
Վրացական կողմը շարունակում է պնդել, որ Հայաստանից ներկրված կարտոֆիլը վարակված է եղել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը պնդում է, որ վարակված կարտոֆիլը երկիր է բերվել Հայաստանից, ինչը հաստատում են լաբորատոր հետազոտությունները:
Ավելի վաղ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հայտարարել էր, որ Հայաստանից Վրաստան արտահանված կարտոֆիլը չի եղել վարակված, ինչի մասին վկայել է Հայաստանում անցկացված լաբորատոր փորձաքննությունը:
Դրա հետ կապված՝ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունն այսօր հայտարարել է. «Վարակված կարտոֆիլի խմբաքանակները հայտնաբերվել են «Սադախլո», «Գեգուտի» և «Նինոծմինդա» մաքսային անցակետերում:
Ընդգծում ենք, որ այդ անցակետերով այլ երկրներից կարտոֆիլի ներկրում չի իրականացվել, դրա համար էլ իրականությանը չի համապատասխանում այն հայտարարությունը, թե վարակված կարտոֆիլը չի արտահանվել Հայաստանից»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վրաստանը Հայաստանին հետ է վերադարձնելու նրանից ներկրած 470.070 կիլոգրամ կարտոֆիլը: Վարակված կարտոֆիլը Հայաստանից Վրաստան է բերվել հոկտեմբերի 27-31-ին՝ 20 բեռնատարով: