Բաժիններ՝

Տեղեկատվական պատերազմները մշտական բնույթ են կրում. փորձագետ

Ինտերնետային տեղեկատվական ոլորտում որոշակի պատերազմական իրավիճակ է տիրում. Հայաստանն անընդհատ թիրախ է հանդիսանում Ադրբեջանի համար: Այս մասին երեկ` հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ Թուրքիան այս պատերազմում ավելի ակտիվ էր մի քանի տարի առաջ, իսկ այժմ այնքան էլ ակտիվ չէ: Թուրքիան այժմ այլ հարցերով է զբաղված, և նրանք այլ խնդիրներ ունեն մահմեդական աշխարհում՝ Սիրիայի հետ, Իսրայելի հետ,  և այլն:

«Այսօր նրանց հաքերային համայնքի հետաքրքրությունն այլ ուղղությամբ է, իհարկե, դա չի նշանակում, որ ուշադրություն չկա նրան կողմից»,- ասաց փորձագետը: Նրա խոսքով` ավելի վտանգավոր են այն գործողությունները, որոնք տեսանելի չեն, օրինակ` տեղեկատվական արտահոսքերը, որի մասին, հնարավոր է՝ և չիմացվի:

Ընդամենը մի քանի օր առաջ, ըստ Ս. Մարտիրոսյանի`ադրբեջանցիները հայտարարել էին, որ իրենք մեր ազգային անվտանգության ծառայության հույժ գաղտնի փաստաթղթեր են գողացել, և այդ փաստաթղթերը բաց ինտերնետում տեղադրել էին: «Փաստաթղթերից, սակայն, պարզ երևում էր, որ դրանք ազգային անվտանգության հետ ոչ մի կապ չունեին, այլ ինչ-որ հայ դիվանագետի նյութեր էին, հավանաբար, նրանց ձեռքն ինչ-որ «ֆլեշկա» էր ընկել: Այդ փաստաթղթերի մեծ մասը գովազդներ էին, էժան ռեֆերատներ, ինչ-որ հայտարարություններ և այլն, այսինքն` իրենցից որևէ լուրջ բան դրանք չէին ներկայացնում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Փորձագետը նշեց նաև, որ արդեն մի քանի տարի է՝ ՀՀ պետական կառույցների տեխնիկական ամոբղջ անվտանգությունը փոխանցված է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), և այդ ժամանակից սկսած՝ պետական կառույցների գործունեությունն այդ իմաստով վերահսկվում է ԱԱ ծառայության կողմից: «Սկսած կայքերից, որոնք երկրորդական են իրականում, վերջացրած ներքին ցանցերով, որոնք իրականում շատ կարևոր են, քանի որ դրանց տեղեկատվական արտահոսքը կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել, վերահսկվում է ԱԱԾ կողմից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Նա  նշեց, սակայն, որ անվտանգության տեսակետից վատ վիճակում են ԼՂՀ պետական կայքերը, որոնք  պարբերաբար կոտրվում են: «Կես տարվա մեջ առնվազն հաջող հարձակման 2-3 դեպք գրանցվել է ԼՂՀ պետական կայքերի նկատմամբ»,- ասաց փորձագետը: Խոսելով այլ ոլորտների և մասնավոր կայքերի վերաբերյալ՝ փորձագետը նշեց, որ դրանք տարբեր մակարդակի պաշտպանվածություն ունեն, և հիշեցրեց, որ լավ պաշտպանությունն իրականում որոշակի ծախսեր է պահանջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս