ԿԺԴՀ-ում մանր իրավախախտումների համար մահապատժի է ենթարկվել մոտ 80 մարդ. մամուլ
Հարավկորեական JoongAng Ilbo թերթի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԿԺԴՀ-ի մի շարք քաղաքներում իրականացվել են զանգվածային մահապատիժներ: Այս մասին թերթին հայտնել է ԿԺԴՀ-ի ՆԳՆ-ում նրա իրազեկ աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ ընդհանուր առմամբ, մահապատժի է ենթարկվել մոտ 80 մարդ:
Այդ բոլոր մահապատիժներն իրականացվել են նույն օրը՝ նոյեմբերի 3-ին, երկրի 7 քաղաքներում՝ բացառությամբ մայրաքաղաք Փհենյանից: Թերթն ընդգծում է, որ բոլոր մահապատիժներն իրականացվել են հրապարակավ, իսկ քաղաքներից մեկում դա իրականացվել է մարզադաշտում, երբ դրան ներկա են գտնվել մոտավորապես 10.000 մարդ՝ ներառյալ երեխաներ:
Աղբյուրի խոսքերով՝ բռնություններ կիրառելու համար հիմք են ծառայել մանր իրավախախտումները, ինչպիսիք են հարավկորեական ֆիլմեր նայելն ու տարածելը, պոռնոգրաֆիայի տարածումը և Աստվածաշունչ ձեռք բերելը: Թերթն ընդգծում է, որ մահապատիժների այդ քանակն ամենամեծն է՝ ԿԺԴՀ-ում գործող առաջնորդ Կիմ Չեն Ինի իշխանության սկսվելուց ի վեր: