
2013 թվականն ընդգրկվելու է ամենաշոգ տարիների տասնյակում

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 2013 թվականը մտնելու է ամենաշոգ տարիների տասնյակի մեջ՝ այն պահից սկսած, երբ 1850 թվականին սկսվեցին պարբերաբար իրականացվել դիտարկումներ: Այս մասին հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը:
Վերջինիս ղեկավար Միշել Ժարոն հայտարարել է, որ դա վկայում է գլոբալ տաքացման մասին, որի ազդեցությունը ցամաքի ու ջրի վրա արդեն իսկ ակնհայտ է՝ երաշտների, ջրհեղեղների, տեղումների չափազանց առատության տեսքով:
Նա հավելել է, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը հասել է ռեկորդային նոր բարձրության, ինչը հանգեցնում է աղետների աճին: Դա նաև վերաբերում է թայֆուններին, ինչպիսին որ Ֆիլիպիններին ու Վիետնամին հարվածած «Հայանն» է:
Վերջին 20 տարիներին Համաշխարհային օվկիանոսի մակարդակը Ֆիլիպինների շրջանում աճել է 3-4 անգամ ավելի արագ, քան՝ գլոբալ մասշտաբով: Եթե աշխարհում ծովի մակարդակի բարձրությունը կազմել է տարեկան 3 միլիմետր, ապա տվյալ շրջանում՝ 12 միլիմետր: Միշել Ժարոն ընդգծել է, որ ծովերի ու օվկիանոսների մակարդակը շարունակելու է աճել՝ կապված սառցադաշտերի հալվելու հետ: