
Աշխարհի ամենաթանկարժեք ադամանդը ժնևյան աճուրդում վաճառվել է ավելի քան 74 միլիոն դոլարով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ժնևում անցկացված Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է 59.6 կարատ քաշով վարդագույն ադամանդ: Վերջինս վաճառվել է 68 միլիոն շվեյցարական ֆրանկով (74.1 միլիոն ամերիկյան դոլար):
Դրանով իսկ այն դարձել է երբևէ աճուրդի հանված ամենաթանկարժեք քարը: Նրա սկզբնական արժեքը գնահատվել է 60 միլիոն դոլար, աճուրդը տևել է ընդամենը 5 րոպե: Թանկարժեք քարի նոր տերը գտնվել է սրահում, սակայն նրա անունն անհայտ է: