Էմմա Ասատրյան. Մոնիկայի որոշման վրա ես ազդեցություն չեմ ունեցել, քանի որ այդքան էլ մրցույթներ չեմ սիրում
Նոյեմբերի 30-ին Կիևում տեղի ունենալիք «Մանկական Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանն, ինչպես հայտնի է՝ ներկայացնելու է 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ իր «Շոկո ֆաբրիկա» երգով:
Երգի ընտրության, մրցույթից ունեցած սպասելիքների մասին զրուցեցինք Մոնիկայի վոկալի ուսուցչուհի, «Շոկո ֆաբրիկա» երգի համահեղինակ Էմմա Ասատրյանի հետ:
– Էմմա, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր սանը որոշեց մասնակցել «Մանկական Եվրատեսիլ 2013»-ին: Դուք նրա որոշման վրա ազդեցություն ունեցե՞լ եք:
– Մոնիկա Ավանեսյանն արդեն 5 տարի հաճախում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ վոկալի դասերի: Մրցույթին մասնակցելու ցանկությունը երեխայի մոտ շատ մեծ էր: Մոնիկայի մայրը դիմեց ինձ, հարցրեց, թե ի՞նչ եմ կարծում՝ արժե՞ փորձել, Մոնիկան կկարողանա՞: Ես էլ ասացի` այո: Մինչ այդ Մոնիկայի համար գրել էի «Դաս չեմ անելու» երգը, որի հիման վրա տեսահոլովակ նկարահանվեց: Հենց այս երգից հետո էլ «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու որոշումը եկավ:
Մոնիկայի որոշման վրա ես ազդեցություն չեմ ունեցել, քանի որ այդքան էլ մրցույթներ չեմ սիրում, այդ թվում՝ «Մանկական Եվրատեսիլը»:
– Ինչպե՞ս ծնվեց երգի գաղափարը: Ինչո՞ւ Մոնիկայի հետ որոշեցիք երգ գրել հենց շոկոլադի մասին:
– Թե՛ իմ, թե՛ Մոնիկայի ցանկությունն այն էր, որ երգը սիրեն թե՛ բալիկները, թե՛ «մեծիկները»: Իսկ շոկոլադ, կարծում եմ, երկրագնդի գոնե 80-90%-ը սիրում է: Երգի ցանկությունն ու միտքը կայանում է հետևյալում. երկրագնդի վրա կան շատ բալիկներ, որոնք չունեն այն ամենը, ինչը ցանկանում են: Օրինակ՝ խաղալիքներ, շատ համեղ կոնֆետներ, պաղպաղակներ, շոկոլադ: Այս մեր հորինած «երկրում» բոլոր բալիկներն ունեն ֆաբրիկաներ. մեկը՝ խաղալիքների, մյուսը՝ պաղպաղակի, մերն էլ՝ շոկոլադի:
Նշեմ, որ երգը գործիքավորել է Մարտին Միրզոյանը, այնուհետև երգն ուղարկվել է Գերմանիա՝ ևս մեկ անգամ միքս և mastering անելու համար: Բեմադրությունն էլ կատարել է Վահան Բադալյանը:
– Արդեն երկրորդ անգամն է, որ Դուք՝ որպես համահեղինակ, մասնակցում եք «Մանկական Եվրատեսիլին»: Այս անգա՞մ ինչ սպասելիքներ կան:
– Այո, 2011 թվականին իմ աշակերտուհի Դալիթա Ավանեսյանը «Welcome to Armenia» երգով ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ վառ, գունավոր, պայծառ ու, ամենակարևորը՝ բնական, բարի ու մանկական էր: Այս անգամ մյուս աշակերտուհիս՝ Մոնիկա Ավանեսյանը, Հայաստանը կներկայացնի: Առհասարակ այս մրցույթից սպասելիքներ չեմ կարողանում ունենալ: Անուշ և Ինգա Արշակյանների մասնակցությունից հետո խելքս չի կտրում… քաղաքականությունից հեռու եմ: Կարծում եմ՝ կարևորն արժանապատիվ ելույթն է:
– Մի կարծիք եմ լսել, թե այս երգը շատ նման է տարիներ առաջ Վրաստանի՝ այս մրցույթին ներկայացրած «Candy Music» երգին: Ի՞նչ կասեք այս առումով:
– Այս հարցը վերջերս Մոնիկային տվեցին: Երգերի միջև նմանությունը երևի թե տեսնում են վերնագրերի կամ մտահղացման, «Շոկոլադային ֆաբրիկա» կամ «Կոնֆետի երաժշտություն» վերնագրերի մեջ: Իսկ ինչո՞ւ չեն հարցնում հայ և արտասահմանցի երգիչ-երգչուհիներին, թե ինչու են բոլորը սիրո մասին երգում: Ի վերջո, եթե հիշում եք, ամերիկացի ռեպեր 50 Cent-ը հայտնի դարձավ «Candy Shop» երգով: Այդ ժամանակ վրացական «Candy Music» երգի վերնագրի մեջ նմանություն չէին գտել… Բացի դա՝ կլինի կոնֆետ, շոկոլադ, պաղպաղակ թե խաղալիք… բա երեխաներն ինչի՞ մասին պետք է երգեն: Իհարկե, այս քաղցր ու մանկական բաների մասին, իսկ սիրո մասին դեռ կհասցնեն երգել:
– Որպես երգչուհի՝ «Շիկահեր և կարճատես կատու» երգից հետո ի՞նչ նորություններ սպասենք Ձեզանից:
– Ես այնքան եմ տարվել իմ աշակերտներով, գործերով, որ գրեթե մոռացել եմ այն մասին, որ ես էլ եմ երգում (ժպտում է.- Գ.Ա.): Վերջերս մի քանի նոր երգ եմ գրել մի մյուզիքլի համար, որն արվում է Երևանում: Բավականին մեծ ծրագիր է, փակագծերը դեռ չեմ բացի: Այնպես որ, իմ բոլոր մտքերն ու մուսաները տվել եմ ուրիշ երգերին և ուրիշներին: Հուսամ՝ վերջիններս հաջողություն կբերեն, այդ թվում և՝ Մոնիկային: