Թոշակառուն Հովիկ Աբրահամյանին մինչև ամսի 5-ը ժամանակ է տվել

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես` կենսաթոշակառուներին այնքան է վրդովվեցրել, որ վերջիններս դիմում են Հայաստանի երիտասարդությանը՝ խնդրելով բողոքի ակցիաների, միտինգների միջոցով պաշտպանել իրենց ապրելու իրավունքը:

«Եթե ի վիճակի լինեինք` դուրս կգայինք փողոց, բայց մեկս կաղում ա, մյուսս ճնշում ունի, մենք ծեր ենք, չենք կարողանում մեր բողոքն արտահայտել, ջահելներ ջան, ախր մեզ ո՞վ պիտի պաշտպանի, իշխանությունը սպիտակ ջարդ ա անում, մեր երկրի ծերերը սովամահ են լինում, իսկ սրանք գռփելով ու իրանց գրպանները լցնելով` չեն կշտանում»,- ասում են «168 Ժամ» թերթի խմբագրություն դիմած տարեցներն, ովքեր խնդրում են գոնե լրատվամիջոցների օգնությամբ իրենց ձայնը լսելի դարձնել:

65-ամյա Ռիմա Թալանչյանն, ով գոյատևում է 19.498 դրամ կենսաթոշակով, օրեր առաջ նամակ է գրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և մինչև նոյեմբերի 5-ը նրան ժամանակ է տվել նամակին արձագանքելու համար, հակառակ դեպքում՝ «Իմ տան մեջ սպանելու եմ 2-րդ կարգի հաշմանդամ, հոգեկան հիվանդ որդուս, այնուհետև ես եմ ինքնասպան լինելու»:

Եվ, քանի որ Ռ. Թալանչյանը վստահ է, որ ԱԺ նախագահն իր նամակը չի էլ կարդալու՝ խնդրում է թերթի միջոցով նրան հիշեցնել, որ մինչև նոյեմբերի 5-ը սպասելու է: «ԱԺ նախագահին գրել եմ, որ, եթե դուք՝ իշխանություններդ, հայտարարում եք, որ բյուջեում գումար չկա, ինչպե՞ս եք պատգամավորների, պետական պաշտոնյաների աշխատավարձը 100-200%-ով բարձրացնում, իսկ թոշակառուներինը՝ 15%-ով:

Հ. Աբրահամյանին շատ պարզ հարց եմ տվել՝ ինչպե՞ս ապրեմ 19.498 դրամով, երբ տանն ունեմ հաշմանդամ, որն էլ ստանում ա 15.000 դրամ: Պրն Աբրահամյան, այդ 34.000 դրամով մենք ինչպե՞ս ապրենք»,- ՀՀ ԱԺ նախագահին ուղղած նամակի մասին պատմում է Ռ. Թալանչյանը՝ հավելելով, որ իշխանությունները Հայաստանի տարեցներին դարձրել են մուրացկաններ, ովքեր իրենց գոյությունը «Կարմիր խաչի» բարեգործական ճաշարանների շնորհիվ են պահպանում: Նա խորհուրդ է տալիս մի օր շրջել բարեգործական ճաշարաններում և ականատես լինել, թե ինչ խղճուկ վիճակում են թոշակի հույսին ապրող` Հայաստանի տարեցները: Տիկինը հիշեցնում է, որ Հայաստանի տարեցներն այսօր ապրում են օտարերկրացիների բարեգործության շնորհիվ:

«Ամսի 25-ին ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին նամակ եմ ուղարկել, սակայն առայսօր պատասխան չկա: Ժամկետ եմ տվել, եթե մինչև ամսի 5-ը թոշակառուների հարցը չվերանայեն՝ սպանելու եմ տղայիս էլ, ինձ էլ: Հ. Աբրահամյանին զգուշացրել եմ, որ ամբողջ հեռուստատեսությունը, մամուլը ներկայացնելու է սպանություն, որի մեղավորը դուք եք լինելու: Այլևս ի վիճակի չենք ապրելու, ոչ կարողանում ենք կոմունալ ծախսերը հոգալ, ոչ էլ՝ հաց առնել»,- ասում է թոշակառու կինը՝ հավելելով, որ թոշակառուների մեծ մասը ձմռանն անկողնում է անցկացնում՝ գազի և էլեկտրականության վարձավճարներ չմուծելու համար:

«Ջահելներ ջան, օգնեք մեզ»
Jak AntwnjanԹոշակառու Ժակ Անտոնյանը խնդրում է խորհուրդ տալ, թե ո՞ւմ կամ ո՞ր կազմակերպությանը դիմեն թոշակառուները, որոնք ծերերի իրավունքների համար պայքարելու պատրաստակամություն կհայտնեն: Ժակ պապիկը խնդրում է քաղաքացիական ակտիվիստներին` կազմակերպել համաժողովրդական բողոքի ալիք, որին սիրով կմիանան այն տարեցները, ովքեր կարող են տեղաշարժվել:

«Մեզ ջահել առաջնորդողներ են պետք: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգներին շատ եմ մասնակցել, բայց ծերերին սպառնալը հեշտ ա, ասում էին՝ կտանք կջարդենք, հեռացի, ես էլ՝ ծեր մարդ, գնում էի, որ չհրեն` ընկնեմ-ջարդվեմ: Էլ չենք կարող այսպես ապրել, բալիկ ջան, դուք պիտի մեզ տիրություն անեք, մենք ծեր ենք` շատ բան չենք կարող անել»,- ասում է Ժակ պապիկը, ով 41 տարի քիմիական արտադրությունում առողջության համար խիստ վտանգավոր պայմաններում աշխատելով հանդերձ` ստանում է 40.000 դրամ: Ժ. Անտոնյանը նույնպես բազում դիմում-նամակներ է գրել պետական պաշտոնյաներին՝ ընդգծելով, որ մեր երկրի տարեցներն անարժանապատիվ կյանքով են ապրում, խնդրել է վերանայել սոցիալական քաղաքականությունը, սակայն տարեց այս մարդն այն հազարավորներից է, ում նամակներին արձագանքող այդպես էլ չի եղել:

ԱԺ-ում վերջերս քննարկված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն, ըստ Ժ. Անտոնյանի՝ իսկական ծաղրուծանակ է այն ծերերի հանդեպ, որոնց տասնյակ տարիներ խաբում են, թե` կենսաթոշակների բարձրացման համար բյուջեում գումար չկա: «Հայաստանի վերնախավ, էսօր թոշակառուներն անտանելի վատ վիճակում են, խիղճ ունեցեք, ախր դուք էլ ծնող ունեք»,- բարկացած ասում է Ժ. Անտոնյանը:

«Մի՛ զրկեք մեզ մեր կյանքից, մի՛ ոչնչացրեք մեզ»
RimaՌիմա տատիկը 24.000 դրամ թոշակով վճարում է հոսանքի, ջրի, հեռախոսի, աղբի վճարներն ու սոված նստում է: «Երկրի ղեկավարություն, մի՛ զրկեք մեզ մեր կյանքից, մի՛ ոչնչացրեք մեզ: Աստված մեզ ապրելու կյանք ա տալիս, իսկ դուք մեզ սպանում եք: 24.000 դրամը, որ տալիս եք ինձ մի ամիս ապրելու համար՝ դուք մի օրում եք ծախսում։ Ժողովրդի կեսը թագավոր ա, իսկ մնացածը սոված կոտորվում ա: Ախր, այ Սերժ, էս ի՞նչ ես անում, ես քո մոր տարիքի կնիկ եմ, էս ո՞նց ես կոտորում մեզ»,- լաց լինելով` բղավում է Ռիմա տատիկը, ում խոսքը շարունակելով` Եբրաքսիա Մելքոնյանը հիշեցնում է, որ 5 տարին մեկ անգամ թոշակները 1000 դրամով բարձրացնելուն զուգահեռ` ապրանքների գները կրկնակի, եռակի բարձրացնում են:

Eprksya MelqwnyanՄեր զրուցակիցներն ասում են, որ Ե. Մելքոնյանն այս էլ որերորդ ձմեռն է անկողնում անցկացնում, որպեսզի էլեկտրականություն չմիացնի և 24.000 դրամ թոշակի մի մասը վարձ չվճարի:

Ե. Մելքոնյանն ասում է՝ «Բալիկ ջան, ուշադիր նայի ինձ, դեմքս լավ հիշի, ես էս ձմեռը չեմ հանի: Ես էդ թոշակով անգամ մի ամսվա հաց ու չոր կարտոշկա չեմ հասցնում»:

Այնուամենայնիվ, մեր զրուցակից տարեցները խնդրում են ՀՀ նախագահին` գոնե մեկ անգամ մարդկային քայլ կատարել ու թակել մի քանի թոշակառուի դուռը՝ հասկանալու համար, թե մեր երկրի տարեցներն ինչպես են ապրում: Միաժամանակ նրանք ավելացնում են, որ ինչ էլ ասեն՝ խորոված-քյաբաբի մեջ ապրող մեր իշխանավորները չեն պատկերացնելու տարեցների անօգնական վիճակը:

«Ամոթ ա, ամոթ ա, երբ երկրիդ ծերերը սովամահ են լինում, իսկ ղեկավարությունն իր աշխատավարձն ա բարձրացնում»,- ասում է Ռիմա տատիկը՝ կրկին հիշեցնելով, որ իրենց աշխատավարձի մասին մտածող պաշտոնյաները նույնպես ծնողներ ունեն, մինչդեռ իրենք պաշտոնավոր զավակներ չունեն, թոշակի հույսին են:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս