Բաժիններ՝

Ազգի տապալման գաղտնիքը

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի տնտեսագետները հավաքվել էին Երևանի պետական համալսարանում։ Տեղի էր ունենում Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Ներկա էին մեծ թվով մասնագետներ ու նաև պաշտոնատար անձինք։ Ներկա էր ու ելույթ էր ունենում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Պաշտոնական հաղորդագրություններում վարչապետի ելույթից մեջբերումներ էին արվել, իսկ վերջում «կեսբերան» նշվել էր, որ եռօրյա համաժողովին առաջին զեկուցմամբ հանդես է եկել աշխարհում ժամանակակից տասը լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աջեմօղլուն:
Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն Հայաստանում չէր, նա համաժողովին միացել էր Skype-ով։ Համաժողովին ներկա գտնվածները պատմում են, որ նրա ելույթը հայերեն չէր թարգմանվել, դրա համար էլ համաժողովին ներկա մեր անվանի, տարիքն առած տնտեսագետներից ոմանք ննջել էին։
Իսկ ի՞նչ է խոսել աշխարհահռչակ տնտեսագետը։ Այդ մասին ԶԼՄ-ները չգրեցին։ Սակայն արժեր։
Որովհետև Աջեմօղլուն ներկայացրել է երկրների անհաջողության և եկամուտների անհավասարության իր տեսությունը։ Նշենք, որ 2012 թվականին Տարոն Աջեմօղլուն և նրա գործընկեր Ջեյմս Ռոբինսոնը հրապարակեցին իրենց համատեղ գիրքը՝ «Ինչու են ձախողվում ազգերը. Իշխանության, բարգավաճման և աղքատության արմատները (Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty)։
Աջեմօղլուն ու իր գործընկերը եկամուտների անհավասարությունն ու աղքատությունը տեսնում են տնտեսության ու քաղաքականության «շփման գծում», ձախողումը կամ հաջողությունն էլ պայմանավորում են տնտեսական և քաղաքական ինստիտուտների որակով։
Աջեմօղլուի հիմնական ասելիքը հետևյալն է՝ աղքատ երկրներն աղքատ են, առաջին հերթին, այն պատճառով, որ այդ երկրներում իշխանություն ունեցող մարդիկ այնպիսի քաղաքական կուրսով են առաջ շարժվում, որն արգելափակում է երկարատև տնտեսական աճի բոլոր հնարավորությունները։ Այսպես կոչված, էքստրակտիվ տիպի քաղաքական ու տնտեսական ինստիտուտները չեն կարող ապահովել սեփականության պաշտպանություն, օրենքի գերակայություն, հավասար պայմաններ բոլորի համար, և չեն կարող խթանել նորարարություններն ու ներդրումները։ Ինչպես պարզաբանել է Աջեմօղլուն, էքստրաակտիվն այն ինստիտուտներն են, որոնց պայմաններում էլիտաները կարող են ուրիշներից ինչ-որ բաներ խլել, խախտել եկամուտների արդարացի բաշխումն ու աղավաղել համամասնությունը։ Նրանք հեռու են հավասար պայմաններով «խաղի դաշտ» ստեղծելուց։ Այստեղ խթաններ չկան, որպեսզի մարդիկ աշխատեն, ներդնեն , խնայեն։ Նորարարությունները չեն խրախուսվում։ Փոխարենը՝ մի քանիսն իրենց ձեռքում են պահում քաղաքական իշխանությունը՝ ի հաշիվ հասարակության մնացած մասի։ Եվ ամենակարևորը՝ դա պատահականություն չէ. այդ ուժերը պատահաբար չեն այդտեղ հայտնվում։ Եվ նրանք ոչ թե պատահմամբ կամ սխալմամբ են ընտրում սխալ ճանապարհը, այլ գիտակցաբար, քանի որ համարում են, որ այդ կերպ կարող են բավարարել իրենց շահերը՝ ի վնաս երկրի և հասարակության։
Այսինքն՝ տնտեսական զարգացման կամ ձախողման պատճառները պետք է փնտրել ոչ թե միայն տնտեսության ու տնտեսագիտության, այլ քաղաքական ինստիտուտների շրջանակներում։ Այս տեսության համաձայն՝ իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած մարդկանց անձնական շահերը, ամեն գնով հասարակության մեծ մասից ավելի վեր գտնվելու ձգտումն արգելափակում են քաղաքական ու տնտեսական մրցակցությունը և տանում անխուսափելի ձախողման։
Եթե ավելի պարզ ասենք, սա նշանակում է հետևյալը։ Որքան էլ առանձին ոլորտների զարգացման համար գեղեցիկ հայեցակարգեր ու ծրագրեր մշակվեն, որքան էլ խոսվի կատարված ու կատարվելիք բարեփոխումների մասին, որքան էլ տարբեր տնտեսական չափորոշիչներով միջազգային զեկույցներում երկիրը վեր բարձրանա, և այլն, միևնույն է՝ այդ երկիրը դատապարտված է աղքատության և ձախողման, եթե չկա ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, իրավունքների պաշտպանություն, խաղի հավասար կանոններ, իսկ իշխանությունն ու փողը մի խումբ մարդկանց ձեռքում է գտնվում։
Համաձայնեք, որ այս տողերը, իսկ ավել ճիշտ՝ այս պատկերը շատ ծանոթ է թվում (թեպետ գրքում ու տեսության մեջ Հայաստանի անունը չի նշվում)։ Ու, չնայած սրան, ինչպես նշեցինք, համաժողովին ներկա որոշ անվանի տնտեսագետներ (այդ թվում՝ դեկաններ ու ամբիոնի վարիչներ) ելույթի ժամանակ ակնհայտ ննջել են, քանի որ անգլերեն չգիտեն։ Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասում են, հայտնի տնտեսագետին լսել է մեծ ուշադրությամբ և անգամ նշումներ կատարել։
Հ.Գ. Ի դեպ, Policy Forum Armenia կենտրոնն օրերս ներկայացնելու է «Կոռուպցիան Հայաստանում» զեկույցը։ Անգլալեզու զեկույցի գլուխներից մեկը նվիրված է կոռուպցիայի ազդեցությանը՝ մակրոտնտեսության մակարդակով։ Այսինքն՝ ներկայացվում է, թե ինչ վնասներ է կրում բյուջեն և ընդհանրապես երկրի տնտեսությունը կոռուպցիայից։ PFA-ի զեկույցի հեղինակները ներկայացրել են մանրամասն հաշվարկներ և բերել կոնկրետ թվեր, որոնց առաջիկայում կանդրադառնանք։ Իսկ տեսական մասում հեղինակները հղում են արել առաջին հերթին՝ հենց Աջեմօղլուի և Ռոբինսոնի թեզերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս