Քաղաքական գործիչները չպետք է խանգարեն վրացի և ռուս ժողովուրդների հարաբերություններին. Մարգվելաշվիլի

Ռուսական «1-ին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման խնդրին.

«Քաղաքական գործիչները չպետք է խանգարեն երկու ժողովուրդների միջև հարաբերություններին, պետք է ստեղծվի ֆոն, որի դեպքում բիզնեսը, մշակութային ու ազգակցական կապերը կտան իրենց արդյունքը:

Մենք արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկել երկու երկրների միջև լարվածության վերացման ուղղությամբ՝ կառավարության հատուկ ներկայացուցիչ նշանակելով Զուրաբ Աբաշիձեին, ինչպես նաև համաձայնվելով մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին: Վրացական շուկան բաց է ռուս գործարարների համար:

Վրացական մթերքը վերադառնում է ռուսական շուկա, և դա շատ դրական է: Սակայն մենք դեռ նոր ենք ստեղծում ձևաչափ: Մենք հնարավորություն ենք ստեղծում ռուս գործարարների համար՝ Վրաստանում՝ որպես ապագայում Եվրոպայի հետ ազատ առևտրային հարաբերություններ ունեցող երկրում, ներդրումներ կատարելու համար»:

Անդրադառնալով Վրաստանի եվրաինտեգրման խնդրին՝ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը միայն կօգտվի դրանից:

Տեսանյութեր

Լրահոս