Տիգրան Սարգսյանի ամենաանկեղծ ելույթը
«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս: Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- սա մի հատված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հոկտեմբերի 18-ին Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի ընթացքում ունեցած ելույթից:
Ուշադիր ընթերցողները կամ ունկնդիրները թերևս ֆիքսել են մի կարևոր հանգամանք. Տիգրան Սարգսյանը խոսում է ոչ թե Մաքսային միությանն անդամակցելու առավելություններից կամ տնտեսական շահերից, այլ վտանգներից ու ռիսկերից, որոնք կարող էին առաջանալ, եթե հրաժարվեինք ՄՄ-ին անդամակցությունից։
Իհարկե, նա չի ասում «վտանգ» կամ «սպառնալիք», այլ օգտագործում է մեղմ բառեր՝ «սահմանափակող գործոններ», «նոր սահմաններ» և այլն։ Այսինքն՝ մտքերն արտահայտում է հնարավորինս զգույշ և դիվանագիտորեն։ Սակայն իմաստը դրանից չի փոխվում. վարչապետի ասածն այն է, ինչ մենք գրել էինք դեռ շաբաթներ առաջ՝ Մաքսային միության տված ամենակարևոր օգուտը մեր երկրին լինելու է այն, որ Մաքսային միությունը և մասնավորապես դրա հիմնական խաղացողը՝ Ռուսաստանը, գոնե չեն փորձի վնաս պատճառել Հայաստանին:
Իհարկե, Տիգրան Սարգսյանը փակագծերը չի բացել, թե այդ ինչ «ինտենսիվ գործընթացներ» են տեղի ունենում ՄՄ-ում կամ ինչ «սահմանափակող գործոններ» (կամ՝ ռիսկեր, սպառնալիքներ) պետք էր սպասել ՄՄ-ին չմիանալու դեպքում։ Սակայն նա գոնե արձանագրել է (թեկուզ թափանցիկ ակնարկով), որ նման ռիսկեր կան։ Իսկ սա վերջին շրջանում նրա ամենաանկեղծ խոստովանություններից մեկն է։