Թուրքիան ու Իրաքը նոր էջ են բացել երկկողմ հարաբերություններում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իրաքը նոր էջ են բացել երկկողմ հարաբերություններում և վերադարձ են կատարել քաղաքական երկխոսության ու կոորդինացմանը: Այս մասին երեկ Բաղդադում անցկացրած հանդիպման արդյունքներով հայտարարել են Թուրքիայի ու Իրաքի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն ու Հոշիյար Զիբարին:

Զիբարիի խոսքերով՝ իրենք համաձայնեցրել են երկկողմ հարաբերությունները նորմալ հունով ընթանալուն վերադարձ կատարելուն միտված «ճանապարհային քարտեզը»: Բացի այդ, որոշում է ընդունվել վերսկսել միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Զիբարին ընդգծել է, որ Իրաքի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասնում է 12 միլիարդ դոլարի, որով և Թուրքիան հանդիսանում է Իրաքի առևտրային խոշորագույն գործընկերը: Զիբարին հավելել է, որ Դավութօղլուի հետ քննարկել է նավթի, էներգետիկայի, գյուղատնտեսության ու երկաթուղային հաղորդակցության ոլորտի հեռանկարային նախագծերի հարցը:

Դրա հետ մեկտեղ նա մատնանշել է, որ Բաղդադն ու Անկարան տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի հարցի շուրջ. «Թուրքիան աջակցում է սիրիական ընդդիմությանը: Իրաքը կապեր է պահպանում թե՛ ընդդիմության, թե՛ Բաշար Ասադի կառավարության հետ: Դրանով իսկ առկա է համատեղ համագործակցության դաշտ»:

Տեսանյութեր

Լրահոս