Բաժիններ՝

Ինչպես «կորցնել» տարեկան 750 միլիոն դոլար

Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր առաջ հրապարակվել է Policy Forum Armenia վերլուծական կենտրոնի զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» խորագրով։  Զեկույցի գլուխներից մեկը նվիրված է կոռուպցիայի ազդեցությանը՝ մակրոտնտեսության մակարդակով։ Այսինքն՝ ներկայացվում է, թե ինչ վնասներ է կրում բյուջեն և ընդհանրապես երկրի տնտեսությունը կոռուպցիայից։ PFA-ի զեկույցի հեղինակները ներկայացրել են մանրամասն հաշվարկներ և բերել կոնկրետ թվեր։

Զեկույցի հեղինակները սկսում են այն պնդմամբ, որ այն, ինչը մի ժամանակ կոչվում էր «Սովետական Միության սիլիկոնային հովիտ», այսօր վերածվել է մի տնտեսության, որը գերու կարգավիճակում է գտնվում՝ քաղաքական վերնախավի ու նրանց հետ փոխկապակցված օլիգարխների ձեռքին։ Նրանց խոսքով՝ Հայաստանում այժմ ձևավորվել է մի համակարգ, որտեղ մի քանի «ընտրյալներ» անհամաչափ վերահսկողություն ունեն իշխանության և որոշումների կայացման գործընթացի վրա և դա ծառայեցնում են իրենց նեղ շահերին՝ ի վնաս բնակչության։ Եվ այս ամբողջը արդյունավետ կերպով պաշտպանվում է դատաիրավական համակարգի կողմից, որը ռեժիմի անվտանգության երաշխավորն է և արգելափակում է ժողովրդի կողմից դրա դեմ ուղղված ցանկացած մարտահրավեր։

«Վարչակազմի ընտրած տնտեսական քաղաքականությունը պարզորոշ արտացոլում է այս գործելաոճը։ Պետական քաղաքականությունը՝ իր հարկաբյուջետային, դրամավարկային, սոցիալական և կառուցվածքային բաղադրիչներով, իրականացվում է մեկ հստակ նպատակով՝ ավելի հարստացնել իշխող վերնախավին։ Այս ամենը հարվածում է, առաջին հերթին, խոցելի խավերին՝ աղքատներին, հաշմանդամներին, տարեցներին, վնաս է հասցնում ազգային անվտանգությանն ու ռազմական պատրաստվածությանը։ Որպես այս ամենի արդյունք՝ Հայաստանում խորացել է եկամուտների անհավասարությունը և մեծացել աղքատների թիվը։ Արտագաղթը հասնում է աղետալի չափերի. այս փոքր երկիրն օրական մի քանի ավտոբուսներով մարդիկ են լքում՝ ավելի լավ օրվա համար։ Վիճակագրական տվյալների աճպարարության միջոցով՝ ուռճացնելով տնտեսության իրական աճն ու նվազեցնելով գնաճի իրական ցուցանիշը, վարչակազմը ներկայացնում է բարենպաստ պատկեր՝ տնտեսության և աղքատության առումով»,- նշված է զեկույցում։

Ըստ PFA- փորձագետների՝ ՀՀ իշխանությունների գործելաոճը հատկապես լավ է արտացոլվում հարկաբյուջետային քաղաքականության մշակման և իրականացման բնագավառում։ Ամբողջ աշխարհում հարկաբյուջետային քաղաքականության գլխավոր գործառույթն է՝ հարստության վերաբաշխումը, որպեսզի հանրային ծառայությունները հավասարապես հասանելի լինեն բոլորին։ Հայաստանում, ըստ նրանց, այս կարևորագույն գործառույթը վեր է ածվել հակառակ ֆունկցիայի՝ ամեն ինչ արվում է անհավասարությունը խորացնելու համար։ Ահա թե ինչպես է դա, ըստ զեկույցի հեղինակների, տեղի ունենում ՝ երկու ուղղությամբ։

Եկամուտների հավաքագրում

«Կառավարությունը պատշաճ կերպով չի հարկում իր «բարեկամներին»՝ օլիգարխներին և մեծ բիզնեսներ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին,  փոխարենը՝ հետապնդում են մնացած գործարարներին լրարուցիչ տուրքերով, հարկային կանխավճարներով և կաշառքներով։ Այս ամենը բավականին դժվար կացության մեջ է դնում անկախ բիզնեսը, որն, ի վերջո, դառնում է անմրցունակ՝ նպաստելով, որ օլիգարխների և իշխանության հետ փոխկապակցված բիզնեսն իր ձեռքում կենտրոնացնի տնտեսությունը։  Արդյունքում՝ մի քանիսը դառնում են շատ հարուստ, մինչդեռ մյուս կողմից՝ թուլանում է մրցակցությունը, վերանում են նորարարության խթանները, սահմանափակում է տնտեսական աճն ու զարգացումը»,- գրում են PFA-ի մասնագետները։

Այս առումով զեկույցի հեղինակները բերում են բավականին հետաքրքիր տվյալներ՝ կապված հարկերի հավաքագրման հետ։ Այսպես, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի համար հարկեր/ՀՆԱ պոտենցիալ հարաբերակցությունը 21%-ն է՝ առանց սոցհատկացումների։ Մինչդեռ 2009-2011 թվականներին Հայաստանում հարկեր/ՀՆԱ փաստացի հարաբերակցությունը եղել է 16.1-16.7 տոկոս (ԱՊՀ երկրների շարքում ավելի ցածր ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը)։ Այս տվյալները հաշվի առնելով՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը թերհավաքագրել է տարեկան ՀՆԱ-ի 4.3-4.9%-ը։

Այսինքն, միայն 2011 թվականին ՀՀ բյուջեն ստացել է 450 միլիոն դոլարով պակաս եկամուտ, քան հնարավոր էր ստանալ։ Ընդ որում, ԱՄՀ հետազոտությունների մեջ նշվում է, որ այս թերհավաքագրումն արձանագրվում է առավելապես շահութահարկի ոչ բավարար հավաքագրման պատճառով։ Իսկ այդ դաշտը, ըստ զեկույցի հեղինակների, գտնվում է օլիգարխների ուղղակի ազդեցության տակ։

 

Բյուջեի ծախսեր

Ըստ զեկույցի, ՀՀ կառավարությունը շատ քիչ միջոցներ է հատկացնում կրթությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովությանն ու ենթակառուցվածքային ներդրումներին։ Այս գնահատականը հաստատվում է նաև Համաշխարհային բանկի կողմից, որի՝ 2011 թվականի արված հետազոտության մի հատվածը մեջբերված է ստորև։

«Առողջապահությանն ուղղվող պետական ծախսումները՝ որպես ՀՆԱ-ի մաս, երկու անգամ զիջում են ԱՊՀ երկրների միջինացված ցուցանիշին, և 5 անգամ՝ Եվրոպային։ Ընդ որում, այդ ցուցանիշը միշտ ավելի ցածր է եղել կառավարության կանխատեսումներից։ Ինչ վերաբերում է կյանքի միջին տևողությանը, ապա 1970-ին Հայաստանը մոտ երկու տարով էր զիջում եվրոպական երկրներին և 10 տարով գերազանցում էր Արևելյան Ասիային։ Մինչդեռ այսօր Հայաստանը նույն ցուցանիշով Եվրոպային զիջում է մոտ 8 տարով, իսկ Ասիայի հետ՝ հավասար է: Առողջապահության ցածր ֆինանսավորման և առողջապահական ծառայությունների բարձր վճարումների պատճառով տնային տնտեսությունները հայտնվում են աղքատության գծից ներքև»։

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ երկրի ճանապարհների ընդամենը 30%-ն է լավ կամ տանելի վիճակում։ Իսկ պատճառներից մեկն այն է, որ ընտրատարածքները (որոնց բնակիչները պետք է լինեին ճանապարհի վրա կատարվող ծախսերի գլխավոր շահառուները) չնչին քաղաքական կշիռ ունեն։ Այս ուղղություններով թերֆինանսավորումը կառավարության կամ իշխանական վերնախավի համար որևէ ազդեցություն չունի։ Այլ կերպ ասած, իշխանությունը կարիք չունի գումար ծախսել այս տարածքների ընտրողների համակրանքը շահելու համար, նրանց «քաղաքական գինն» ընկնում է։

Բյուջետային ծախսերի չափը սահմանափակվում է հավաքագրվող եկամուտներով և պարտք վերցնելու հնարավորություններով, սակայն Հայաստանում բյուջետային ծախսումների վրա էական ազդեցություն ունեն նաև կոռուպցիան և պետական գնումների համակարգի թերությունները։

Այս ամենի համար երկիրը վճարում է թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով։ Տնտեսական գինը միջոցների վատնումն է, ռեսուրսների սխալ բաշխումը, անարդյունավետությունը, և այլն։ Իսկ սոցիալական գինը (կամ ծախսերը) ոչ թափանցիկ, չկառավարվող հովանավորչական ցանցերի և որոշ խմբերի անհատական շահերի մեծացումն է։ Իսկ այդ ցանցերի ծաղկումը թուլացնում է օրենքի գերակայությունը, հետևաբար նաև՝ կառավարության նկատմամբ վստահությունը ու հաշվետվողականությունը՝ քայքայելով պետական ինստիտուտների և հանրային ծառայությունների ապահովման արդյունավետությունը։

Զեկույցի հեղինակների հաշվարկների համաձայն՝ ՀՀ բյուջետային կորուստները ծախսերի և եկամուտների մասով գերազանցում են ՀՆԱ-ի 7%-ը։ Օրինակ՝ 2012 թվականի բյուջետային կորուստը կազմել է մոտ 750 միլիոն դոլար։ Սա հսկայական գումար է, որը կարող էր ուղղվել կրթությանը, առողջապահությանն ու մյուս ոլորտներին։

Զեկույցի հեղինակները նաև հաշվարկել են, թե որքանով են տնտեսական աճի վրա ազդում կոռուպցիան և կառավարման համակարգի անկատարությունը։ Ըստ այդ հաշվարկների՝ կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով։

Եվ Հայաստանի ՀՆԱ-ն, այսօրվա 10.5 միլիարդ դոլարի փոխարեն՝ կարող էր լինել ավելի քան 16.4 միլիարդ, եթե կոռուպցիայի դեմ իրոք պայքար մղվեր, և շտկվեին կառավարման համակարգի թերությունները։

 

Պատրաստեց Բաբկեն Թունյանը

«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս