Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել Էրդողանի սկանդալային հայտարարությունը
Cyprus Daily թերթի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը նախընտրել է չմեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որ «գոյություն չունի» Կիպրոս անվանմամբ պետություն: Դա զայրույթի ալիք էր բարձրացրել Կիպրոսի Հանրապետությունում և Հունաստանում:
Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն բավարարվել էր չեզոք հայտարարությամբ. «Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում այդօրինակ հայտարարությունները կամ էլ ԶԼՄ-ների կողմից դրանց մեկնաբանությունները, քանի որ դա կարող է վնասել բարիդրացիական լավ հարաբերություններին ու տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը»:
Նշվում է, որ Էրդողանն իր այդ հայտարարությունն արել է կիրակի, Լեհաստանում՝ ներկայացնելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին առկա դժվարությունները. «Գոյություն չունի Կիպրոս անվանմամբ երկիր: Կա տեղի վարչակազմ Կիպրոսի հարավում: Սակայն կա նաև Հյուսիսային Կիպրոս և «կանաչ գիծ» (ՄԱԿ-ի բուֆերային գոտին)»:
Հիշեցնենք, որ Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»: