Կենսաթոշակային բարեփոխումները մոտենում են. Պաշտոնյաներն աշխատողների բունտ չեն սպասում
Հայաստանում չգրանցված կամ ստվերային աշխատուժը գնահատվում է շուրջ 700 հազար մարդ: Ըստ փորձագետների՝ ստվերայնության մեծ մասը շինարարության և ծառայությունների բնագավառներում է` ռեստորաններ, սրճարաններ (որոնք նաև սեզոնային բնույթ ունեն), ինչպես նաև տրանսպորտի և այլ ոլորտներում: Ստվերային աշխատուժից չեն խուսափում ո՛չ խոշոր, ո՛չ միջին և ո՛չ էլ փոքր բիզնեսները: Վերջիններիս դեպքում առավել ևս գործում է կառավարության որոշումը, որով մինչև 70 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններում ստուգումներ չեն անցկացվում, և փոքրերն «օգտվում» են դրանից: Գործատուները, եթե նույնիսկ գրանցում են աշխատողներին, ապա գրեթե բոլորը (այդ թվում` բացառություն չեն նաև պետական ձեռնարկությունները), օրենքի դաշտում ցույց են տալիս նրանց աշխատավարձի մի մասը միայն:
Ստվերային աշխատուժի և ստվերային աշխատավարձի այս խնդիրն առավել ակնառու կդառնա 2014 թ. հունվարի 1-ից և առիթ կհանդիսանա գործատու-աշխատող հարաբերությունների սրման: Պատճառը հաջորդ տարվանից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է, երբ 1974-ից հետո ծնվածները սկսելու են պարտադիր կերպով իրենց աշխատավարձից 5% փոխանցել Կենսաթոշակային հիմնադրամին, և այդ նույն չափով էլ պետությունն է ավելացնելու կուտակվող գումարը:
Ստվերային աշխատուժի և ստվերային եկամուտների դեմ կոչված են պայքարելու 2 պետական մարմիններ՝ ՊԵԿ-ը և Աշխատանքի պետական տեսչությունը, որը, սակայն, վերջերս ձուլվել է ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը՝ վերակազմակերպվելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության: Ընդ որում՝ ՊԵԿ-ն ու Աշխատանքի պետական տեսչությունը միմյանց հետ տվյալներ էին փոխանակում` անօրինական աշխատուժի հետ կապված, և յուրաքանչյուրը տուգանում էր իր մասով:
Չնայած ստվերային աշխատուժի հզոր բանակին, «սևը» դժվարությամբ է «սպիտակ» դառնում. 2011-2013թթ.-ին աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության (առանց գրավոր պայմանագրի (հրամանի) կնքման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված) չգրանցված աշխատողների վերաբերյալ ՊԵԿ-ն իրականացրել է ստուգումներ 7702 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որից 3845-ը` 2011-ին, 2777-ը` 2012-ին, և 1080-ը` 2013-ին:
«168 Ժամի» հարցմանն ի պատասխան` ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ 2011-ին հայտնաբերվել է 5212 չգրանցված աշխատող և նշանակվել է 483 միլիոն 150 հազար դրամի տուգանք, 2012-ին` 3564 չգրանցված աշխատող, 225 միլիոն 180 հազար դրամի տուգանք, իսկ 2013-ին` 1820 չգրանցված աշխատող, 272 միլիոն 730 հազար դրամի տուգանք: Գործատուն տվյալ ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկի չափով. 60 հազար դրամ՝ 1-3 չձևակերպված վարձու աշխատողների դեպքում, 150 հազար դրամ՝ 4-6 չձևակերպված վարձու աշխատողների դեպքում, 300 հազար դրամ՝ 7-9 չձևակերպված վարձու աշխատողների դեպքում, և 600 հազար դրամ՝ 9-ից ավելի չձևակերպված վարձու աշխատողների դեպքում: Տեսչությունը չգրանցված աշխատողի դեպքում տուգանում է 50 հազար դրամի չափով:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անբարեխիղճ գործատուների թվում առաջին տեղում է պետությունը, հետո՝ շինարարության և սպասարկման ոլորտը, որտեղ աշխատողների իրավունքները մասսայաբար են խախտվում` թե՛ ստվերային աշխատողի, թե՛ «սպիտակով» մասնակի վճարվող աշխատավարձի առումով:
Ըստ նրա՝ «սևը սպիտակ դարձնելու» համար տեսչական ստուգումների հսկողությունը պետք է մեծանա, բայց ոչ թե գնան «փաստը բռնացնելու», այլ մոնիտորինգ իրականացնեն: «Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված` սպասում եմ, որ կշարունակվեն աշխատողների իրավունքի և զանգվածային խախտումները, և սպասում եմ հակառակը, որ աշխատողները, հատկապես 1974 թ. հետո ծնվածները, կգիտակցեն, որ իրենց աշխատավարձի չափից է կախված իրենց հետագա կենսաթոշակի չափը, և իրենք ավելի պահանջատեր կարող է լինեն: Ես չեմ կարծում, որ գործատուն կփոխի վարքագիծը, կգնա բոլորի հետ պայմանագիր կստորագրի, աշխատավարձեր կբարձրացնի: Բայց, եթե իմ պայմանագրում գրի 40 հազար դրամ, կամ տա 200 հազար և ավելին, ես՝ որպես աշխատող, կհասկանամ, որ սա ինձ համար վատ է հետագայում: Ամենայն հավանականությամբ, ավելի շատ բողոքներ կունենաք, որ պայմանագրում նշեն աշխատավարձի ճիշտ թիվը, իսկ գործատուն իր վարքը չի փոխի և կգերադասի ցածր աշխատավարձից 5% փոխանցել: Հաստատ»,- ասում է Հ. Տիգրանյանը:
Հարցին՝ արդյոք աշխատողները կգնա՞ն այդ քայլին, որ պաշտպանեն իրենց իրավունքները, Հ. Տիգրանյանը պատասխանեց, որ, իհարկե, վտանգ կա, որ աշխատանքը կկորցնեն. «Ի վերջո, այսօր ընտանիք պահելու խնդիր կա, շուկայում գործազուրկ մնալու խնդիր կա: Գուցե մի փոքր խումբ գիտակից մարդիկ կբողոքեն ու կհասնեն իրավիճակի փոփոխության, կամ էլ ամեն ինչ իներցիայով կգնա»:
Ըստ նրա՝ այս պարագայում արհմիություններն աշխատողներին չեն կարող օգնել, քանի որ լավ փորձի օրինակ չունեն, եղած արհմիությունները ոչ մի աշխատողի իրավունք մինչ օրս չեն կարողացել պաշտպանել. «Նրանք լծակ չունեն ազդելու: Աշխատավարձերի բարձրացման մասով լավ լոբբինգի մեխանիզմ է, բայց արհմիության ձայնն արժեք չունի: Իսկ պետությունն արհմիության դերը չի բարձրացնում, որովհետև ուժեղ արհմիությունը վտանգ է հենց կառավարությունում և ԱԺ-ում պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ գործատուների համար»:
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված` աշխատողների կողմից ընդվզման հնարավորություն չի տեսնում: «Հակառակը՝ կառավարությունն այս պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը ներդնելով` հայտարարում է հետևյալը` այն բոլոր գրանցված քաղաքացիները, ովքեր աշխատելու են ՀՀ-ում, նրանց կենսաթոշակային ամսական ֆոնդի վրա ես կավելացնեմ նրանց աշխատավարձի 5%-ի չափով: Եթե քաղաքացին շահագրգռված է պետությունից 5% գումարը ստանալ, ինքը պետք է պայքարի գրանցման համար, պետք է պայքարի հաշվառված աշխատող լինելու համար: Այսինքն՝ կառավարությունը ստեղծում է խթան, միջոց, որպեսզի քաղաքացին ինքը պայքարի հաշվառված լինելու համար: Դա շատ նորմալ է»,- ասաց Հ. Հակոբյանը:
Ի պատասխան հարցի` կկարողանա՞ն աշխատողները տեր կանգնել իրենց իրավունքներին` հաշվի առնելով իրականությունը, գործազրկության մեծ թիվը, Հ.Հակոբյանն ասաց. «Իհարկե, գործազրկությունը մեծ թիվ է, և յուրաքանչյուր մարդ այսօր վախենում է իր աշխատատեղը կորցնելու համար, բայց, միևնույն է, մարդը կպայքարի իր եկամուտը ստանալու համար»:
«168 ԺԱՄ»