Ազատ Արշակյան. « Հիմա բերենք կարդա՞նք ճորտի նամակը` գոյություն չունեցող կայսրությանը, կայսրին»

«Մեծ մարդ է, գրում է, թող գրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը` խոսելով հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Պուտինին ուղղված հայտնի նամակի մասին: Ազատ Արշակյանը գտնում է, որ այդպիսի նամակ գրելն իրականում քաղաքական ակցիա է:

«Դա նույնպիսի քաղաքական ակցիա է, ինչպես Մագելանից 500 տարի հետո շուրջերկրյա ճանապարհորդությունը, որ արեց պարոն Բալայանը»,- նշեց նա: Ազատ Արշակյանն իր միտքը բացատրեց հետևյալ համանմանությամբ` Իսրայել Օրուց 300 տարի հետո Թուրքմենչայի պայմանագրին վերադառնալը զարմանալի է, քանի որ պատմական անցյալում Ռուսաստանի կողմից կնքվել են ավելի թարմ պայմանագրեր, մասնավորապես` 1921թ. ռուս-թուրքական ոչ հայանպաստ Մոսկվայի պայմանագիրը:

«Հայ ժողովուրդը Թուրքմենչայի պայմանագրի ժամանակներում (1828 թ.,- Ա.Ս.) ընտրության հետևյալ հնարավորությունն ուներ` կա´մ Արևելյան Եվրոպան ներկայացնող Ռուսական կայսրությունն էր, կա´մ շիա մահմեդականությունը` կանաչ ինտեռնացիոնալը: Այսինքն` Իսրայել Օրու ժամանակ ընտրությունը ճիշտ էր` Արևելյան Եվրոպա… Հիմա` ավելի քան 200 տարի հետո, Հայաստանի առջև այլ ընտրություն է դրված, էլ չեմ խոսում անկախության` Ղարաբաղի ժողովրդի հռչակած անկախության մասին»,- ասաց Ազատ Արշակյանը:

«Ուզում եմ ասել, որ Զորի Բալայանն այնքան հեռու է ազդեցիկ լինելուց… կարծում եմ` շատ քչերը նամակի 30 էջն էլ կարդացած կլինեն, ով հավես ունի 30 էջն էլ կարդալու, Հրանտ Մաթևոսյան կկարդա… Ինչի՞ պետք է գնաս ինչ-որ նվաստացած մարդու խնդրագիր կարդաս ինչ-որ երկրի նախագահին, բան ունես ասելու, քո երկրի նախագահին ասա, քո ժողովրդին դիմի: Եթե ուրիշին ես դիմում, հոխորտա: Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ավելի թարմ  պայմանագիր, շատ արդիական, մենք ապրում ենք այդ պայմանագրի ռեժիմում: Ռուսական պետության վերջին հարաբերությունը հայ ժողովրդի հետ եղել է 1920 թ. ագրեսիան հայկական պետության դեմ… Դա կարոտախտն է սովետական ժամանակների. այն կարգավիճակը, որ Խորհրդային միության ժամանակ ունեին Զորի Բալայանը և զորիբալայանները, ընդհանրապես բացառում էր քաղաքական կյանքը, հասարակական կյանք էլ չկար:

Կարդացեք նաև

Որոշ մտավորականների համար «добро» կար, կային «проходной» մտավորականներ, որոնց ես կոչում եմ սովետական, որովհետև մտավորականն ուրիշ է… Սովետական մտավորականն իշխանության ծառան էր, իշխանության ճորտը: Հիմա բերենք կարդա՞նք ճորտի նամակը` գոյություն չունեցող կայսրությանը, կայսրին, նույնիսկ ժամանակն ու էներգիան էլ են ափսոս: Բայց ես վտանգը մի ուրիշ բանում եմ տեսնում. պարզվում է, որ սա հատուկ տեսակի ներկա-բացակա էր, մենք իմացանք` ովքեր են համաձայն, դրանց նկարներն են տպվում… Շատ լավ է, ահա` ովքեր են, բայց ինչ լավ գործ արեց Զորի Բալայանը, բացահայտեց…»,- ասաց Ազատ Արշակյանը:

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, թե ճիշտ չէ այդքան մեծ նշանակություն տալ վերոնշյալ նամակին, քանի որ, ըստ նրա, «դա սովորական մի երևույթ է, երբ մտոավորականը իր մտահոգությունն է հայտնում նամակի միջոցով մի մարդու, ում համարում է խնդիրներ լուծող»:

«Ես բոլորովին չեմ զարմանում, Զորի Բալայանը հրապարակախոս է, նրա զենքը գրիչն է, և ինքն էլ լավ է գրում, գրել է այն, ինչի համար մտահոգ է»,- ասաց Վահան Շիրխանյանը: Սրան Ազատ Արշակյանն այսպես պատասխանեց.

«Շատ ուրախ եմ, որ Զորի Բալայանը գրելով է զբաղված, բա որ Զորի Բալայանը մի օր իրեն հայտարարի Ջիորդանո Բռունո, մենք ի՞նչ է, ագնետուշիտելները ձեռքներս պիտի ման գանք, որ ինքնահրկիզման չգնա՞: Մի քիչ առաջ Մագելան էր, հիմա Իսրայել Օրի է, վաղն էլ կարող է իրեն Ջիորդանո Բռունո հայտարարել: Բա մենք բան ու գործ չունենք, МЧС-ը գնա կողքը պոստ դնի»:

Տեսանյութեր

Լրահոս