«Ես առաջին անգամ եմ լսում նման գնահատական». ֆինանսների նախարարը՝ «կաղ ու թոփալ» բյուջեի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն, ինչպես տեղեկացրել ենք, հայտարարել էր, որ 2014թ.-ի պետական բյուջեի եկամտային մասը փաստաթղթում կազմում է ընդամենը վեց տող: 168.am-ը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, ինչպես կմեկնաբանի պատգամավորի հայտարարությունը: Ի պատասխան՝ Դավիթ Սարգսյանն ասաց. «Ես երեկ էլ ասացի, որ մեկ էջ չէ: Հ. Բագրատյանն այսօր ասաց, որ վեց տող է, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Բոլորդ էլ կարող եք վերցնել պետական բյուջեի 3800 էջանոց փաթեթը ու նայել, թե քանի՞ տասնյակ էջ է կազմում եկամտային մասը»: Մեր հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ բյուջեի եկամտային մասը, ինչպես Հ. Բագրատյանն էր նկատել, «կաղ ու թոփալ է», նախարարն այսպես արձագանքեց. «Ես առաջին անգամ եմ լսում նման գնահատական, բայց կարող եմ վստահեցնել մեկ բան՝ կարող ենք ձեզ ցույց տալ էջ առ էջ, այնտեղ կանխատեսումը կա, եթե հիշում եք այլ պատգամավորները, որ հարցեր էին տալիս, ինձ ցիտում էին, բա անտեղից էին չէ՞ օգտվում»: Իսկ թե ինչու է Բագրատյանը շարունակում պնդել, որ եկամտային մասը մեկ էջի ծավալներից փոքր է անգամ, Դավիթ Սարգսյանը դժվարացավ պատասխանել և հորդորեց դիմել պատգամավոին: «Իրեն հարցրեք, թե ինչու է նման բան անում»,- նշեց նա՝ ափսոսանք հայտնելով, որ բյուջետային քննարկումների ժամանակ Հ. Բագրատյանը բացակայում էր:

Տեսանյութեր

Լրահոս