Հովիկ Աբրահամյանը հորդորել է ինքնասպան չլինել

«168 Ժամ» թերթում տպագրված՝ «Թոշակառուն Հովիկ Աբրահամյանին մինչև ամսի 5-ը ժամանակ է տվել» վերնագրով հրապարակմանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ թոշակառու Ռիմա Թալանչյանն ԱԺ նախագահին նամակ էր գրել՝ պահանջելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը քննարկելու փոխարեն` վերանայել կենսաթոշակների բարձրացման հարցը: Վերջինս, մասնավորապես, նամակով հարց էր բարձրացրել, թե՝ ինչո՞ւ են մեր պետական այրերը թոշակների բարձրացման հարցը պատճառաբանում բյուջեում գումար չլինելով, այն դեպքում, երբ պետական պաշտոնյաների աշխատավարձերի համար այդ գումարն, այնուամենայնիվ, բյուջեում կա: Նա ներկայացնելով իր ծայրահեղ վատ վիճակը` ԱԺ նախագահին տեղեկացրել էր, որ՝ «Եթե մինչև ամսի 5-ը իմ նամակին չարձագանքեք՝ սպանելու եմ հոգեկան հիվանդ տղայիս և ես էլ ինքնասպանություն եմ գործելու, որի համար դուք եք մեղավոր լինելու»: Մեր թերթում Ռ. Թալանչյանի արդարացի դժգոհությունները լուսաբանելու հաջորդ օրը Ռ. Թալանչյանի տուն են այցելել Հ. Աբրահամյանի ներկայացուցիչները:

«Ասացին՝ Հովիկ Աբրահամյանն է ուղարկել: Ես հիվանդ պառկած էի, տունն էլ՝ սարսափելի ցուրտ: Ասացին՝ Հովիկ Աբրահամյանին նամակը դեռ չէր հասել, դրա համար չէր արձագանքում: Նրա կողմից ինձ 100.000 դրամ տվեցին և ասացին, որ նա հորդորել է նման ծայրահեղ քայլերի չգնալ, մանավանդ, որ թոշակները հունվար ամսից բարձրացնելու են:

Ես, իհարկե, հակադարձեցի, թե ինչքանո՞վ են բարձրացնելու, և մեր նման թոշակառուների կյանքը դրանից որքանո՞վ կփոխվի: Նորից պնդեցի իմ դժգոհությունը` կապված թոշակների վերանայման հետ: Ասացին, որ ԱԺ նախագահը խոստացել է գտնել մի բարերար, որը հետագայում էլ կօգնի: Ես նորից եմ պնդում, որ մեր թոշակառուները չպետք է գոյատևեն բարեգործների, առավելևս` օտարերկրյա կազմակերպությունների հաշվին, որովհետև մենք արժանապատիվ ապրելու իրավունք ունենք: Ես, իհարկե, շնորհակալ եմ արձագանքելու համար, բայց ինձ նման հազարավոր տարեցներ կան, որոնք գերադասում են ինքնասպանություն գործել, քան բարեգործական ճաշարաններում սնվելով` խղճուկի պես ապրել»,- ասաց Ռ. Թալանչյանը, ով Հ. Աբրահամյանի ներկայացուցիչներին իր օրինակով մանրամասն ներկայացրել է 20.000 դրամ թոշակով ապրող տարեցների կյանքը:

Տեսանյութեր

Լրահոս