Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժածների փաստաբան. Հանկարծակի լույսեր են երևացել, ու բախումը…

Հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանը «BMW-320» մակնիշի ավտոմեքենայով բախվեց «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդ Ա.Հակոբյանը, նրա եղբայր Հայկ Հակոբյանը և նրանց երեխաները` Էդվարդ, Տաթևիկ, Էմմա, Էդգար Հակոբյանները, ինչպես նաև Վարդան Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Էդգար Հակոբյանը մահացել էր, իսկ Էդվարդ Հակոբյանը մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Փաստի առիթով հարուցված քրեական գործում Վարդան Պետրոսյանը մի քանի օր առաջ ներգրավվել է՝ որպես մեղադրյալ: Դատարանը որոշում է կայացրել՝ բավարարել Վ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը: Գործով տուժողների ներկայացուցիչը Մարատ Գինոսյանն է: Այսօր նա պատասխանել է 168.am-ի հարցերին:

– Պարո´ն Գինոսյան, Տաթևիկ Հակոբյանը դեռևս բժշկական կենտրոնում է: Բժիշկներն ինչպե՞ս են գնահատում նրա առողջական վիճակը:

– Տաթևիկը դեռ հիվանդանոցում է: Մեկ անգամ վիրահատություն է կատարվել: Հիմա պետք է սպասեն՝ որոշ ամիսներ, ժամանակ անցնի, որպեսզի տեսնեն՝ երկրորդի անհրաժեշտությունը կա՞, թե՞ չկա:  Այս պահին այդքանը կարող եմ ասել: Տարբեր աստիճանների կոտրվածքներով պառկած է երեխան:

– Խոսվում էր այն մասին, որ պարզ չէ՝ Տաթևիկը կքայլի՞, թե՞ ոչ: Բժիշկներն այդ մասին ոչինչ չե՞ն ասում:

Կարդացեք նաև

– Այս պահին՝ ոչ, որովհետև հնարավոր է՝ երկրորդ վիրահատության անհրաժեշտություն առաջանա: Դա կախված է հետագայից, թե ինչպես կլինի առաջիկայում հետվիրահատական շրջանը:

– News.am-ի հետ զրույցում ասել էիք, որ, մեղադրյալ Վարդան Պետրոսյանի մեղավորությունը տեսնում եք նրանում, որ «նա արագ է եղել»: Փորձաքննությունը տվե՞լ է պատասխանը՝ ինչ արագությամբ է ընթացել Վ. Պետրոսյանի ավտոմեքենան:

Արագությունը ստույգ չի նշել, բայց արագության գերազանցում անպայման կա: Փորձաքննության եզրակացությունն այդպիսի եզրահանգման է եկել, որ արագության գերազանցում կա: Փորձաքննության եզրակացությունը պարտադիր է, բայց երբ նայում ենք, թե բախման հետևանքով ինչ վնաս է պատճառվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, արդեն ակնհայտ է դառնում, որ դա միայն արագության, արագ ընթանալու հետևանքով կարող է այդպես լինել: Ուղղակիորեն մխրճվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասից: Ու դա է եղել երկու հոգու մահվան պատճառը և մնացածների վնասվածքների պատճառը: Ինչի՞ մասին է խոսքը:

– Պարո´ն Գինոսյան, Դուք նախնական պատկերացում ունե՞ք՝ ինչպես է տեղի ունեցել վթարը:

Այո´, պատկերացում ունեմ: «Նիվա» մակնիշի մեքենան կանգնած է եղել կողնակում՝ «обочина»: Մի անիվն անգամ կես մասով կամ սանտիմետրով երթևեկելի գոտում չի եղել: Նման պայմաններում ինչպե՞ս կարող է մեղք չլինի, երբ կողնակում կանգնած մեքենային գնում, բախվում ես, կամ… Այդքանը կարող եմ ասել: Այսինքն՝ դա արագ երթևեկելու հետևանք է:

– «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում 6 ուղևոր է եղել, ինչը դիտվում է՝ որպես խախտում: Դա կարող էր խոչընդոտել վարորդի՝ ետնամասը տեսնելուն…

Նախ՝ վեց հոգու ետևում նստեցնելը պատճառահետևանքային կապ չի տալիս վթարի հետ: Այստեղ մենք պետք է վերցնենք պատճառը, հետևանքը, պատճառահետևանքային կապը: Դա՝ մեկ: Երկրորդը՝ բացարձակ «Նիվա» մակնիշի մեքենան հետընթաց շարժում չի կատարել: Նա կանգնած է եղել: Եթե հետընթաց շարժում կատարած լիներ, ու ձեր ասած՝ խոչընդոտը լիներ, ետևը տեսանելի չլիներ, դա ուրիշ բան: Բայց «Նիվան» հետընթաց գործողություններ չի կատարել: Իսկ չորս հոգու ետևում նստեցնելը, նորից եմ կրկնում, հետևանքի հետ բացարձակապես կապ չունի: Ինքը խախտե՞լ է կարգը, ասենք՝ պետք է նստեցներ երեք հոգու, նստել են չորս հոգի, թող ինքը դրա համար ենթարկվի վարչական պատասխանատվության: Ուզում եմ ասել՝ դա տվյալ վթարի, տվյալ ողբերգության հետ բացարձակ կապ չունի:

– Պարո´ն Գինոսյան, իսկ «Նիվայի» տեխնիկական վիճակն ինչպիսի՞ն է եղել, այն ամբողջությամբ սարքի՞ն է եղել:

Ըստ «Նիվայի» վարորդի՝ ինչ-որ մեքենան լավ քաշ չի ունեցել, այսպես ասեմ, շարժիչը: Կանգնել է, որպեսզի ստուգի, տեսնի՝ ի՞նչն է պատճառը: Մի երկու անգամ գազ է տվել՝ շարժիչի աշխատանքը ստուգելու համար, ու այդ պահին չի էլ հասցրել, որպեսզի շարժվի: Հանկարծակի լույսեր են երևացել, ու բախումը… վայրկյանների ընթացքում:

– Իսկ «Նիվայի» ետևի լույսերը վառ եղե՞լ են այդ ընթացքում:

Վառ եղել են: Ե´վ ետևի լույսներն են վառ եղել, և´ շարժիչն էլ աշխատանքի մեջ է եղել՝ փորձելու, ստուգելու համար:

– Այս ընթացքում քննիչի գործողությունների մասին արդեն Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացարկ է հայտնել քննիչ Հայկ Հակոբյանի դեմ: Դուք ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը:

Դեռ բոլոր հանգամանքներն ինձ պարզ չեն, որովհետև դրանք նախաքննական տվյալներ են: Այն, ինչ կապված է փորձաքննությունների հետ, դրանց տեղյակ եմ: Նախաքննական մարմինն ապացույցները ձեռք է բերել, հիմնավոր է համարել, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար ներկայացրել է համապատասխան միջնորդություն դատարանին:

Ես գտնում եմ, որ նախաքննական մարմինը որևէ սխալ, որևէ խախտում, որևէ թերացում չի կատարել: Ընդամենը տուժողները տվել են ցուցմունքներ, եղել է նաև փորձագետի եզրակացությունը, և դրանք հիմք են հանդիսացել, որպեսզի այդ պայմաններում ներկայացվի միջնորդություն՝ խափանման միջոց կիրառելու համար:
Սա պետք է դիտել զուտ հանրային շահերից: Չպետք է մասնավորեցնել և չպետք է անձնավորել զուտ Վարդան Պետրոսյան անձը: Հանրային շահերը պետք է առաջնային լինեն: Դա կարող էր պատահել ցանկացած անձի հետ, այդ թվում՝ փորձառու վարորդի հետ, որն իր մասնագիտությամբ ընդամենը վարորդ է:

Բոլորը հավասար են օրենքի առաջ, և այդ սկզբունքը չպետք է խախտվի՝ անկախ նրանից՝ Վարդան Պետրոսյա՞նը կլինի, թե՞ սովորական, հասարակ վարորդ կամ շինական: Ուզում են մասնավորեցնել, անձնավորել, բայց այդպես չէ, այդպես չի կարելի: Փաստերը չպետք է խեղաթյուրել: Փաստական հանգամանքները, որոնք կան, չպետք է խեղաթյուրվեն: Պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի նախաքննական մարմինը ձեռք բերի բոլոր ապացույցները: Ի վերջո, դատարանն է որոշում մարդու անմեղության և մեղավորության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս