) ճառագայթման չորացնող ազդեցությունից։ Տեսանյութը՝ հեղինակի
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: