«Պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք»
«Իրատես de facto» թերթի լրագրողի հետ զրույցում այս մասին ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս այն կարծիքին է, որ այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականությունը ածանցյալ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից:
«Թվացյալ ներքաղաքական անդորրը, կարծես թե, հնարավորություն էր տալիս մեր իշխանություններին արտաքին քաղաքական դաշտում ազատ մանևրելու: Բայց ինչքան էլ փորձենք անտեսել Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակը, սոցիալական ծայրահեղ բևեռացվածությունը, իշխանություն-հասարակություն կապի իսպառ բացակայությունը, միևնույն է, ենթագիտակցական մակարդակում այդ երևույթները թելադրող դեր են կատարում մեր իշխանությունների գործողություններում, և պատահական չէ, որ իշխանությունը ջղագրգիռ իրավիճակում կատարում է անկանխատեսելի գործողություններ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում:
… Ուշադիր հետևելով այն իրողություններին, որ վերջին տարիներին տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, ու ընդունել այն կեցվածքը, որով այսօր հանդես են գալիս իշխանության ներկայացուցիչները, անհասկանալի է: Ես չեմ ուզում ավելի վատ գնահատականներ տալ, բայց Դուք ուշադի՛ր նայեք հենց Ձեր կյանքին, Ձեր հարևանների կյանքին, Ձեր բարեկամների կյանքին, Ձեզ ծանոթ ամենափոքրիկ չինովնիկի կյանքին, մտեք նրանց դրության մեջ, անկեղծորեն քննարկեք, ու շատ ավելի խտացրած գույներով կներկայացնեիք մեր իրավիճակը, բայց կա, ներող եղեք, հացի խնդիր»,-ասել է Իսագուլյանը:
Լրագրողի հարցին, թե ո՞րն է ելքը, Գ. Իսագուլյանը պատասխանել է.
«Միմիայն հեղափոխությունը` կամ վերևից, որը կլինի անցավ ու ցանկալի, կամ ներքևից, որը, եթե չլինի առաջինը, անխուսափելի է ու ցավոտ: «Беспредел»-ը, որը նույնիսկ հայեցի տարբերակը չունի և որն այսօր առկա է Հայաստանում, հարկավոր է կանգնեցնել: «Նորաթուխ մանկիկներին», «շոֆերներին», «բազարչիներին» իշխանություն տալով` երկրում լուրջ բարեփոխումներ հնարավոր չէ անել: Հարկավոր են հայրենասեր մարդիկ, հայրենիքը սիրող մարդիկ, այլապես ամեն մի ելույթ ունեցող` սկսած վարչապետից, վերջացրած իշխանության վերջին սպասավորով, իր ելույթը սկսում է` «Կատարելով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը` մենք արեցինք…» սա, նա, մյուսը: Այսինքն` ստացվում է, որ մեր երկրի բոլոր ձախողումների հիմնական հանձնառուն և հանձնակատարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Ուստի ես դիմում եմ նախագահին` ասելով՝ պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք:
Ինձ շատ մտերիմ մարդկանցից մեկը վերջերս ինձ Ավետարանից «Անառակ որդու վերադարձը» առակն էր մեկնում, ուսանելի է:
Կարդացե՛ք ևս մեկ անգամ ու վերադարձե՛ք…»: