Զորի Բալայանի նամակը` Պուտինին. «Ղարաբաղի խնդիրն» ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…»

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ստորեւ ներկայացվում է նամակն ամբողջությամբ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ

«Պատմությունը նման է իշխանությանը. երբ մարդիկ լավ են զգում, մոռանում են նրա մասին եւ իրենց են վերագրում սեփական բարերարությունը: Իսկ երբ վիճակը վատանում է, նրանք սկսում են զգալ նրա անհրաժեշտությունը եւ գնահատել նրա բարերարությունը»

…Պատմությունը խիստ է պատժում դասերը չիմանալու համար (Վ.Օ.Կլյուչեւսկի)

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ: Ամենից առաջ կուզենայի անկեղծորեն խոստովանել, որ նամակիս չափից ավելի մեծ ծավալը խորապես իմաստավորված, պայմանավորված է այն թեմայի պատմական անհրաժեշտությամբ, ես նույնիսկ կասեիՙ ռազմավարականությամբ, որի մասին ցանկանում եմ պատմել Ձեզ: Եթե Դուք իմ նամակը կարդաք, ինչպես ասում են` առանձին կտորներով, կամ էլ եթե ընդհանրապես չկարդաք, ես դա կընդունեմ նորմալ եւ սթափորեն: Սա բոլորովին էլ մի ինչ-որ կոկետություն չէ: Սա կյանքի իրողություն է: Բանն այն է, որ ես այսօր չէի կարող չգրել իմ բաց նամակը: Միաժամանակ անիմաստ կլիներ այն հասցեագրել մեկ ուրիշին:

***

Այս նամակի հիմքում ընկած են նշումներ արված Գյուլիստանի պայմանագրի լուսանցքներում: Ընդգծեմ, որ դրանց մեջ մի քանի անգամ հանդիպում է Ձեր ուսուցչի, Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Անատոլի Սոբչակի անունը: Եվ ահա ցանկություն առաջացավ բաց նամակն սկսել նրա բառերով. «Գորբաչովի, եթե չասենքՙ մեր ողջ դժբախտությունը սկսվեց նրանից, որ հայկական ինքնավար մարզը հայկական միութենական հանրապետությանը միացնելու հայերի տրամաբանական պահանջը նա որակեց որպես «Ղարաբաղի խնդիր»: Մինչդեռ, դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…»:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, հավատացե՛ք, այն, ինչի վրա ուշադրություն է դարձրել Անատոլի Ալեքսանդրովիչը, չափազանց լուրջ է եւ, ես կասեիՙ չափազանց պատմական: Բայց նախ երկու խոսք այն մասին, թե ինչպես եւ ինչու Սոբչակը ձեռք զարկեց այդ թեմային: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի ընթացքում Անատոլի Ալեքսանդրովիչը տեղեկացավ, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից, որը հենց հայկական էր արդեն իսկ այն պատճառով, որ կոչվում էր «ինքնավար», ոչ մի հայ չէր ընտրվել ժողովրդական պատգամավոր, եւ այդ փաստը համարում էր անհեթեթություն: Արդեն ինքը, ընտրված լինելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Օրենսդիր կոմիտեի կազմում, համագումարի ամբիոնից հանդես եկավ առաջարկությամբՙ ինձ տալու իր տեղը միայն նրա համար, որ ղարաբաղյան փոքրիկ պատգամավորությունից եւս մեկ ներկայացուցիչ կարողանար մշտապես աշխատել Գերագույն խորհրդում: Այս ամենի, ինչպեսեւ Սոբչակի ելույթի մասին կարելի է կարդալ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի կարմիր կաշեկազմ սղագրական հատորում: Նրա գաղափարին հավանություն տվեցին շատերը, այդ թվում եւ ակադեմիկոս Սախարովը:

Ե՛վ Սոբչակը, եւ՛ Սախարովը ուշադիր, գիտնականների պես, ինչպես ասում ենՙ մատիտը ձեռքին ուսումնասիրել են Գյուլիստանի (1813) եւ Թուրքմենչայի (1828) դաշնագրությունները: Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ Մոսկվայի (1921 թվականի մարտ) եւ Ղարսի (1921 թվականի հոկտեմբեր) պայմանագրերի արդյունքում այն տարածքը, որի մեծ մասի վրա կազմավորվեց բացարձակ նոր, ըստ էության թուրքական հանրապետություն, պատմականորեն պատկանում էր Հայաստանին: 1639 թվականից այն անցել էր Իրանին, իսկ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրից հետո Պարսկաստանից անցավ Ռուսաստանի կազմ: Ընդ որում, պահպանվեցին բոլոր հայկական եկեղեցիները, պատմության եւ մշակույթի հուշարձանները:

Նորագույն պատմության մեջ ռուսաստանյան ղեկավարներից Դուք թերեւս առաջինն էիք, ով, եթե հիշողությունս չի դավաճանում, 2006 թվականին բարձրաձայնեց պատմական ճշմարտությունը գործուն կերպով պաշտպանելու անհրաժեշտության մասին: Որպես Ձեր ծրագրի շարունակություն, արդեն նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրոք ստեղծվեց «ի վնաս Ռուսաստանի պատմության նենգափոխման ավելի ու ավելի ագրեսիվ փորձերի» հակազդման հատուկ հանձնաժողով: Թվում էր, թե այդ անհրաժեշտ եւ կարեւոր գործը տեղից շարժվեց: Սակայն շուտով ռուսական հասարակայնության, ինչպես ասում ենՙ որոշակի մասը գաղափարն ընդունեց եթե ոչ սվիններով, ապա, մեղմ ասածՙ քննադատաբար: Պատճառը, իմ խորին համոզմամբ, այն էր, որ պատմական ճշմարտության վերաբերյալ այն ժամանակվա նյութերում եւ բանավեճերում կային շատ ընդհանուր, ավելի ճիշտՙ ընդհանրացված, հետեւաբար եւ վերացական բաներ: Տպավորություն էր ստեղծվում, թե մոռացության է մատնվում նման դեպքերի համար ամենագլխավորըՙ «Ճշմարտությունը կոնկրետ է» արիստոտելյան փիլիսոփայական բանաձեւը:

Ինչպիսին էլ որ լինի ճշմարտությունը (վտանգավոր, վնասակար, սարսափելի), այն պետք է ընդունվի այնպիսին, ինչպիսին կա: Գյոթեն, օրինակ, «գերադասում էր վնասակար ճշմարտությունը օգտակար սխալից»: Եվ երբ Անատոլի Սոբչակը խոսում էր Գորբաչովի դժբախտության եւ ողբերգության մասին, ապա նկատի ուներ հենց պատմական ճշմարտության աղճատումը: Մեծագույն պետության եւ հզոր կուսակցության ղեկավարը պատկերացում չուներ այն մասին, թե որոնք էին իր պատմական հայրենիքիՙ Ռուսաստանի իրական սահմանները: Չգիտեր այն մասին, որ հեղափոխական աղմուկի տակ Ստալինի եւ Աթաթուրքի կողմից ստեղծված, էությամբ թուրքական Ադրբեջան հանրապետությունը, կրկնում եմ, մեծամասամբ տեղակայված է պատմական Հայաստանի տարածքում, որը Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերից հետո ներառված էր Ռուսաստանի կազմում: Իսկ Ելցինըՙ ավելի վատթար. ո՛չ Բելովեժյեում, ո՛չ Կրեմլում, ո՛չ մահվան սնարում այդպես էլ չհասկացավ, որ 1991 թվականին բոլորովին էլ Ռուսաստանի նախագահ չէր դարձել: Նա ՌՍԴԽՀ նախագահն էր, իր կետագծված ու պայմանական խորհրդային սահմաններով: Դուք ինքներդ մի անգամ Ձեր ելույթում հստակ նշեցիք. «Ռուսաստանն, ըստ էության, վերանվանվել էր ԽՍՀՄ-ի, բայց դա չի նշանակում, թե դադարել էր Ռուսաստան լինելուց»:

Այսպիսին է ճշմարտությունը, որը վերացական չէ: Այն կոնկրետ է: Շոշափելի է: Տվյալ դեպքում կարելի է նույնիսկ ձեռքով դիպչել նրան: Դա Գյուլիստանի պայմանագիրն է, որը ներկայացնում է իննամյա պատերազմի հանրագումարը: Նրա տասնմեկ հոդվածներում ամփոփված է երկու պետություններիՙ Ռուսաստանի եւ Պարսկաստանի ողջ աշխարհաքաղաքական սկզբունքը, որոնք մարգարեաբար գիտակցում էին, որ իրենց միջեւ «հավերժական խաղաղությունը, բարեկամությունը եւ բարեհաշտությունը» կարող են գոյատեւել բացառապես պատմական փաստաթղթի տառի եւ ոգու երաշխավորված իրագործման դեպքում: Այնտեղ ընդգծվում է գուցե ամենագլխավորըՙ համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի եւ Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլեւ, ինչը ավելի կարեւոր է, «ժառանգորդներն (!-Զ.Բ.) ու հաջորդողները (!-Զ.Բ.)»:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոշոր հաշվով դա այսօր վերաբերում է նաեւ անձամբ Ձեզ: Այդ կապակցությամբ հրատապ, եթե չասենքՙ օպերատիվ անհրաժեշտություն կա հրապարակելու, օրինակ, դաշնագրի երրորդ եւ չորրորդ հոդվածները, առանձնապես եթե հաշվի առնենք, որ ներկայիս (ռուս, ռուսաստանցի) լայն ընթերցողը ծանոթ չէ դրանց. «Հոդ. III: Նորին Շահական մեծությունը, ի ապացույց Նորին Մեծություն Ամենայն Ռուսիո Տիրակալի հանդեպ իր անկեղծ բարեկամության, սույնով հանդիսավորապես ընդունում է, ինչպես իր, այնպես էլ Պարսից գահի Բարձր Հաջորդների անունից, որ Ռուսական կայսրության սեփականությանն են պատկանում ներքոնշյալ խանություններըՙ Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենտի, Կուբիի, Բաքվի եւ Թալիշի խանությունը իր այն հողերով, որոնք ներկայումս գտնվում են Ռուսական կայսրության իշխանության տակ…» (գործնականում ամբողջը, չհաշված ներկայիս Ադրբեջանի տարածքը, որը թուրքերն ստեղծեցին Մոսկվայում եւ Ղարսում): «Հոդ. IV: Նորին Մեծություն Ամենայն Ռուսիո Տիրակալը, փոխադարձ կապվածություն ցուցաբերելով Նորին Մեծություն Պարսից Շահին եւ ի ապացույց իր անկեղծ ցանկությանՙ Պարսկաստանում, Իրեն հարեւան պետությունում ամուր հիմքերի վրա տեսնելու ինքնակալությունը եւ պետական իշխանությունը, սույնով հանդիսավորապես խոստանում է Իր եւ Իր Հաջորդների անունից (!-Զ.Բ.). Պարսից շահի որդիներից նրան, ում ինքը կնշանակի Պարսկական պետության Ժառանգորդ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել օգնություն, որպեսզի Ռուսիո Բարձրագույն Արքունիքի օգնությամբ ամրապնդվի Պարսից Արքունիքը…» : Ընդգծեմ, որ «Բարձր հաջորդներ» եւ «հավերժական ժամանակներ» բառակապակցությունները դաշնագրում ներկա են ոչ թե որպես դիվանագիտական սիրախաղ կամ մի ինչ-որ անթաքույց մաքիավելիզմ, այլ ապագայի, սերունդների հանդեպ պատասխանատվության արտահայտություն:

Այնպես որ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ստացվում է, որ ես Ձեզ դիմում եմ, բացի ամենայնից, նաեւ որպես հենց իրՙ Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդի, ե՛ւ Հաջորդի: Եկեք հիշենք պատմությունը. 1812 թվական (մեկ տարի անց կնքվելու է Գյուլիստանի պայմանագիրը): Վառվում էր Մոսկվան: Նապոլեոնը գտնվում էր Կրեմլում: Իսկ Նորին Մեծությունը պնդում էր, որպեսզի «Ղարաբաղյան ճակատից ոչ մի զինվոր ետ չկանչվի»: Դիմում եմ Ձեզ, հիանալի գիտակցելով այն բուն «պատմական ճշմարտության» իմաստն ու էությունը, որի մասին Դուք խոսեցիք 2000 թվականի կեսերին, երբ շնորհիվ Ձեր ջանքերի աճեց (վերականգնվեց) ռուսական բանակի հզորությունըՙ մղձավանջային իննսունականներին հոգեվարք ապրելուց հետո: Ալեքսանդր Առաջինի համար պատմական ճշմարտությունը առավել քան շոշափելի-կոնկրետ էր: Քանզի նա լավ գիտեր այն մեծ, յուրօրինակորեն ռազմավարական եւ նույնիսկ մարգարեական նամակագրության մասին, որ սկսվել էր Ալեքսեյ Միխայլովիչ ցարի եւ ղարաբաղյան մելիքների (իշխանների) ժամանակներից: Հիշում եմ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թե ինչպես Դուք, արդեն որպես Ռուսաստանի նախագահ Հայաստան կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի ժամանակ, Երեւանի պետական համալսարանի դահլիճում մեջբերում կատարեցիք Պետրոս Մեծից, Ձեր կողմից հավելելով. «Ասված էՙ արված է»: Բառերը, որ մեջբերեցիք, Պետրոս Առաջինը գրել էր 1724 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ղարաբաղյան կոնկրետ հոգեւոր, ռազմական առաջնորդներին եւ կառավարիչներին ցուցաբերել էր «կայսերական բարեհաճություն եւ շնորհավորանք ողջ հայ ժողովրդին»: Քանզի այն ժամանակներում (եւ առհասարակ մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունը) պատմական անհեթեթություն էր Ղարաբաղը դիտարկել Հայաստանից անջատ:

Տասնյոթերորդ եւ տասնութերորդ դարերում ռուսական ցարերի հանդիպումների եւ նամակագրությունների ռազմավարությունը ուղղված էր խորապես մտածված, հստակ հաշվարկված պատմական հեռանկարին: Գեներալ-ֆելդմարշալ Գրիգորի Պոտյոմկինը կայսրուհի Եկատերինա Երկրորդին Ղարաբաղից գրած իր ուղերձում համառորեն խնդրում էր «կիրառել բոլոր ջանքերը, որպեսզի Ղարաբաղը կարգավորվի հայ ժողովրդի համար առավել շահեկան կերպով» : Խոսքն, իհարկե, այն նույն հարավային ուղղության ռազմավարական կարեւորության մասին էր: Եկատերինա Մեծը պարտավորեցրեց, որպեսզի «Հայ քրիստոնեական ժողովրդի» հանդեպ առանձնահատուկ բարեմիտ վերաբերմունքը էստաֆետի պես մեկ ցարի ձեռքից փոխանցվի հաջորդին: XVIII դարի ավարտին, իննամյա պատերազմն սկսվելուց ոչ շատ առաջ Պավել Առաջինը իր կայսերական բարեմտությունն ու ողորմածությունը արտահայտեց «վեհապետական եւ հռչակավոր Ղարաբաղյան մարզին» , որի անառիկ բարձունքներում, ռուս ականավոր պոետ եւ հումանիստ Սերգեյ Գորոդեցկու բառերով, «ավելի քան երկու հազար տարվա ընթացքում հայ ժողովուրդը դիմակայել է քոչվոր ցեղերի ոտնձգություններին, պահպանելով իր մշակույթը, պաշպանելով իր ազգային դեմքը» :

Եկատերինա Երկրորդի օրհնությամբ հրատարակվեց այն ժամանակների համար աննախադեպ հայ-ռուսերեն ծանրակշիռ բառարանը: Դա 1787 թվականին էր: Ահա թե ինչպիսի կենսական անհրաժեշտություն գոյություն ուներ դեռեւս շատ առաջ, քան Արեւելահայաստանը վերջնականապես կմիավորվեր Ռուսաստանի հետ: Ի դեպ, Թուրքմենչայի պայմանագրից շատ չանցած, 1837 թվականին հենց իրՙ Նիկոլայ Առաջինի ներածական խոսքով հրատարակվեց նորացված բառարանը: Իսկ դրանից էլ առաջ, Ալեքսանդր Առաջինի օրոք Մոսկվայում բացվեց հայկական համալսարան: Մի խոսքով, Գյուլիստանի եւ դրա օրգանական շարունակությունը կազմող Թուրքմենչայի պայմանագրերն ըստ էության դարձան ոչ միայն ռուսների եւ հայերի համար պատմական օրինաչափության, պատմական ճշմարտության մարմնավորում, այլեւ պարսիկների համար, որոնք Արաքսից եւ Քռից դեպի հյուսիս ընկած տարածքներում միշտ խնդիրներ էին ունեցել հիմնականում թուրքական ցեղերի հետ:

Թող ներկայիս սերնդի, առանձնապես երիտասարդության մոտ այն տպավորությունը չստեղծվի, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ եղբայրական հարաբերությունները սկսվեցին այդ երկու պատմական փաստաթղթերի ընդունումից հետո: Կարծում եմ, չի խանգարի մի քանի պատմական նրբագծեր ավելացնել մեր փոխհարաբերությունների «դիմանկարին»:

…Բյուզանդիայի կայսր Վասիլ (Բարսեղ) Երկրորդը (ազգությամբ հայ) լավ իմանալով, որ Նովգորոդի եւ Կիեւի իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչի (Վլադիմիր Առաջինի) տատիկը` իշխանուհի Օլգան Ռուսաստանում առաջինն էր քրիստոնեություն ընդունել, համաձայնվեց իր քրոջըՙ բյուզանդական արքայադուստր Աննային կնության տալ Վլադիմիրին: Այնպես որ, ռուսական փրկիչ Ուղղափառության ակունքներում կանգնած էին հայերը: Ինչպես ասում ենՙ բարեկամացած էին ընտանիքներով եւ պետություններով: Այդ ժամանակներից պետք է անցներ հազար տարի, որպեսզի մեծ մարտիրոս Տիխոնը, ինչպեսեւ բոլշեւիկյան մղձավանջներից հետո Ռուս եկեղեցու վերածնունդը տեսած Ամենայն Ռուսիո պատրիարքներ Ալեքսիյ Երկրորդը եւ Կիրիլ Առաջինը, ասես պայմանավորված, արտասանեին համարյա միեւնույն բանը Հայ առաքելական եկեղեցու մասին. «Մենք պատկանում ենք ուղղափառ ժողովուրդների նույն ընտանիքին, որոնք աստիճանաբար վերադառնում են քրիստոնեական հավատի գիրկը, բարոյականության ակունքներին» :

Բոլոր ժամանակներում հայերը Ռուսաստանում ներկայացված էին ոչ միայն առեւտրի, գործարարության, շինարարության, այլեւ բժշկության, գեղանկարչության, ճարտարապետության, մշակույթի ոլորտներում (կարդացեք Վ.Վ.Ստասովին): Դեռեւս Ուղղափառ Ռուսաստանի կազմավորման արշալույսին հայերը ռուսերենից թարգմանել էին «Վարք Բորիսի եւ Գլեբի» եւ նույն ժամանակ էլ հայերենից ռուսերենՙ «Վարք Գրիգոր Լուսավորչի» եւ «Վարք երանելի կույսերի» (խոսքը Հռիփսիմե եւ Գայանե սրբերի մասին է):

Ռուսական պատմության հայր Ն.Մ.Կարամզինը իր «Ռուսական պետության պատմություն» բազմահատորյակում գրում է. «Դեռեւս Մոնոմախի ժամանակներում (իսկ դա XI-XII դարերն էին) Կիեւում փառաբանված էին հայ բժիշկները…» , եւ նշում է հետաքրքրական մանրամասն. «Նրանցից մեկը (ինչպես գրում են), նայելով հիվանդին, միշտ գուշակում էրՙ կարո՞ղ է նա ապրել, եւ հակառակ դեպքում սովորաբար կանխատեսում էր նրա մահվան օրը»:

Գիտե՞ք, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թե ինչի մասին էի ես հաճախ մտածում ղարաբաղյան խառնակ տարիներին: Այն մասին, որ Նորին Կայսերական Մեծություն, Պայծառափայլ եւ Հզորագույն Մեծն Կայսր Տիրակալ եւ Ամենայն Ռուսիո Ինքնակալ Ալեքսանդր Առաջինը կշրջվեր գերեզմանում, իմանալով, որ ադրբեջանցիները թուրք ռազմածովային մասնագետների օգնությամբ խորհրդային (ռուսական) նավերից ապամոնտաժել են հեռահար հրանոթները, դրանք տեղադրել Շուշիի եւ Լաչինի, Աղդամի եւ Խոջալուի կրակակետերում եւ թիրախային զարկեր էին տեղում հայկական գյուղերի, Ղարաբաղի քրիստոնեական հուշարձանների, «Գյուլիստան-Ռուսաստան ճամբարի Ղարաբաղյան տիրույթի բնասահմանի վրա» (ներկայիս Շահումյանի շրջանը), որտեղ Ռուսաստանը եւ Պարսկաստանը պայմանագիր ստորագրեցին հավերժական ժամանակների համար:

Կարեւոր մանրամասն. Ալեքսանդր Առաջինի կողմից ստորագրված Գյուլիստանի դաշնագրում հստակ որոշված է Կասպից ծովի ճակատագիրը «բոլոր ժամանակներում»: Տերը մեկն էրՙ Ռուսաստանը: Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման լուծումը ձեռնտու էր նաեւ Իրանին: Ներկայացնեմ հատված դաշնագրի V հոդվածից. «Իսկ ռազմանավերի առումով, ինչպեսեւ նախկինում պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղության ժամանակ եւ միշտ (!-Զ.Բ.), երբ Ռուսական ռազմական դրոշը միակն էր (!-Զ.Բ.), որ գոյություն ուներ Կասպից ծովում, ապա սույն հարգանքով այժմ էլ նրան է վերապահվում նախկին իրավունքը, որպեսզի բացի Ռուսիո Տերությունից ոչ մի այլ տերություն Կասպից ծովում չունենա ռազմական դրոշ» : Ինչպես տեսնում ենք, Կասպից ծովը պատերազմից առաջ էլ պատկանել է Ռուսաստանին: Հիմա Կասպից ծովում ծածանվում են հինգ դրոշներ: Պարսկաստանը, որ ինը տարի կռվել էր Ռուսաստանի հետ, «անկեղծ ցանկություն ունենալով վերջ դնել պատերազմի աղետներին» եւ ցանկանալով «ամուր հիմքի վրա վերականգնել հաստատուն խաղաղություն», համաձայնվեց մեն-միակ դրոշինՙ Ռուսաստանի դրոշին: Իսկ հիմա, չգիտես որտեղից, մի ողջ ոհմակ հայտնվեց: Ընդ որում, կասկած չկա, որ այսօր Իրանին ամենից շատ անհանգստացնում է հենց ադրբեջանական դրոշը: Եվ որպեսզի արդարացնի, ավելի ճիշտՙ օրինականացնի Կասպից ծովում դրոշ ունենալու իրավունքը, Ադրբեջանը սկսում է թափով հորինել եւ ապա հնացնել իր պատմությունը:

Հայտնի է, որ ԽՍՀՄ կազմավորման առաջին իսկ օրերից սահմանները համարվում էին պայմանական, այսպես ասած, խորհրդային, այն էլՙ հավերժական ժամանակներով: Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ ձեռքից ձեռք էին հանձնվում պատմական ողջ տարածքներ, որոնք հանդիսացել էին այս կամ այն ժողովրդի հայրենիքի մաս: Համարվում էր, թե իբր այդպես էր պետք ընդհանուր երկրին, այդպես էր պետք խորհրդային ժողովրդին, որն արդեն ստացել էր իր բնորոշումըՙ «Նոր պատմական հանրություն-խորհրդային ժողովուրդ»: Ինչպե՞ս այստեղ չմտաբերես Սոլժենիցինին. «Իսկ չէ՞ որ այն տարիներին համարում էին, թե բոլորովին էլ կարեւոր չէ որտեղ անցկացնել սահմանները, մի քիչ էլ կանցնի, եւ ուր որ է բոլոր ազգերը կմիաձուլվեն մեկի: Խորաթափանց Իլյիչ-առաջինը սահմանների հարցը անվանում էր նույնիսկ տասներորդական: Այդպես Ղարաբաղը հատելով տվեցին Ադրբեջանին: Ի՞նչ տարբերություն, թե որտեղ: Այդ պահին պետք էր հաճոյանալ Սովետների սրտալի բարեկամ Թուրքիային» : Իսկ չէ՞ որ Ալեքսանդր Իսաեւիչը կարող էր որպես օրինակ բերել նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ ահռելի ու բազմաշրջան Գարդմանքը (Ելիզավետապոլի գավառի մի մասը): Եվ ոչ միայն դրանք…

Այդ ամենը, սկսած 1813 թվականից, գտնվում էր Ռուսաստանի կազմում: Եվ այդ ողջ տարածքի վրա, ներառյալ թալիշների, քրդերի, թաթերի, բուդուխների, խրիզների, խինալուգների եւ այլ ազգերի ու ազգությունների պատմական հողերը, ստեղծվեց ըստ էության միասնական թուրքական Ադրբեջան հանրապետությունը, որտեղ այդ բոլոր եւ այլ մահմեդական ժողովուրդներ, որոնք դարերով ապրել էին իրենց հայրենիքում, բռնի կերպով ուծացվեցին, մանավանդՙ Ալիեւ ավագի կառավարման տարիներին:

Իսկ ի՞նչ կատարվեց այն տարածքում, որն աշխարհագրական ամենայն մանրամասնություններով ու մանրուքներով նշված է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերում: Ինչպե՞ս այդ տարածքում հայտնվեց միութենական հանրապետություն, որն Աթաթուրքն առաջարկեց կոչել «Ադրբեջանի թուրքական հանրապետություն»: Այդ անվանումը չստացվեց: Փոխարենը, 1974 թվականի աշնանը, ավերելով եւ զավթելով Կիպրոսի տարածքի քառասուն տոկոսը, ի հիշատակ Աթաթուրքի երազանքի, այն անվանեցին «Կիպրոսի Թուրքական հանրապետություն»:

Եվս մեկ կրկնություն. գործնականում ողջ Հարավային Կովկասը պաշտոնապես գտնվում էր Ռուսաստանի կազմում: Այնպես որ, ճիշտ էր Ա. Սոբչակը. իրոք, չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր: Կարելի է, իհարկե, դեմագոգաբար բարբառել, թե իբր, գիտե՞ք, 1917 թվականին իշխանությունը փոխվեց, եւ Ռուսաստանի նոր ղեկավարությունն իր հարցերը լուծում էր ուզածի պես: Այդ դեպքում ի՞նչ պատասխան տալ այն հարցին, թե որտեղի՞ց ծլեց Ադրբեջանը: Խոսքը տարբեր ազգերից ու ազգություններից բաղկացած կոնկրետ բնակչության մասին չէ, որն այն ժամանակ ապրում էր այդ տարածքում, այլ արհեստականորեն ստեղծված «նոր» ժողովրդի մասին է: Չէ՞ որ ո՛չ Գյուլիստանի պայմանագրից առաջ, ո՛չ էլ դրանից հետո գոյություն չուներ ո՛չ այդպիսի ժողովուրդ, ո՛չ այդպիսի երկիր: Սա իմանալը շատ կարեւոր է:

Ես կարծում եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ձեզ համար դժվար չի լինի գտնել Յուժակովի տասնվեց հատորանոց հանրագիտարանը (1904 թվականի) եւ տեսնել «Ազերբայջան» տերմինը, որի դիմաց գրված էՙ «ծայրագավառ Պարսկաստանի հյուսիսում»: Այնտեղ կա Պարսկաստանի քարտեզը: «Ազերբայջան» բառը գրված է ոչ այնտեղ, որտեղ այսօր նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն է, այլ Քուռ գետի աջ ափից ավելի ներքեւ: Դրանից հյուսիս կա Ղարաբաղ, կա Թալիշ, կա Շիրվան, իսկ Ազերբայջան չկա: Հյուսիսային մասում մի քանի ծայրագավառներ են (այդպես էլ գրված էՙ «ծայրագավառ»): Դրանցից մեկն էլ Ազերբայջանն է (Ադերբեյջան): Ընդամենը 36 կարճ տող: Վերջին ինը տողերում խոսվում է բնակչության մասին. «Հյուսիսումՙ թուրքեր են եւ քրդեր»: Երկու տողից հետո նշվում է. «Թուրքերը եւ քրդերը վարում են քոչվորական ապրելաձեւ»: Եվս երկու տողից հետո ընդգծվում է, որ «քրդերը ցածրադիր վայրերում զբաղվում են հողագործությամբ»: Դա նշանակում է, որ թուրքերը, որոնք որոշ ժամանակ անց կոչվեցին ադրբեջանցիներ, վարում էին միայն քոչվորական ապրելաձեւ: Հիշեցնենք, սա տպագրված է 1904 թվականին:

Հարկ է հիշել եւ այն մասին, որ այդ ամբողջ աշխարհագրությունը գտնվել ու հիմա էլ գտնվում է (այդ նույն թուրքերի ու քրդերի ժառանգների հետ միասին) Արաքսի ու Քռի աջ ափերից դեպի հարավ, այսինքնՙ Ռուսաստանի սահմաններից դեպի հարավ, Իրանի տարածքում: Իսկ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը ստեղծեցին, ինչպես արդեն ասել եմ, դեպի ավելի հյուսիս, հիմնականում հայկական պատմական տարածքում, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ: Կարծում եմ, չկա ավելի անհեթեթ, եթե չասենքՙ վտանգավոր բան, քան թույլ տալ քաղաքական գործիչներին չարաշահել «կատարված փաստի» չարաբաստիկ սինդրոմը: Իբր, գնացքն արդեն մեկնել է: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել «պատմական ճշմարտության» հետ, «ի վնաս Ռուսաստանիՙ պատմությունը նենգափոխելու ագրեսիվ փորձերի» դեմ պայքարի հետ: Ճիշտ է, մեր դեպքում խոսքը ոչ միայն պատմության նենգափոխման մասին է, այլեւ ուրիշի հայրենիքը նենգորեն ու բարբարոսաբար զավթելու մասին: Եկեք հիշենք 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի նախօրեն: Ընդամենը մեկ օրինակՙ հրեշավոր իր էությամբ:

Հոգեվարքի մեջ գտնվող Թուրքիան, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրած ամեն ինչ, կորցրած կայսրության կարգավիճակը, բայց շահադիտաբար առաջինը ճանաչելով խորհրդային իշխանությունը, պատվիրակություն է ուղարկում Մոսկվաՙ բոլշեւիկների հետ բանակցելու: Գործընթացը ղեկավարում էր ազգությունների ժողկոմ Ստալինը: Պակտը ստորագրեցին մարտի 16-ին: Իսկ մարտի 4-ին «Ազգությունների կյանքը» պարբերականում Ստալինի տեղակալ Ա.Սաչկոն իր շեֆի թելադրանքով գրեց տեքստՙ ուղղված հայ ժողովրդին: Շատ եմ խնդրում Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ուշադիր հետեւել այդ հրեշի մտքի ընթացքին: Կուսակցության անունից եւ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի Ա.Սաչկոն, նույնն է թե Ստալինը, «կոչ է անում Հայաստանին» ռուս-թուրքական պայմանագրին նվիրված գալիք կոնֆերանսում «զոհաբերել ե՛ւ իր նախկին տարածքները, ե՛ւ իր ժողովրդի այն հատվածը, որը մնացել է Թուրքիայում»:

Ասացեք խնդրեմ, Դուք երբեւէ նման մի բան լսած կա՞քՙ «զոհաբերել սեփական ժողովրդի մի հատվածը»: Իսկ չէ՞ որ դա տեղի էր ունենում այն արյունոտ ժամանակներում, երբ հենց Թուրքիայում դեռեւս շարունակվում էր հայերի ցեղասպանությունը:

Երկար տարիներ ոչ ոք կարգին չգիտեր, թե ինչ էր խոսվել Մոսկովյան կոնֆերանսի կուլիսներում: Միայն մի քանի տասնամյակ անց, Ստալինի մահից անմիջապես հետո, թուրք պատմաբան Բայքլօղլին, հղում կատարելով պատվիրակության ղեկավար Յուսիֆ Բեյզեմին, «Աթաթուրքը Անատոլիայում» գրքում գրելու էր . «1921 թվականի փետրվարի 22-ին Ստալինի հետ առաջին հանդիպման ժամանակ նա մեզ խոստացավ օգնել զենքով, փողով, կենդանի ուժով (Եվ նաեւ կատարեց իր խոստումը: Հիշենք, մի ողջ արշավախումբՙ մեկ բեռնատար ոսկով, զենքով եւ զինամթերքով, Մ. Վ. Ֆրունզեի գլխավորությամբ, որը բարեկամական այցով ուղեւորվեց Թուրքիա: Գիտի՞ արդյոք Ռուսաստանը, որ այդ զենքը օգտագործվեց հայերի դեմ:- Զ.Բ.): Իսկ հայկական հարցը,- ասաց Ստալինը,- դուք արդեն լուծել եք»: Ռուսաստանում Թուրքիայի առաջին դեսպան, պատվիրակության անդամ, գեներալ Ալի Ջեբեսոյը թուրքական «Վաթան» թերթի 1954 թվականի ապրիլի 20-ի համարում գրում է. «Չիչերինը չէր համաձայնվում սահմանների հարցը լուծել հօգուտ Թուրքիայի, եւ միայն Ստալինի շնորհիվ հաջողվեց լուծել այն հարցերը, որոնք բանակցությունները կմտցնեին փակուղի» : Թերթի նույն համարում «Ստալինը եւ հայկական հարցը» հոդվածում Ջեբեսոյը գրում է, որ Ստալինի հետ երկրորդ զրույցի ժամանակ հարցրել են. «Արդյոք հայկական հարցը քննարկվելո՞ւ է կոնֆերանսի ժամանակ» : Նա պատասխանել է. «Դուք ինքներդ լուծել եք: Եթե մնացել են չլուծված հարցեր, ինքներդ էլ լուծեք» : Ի՞նչ է ստացվում վերջնական արդյունքում: Ստալինը մարմնավորում էր Մոսկովյան պայմանագիրը: Մոսկվան մարմնավորում էր Ռուսաստանը: Եվ ստացվում է, թե Ռուսաստանն գործադրեց այդ ողջ մղձավանջը Հայաստանի դեմ: Ո՛չ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այդ ամենը հիմնականում Ռուսաստանի դեմ էր: Ծայրահեղ դեպքում, առաջին հերթին «Ռուսաստանի դեմ»:

Նույն ոգով եւ նույն ոճով ընթացան բանակցությունները յոթ ամիս անց, արդեն Կարսում: Հայկական Կարսում, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ, այն ժամանակ կար ռուսական եկեղեցի, ռուսական գերեզմանատուն, ռուսական դպրոց, որտեղ, ի դեպ, սովորել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Մի խոսքով, այն ամենը, ինչ մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ ոչ միայն Գյուլիստանի, այլեւ, ինչպես տեսնում ենք, Թուրքմենչայի պայմանագրից հետո, գրչի մի հարվածով ակնթարթորեն հայտնվեց Թուրքիայի տիրույթում: Մինչդեռՙ երկու դաշնագրերում էլ հանդիպում է միեւնույն դրույթը.«Նորին Մեծություն Պարսից Շահը իր անունից եւ իր ժառանգների (!-Զ.Բ.) ու հաջորդների անունից (!-Զ.Բ.) Ռուսական կայսրությանն է զիջում որպես կատարյալ սեփականություն…»: Եվ ապա հաջորդում է հայկական նախկին տարածքների ցանկը: Երկու պետություններ, դարեր շարունակ անցնելով հազարավոր փորձանքների ու դժբախտությունների միջով, մեծ կորուստների գնով հասան իրենց փրկիչ պատմական ճշմարտությանը, իսկ այսօր երկարատեւ որոնումների եւ խիզախ փոխզիջումների անգին պտուղներից սրբապղծորեն օգտվում է երրորդ կողմը, որը բոլոր ժամանակներում, ըստ էության, եղել է Պարսկաստանի եւ Ռուսաստանի թշնամին: Եվ բոլոր ժամանակներում, ըստ տրամաբանության, կմնա թշնամի: Մեկ օրինակ. այսօր մեր աչքի առջեւ պանթուրքիստական Թուրքիան ավերում է մահմեդական Սիրիան: Կասկած չկա, որ դա ուղղված է այդ թվում նաեւ Ռուսաստանի եւ Իրանի դեմ:

Բերեմ Մ.Ս.Գորբաչովի հետ կապված մի օրինակ, որի համար «պատմական ճշմարտությունը» դատարկ հնչյուն էր: 1988 թվականի փետրվարի 26-ին նրա հետ Ղարաբաղի հարցով հանդիպման ժամանակ (ինձ հետ էր ականավոր հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը) ես մանրամասնորեն պատմեցի այն մասին, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ողջ տարածքը, որտեղ գտնվում էին մոտ հարյուր հիսուն հայկական բնակավայրեր, ավելի քան երեք հարյուր եկեղեցիներ ու տաճարներ, իսկ հայկական լեգենդար հինավուրց Ջուղայում հաշվվում էին փոքր ճարտարապետության համաշխարհային գլուխգործոցներ հանդիսացող մոտ տասը հազար խաչքարեր, մտցված է խիստ սահմանային գոտու ռեժիմի տակ: Ո՛չ ես, ո՛չ անմոռանալի Սիլվա Կապուտիկյանը բոլորովին էլ չզարմացանք, որ Գորբաչովը չգիտեր այդ մղձավանջի մասին: Իհարկե, բացի ամենայնից, Ադրբեջանի դեմ բողոքներով մեր նամակները կրեմլյան չինովնիկների կողմից ուղարկվում էին Ադրբեջանի ղեկավարությանը: Բերեմ մի փոքրիկ հատված Քաղբյուրոյի նիստում Գորբաչովի ելույթից,որը տեղի ունեցավ մեր հանդիպումից երեք օր անց. «Ողջ Նախիջեւանին վերագրվել է սահմանային գոտու կարգավիճակ: Ազատ մուտքն այնտեղ արգելված է: Բայց չէ՞ որ այնտեղ են թաղված ցեղասպանության զոհերը, այնտեղ են գտնվում նրանց բոլոր գերեզմանները: Այնտեղ կային հայկական մշակույթի իննսուն հուշարձաններ, որոնցից մնացել է մեկը: Եվ վերջ: Ոչ մեկին չեն թողնում այն պատճառաբանությամբ, թե դա սահմանային գոտի է»:

Սա ասում էր ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղարը, դիմելով ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի բոլոր անդամներին եւ անդամության թեկնածուներին, ԽՄԿԿ Կենտկոմի բոլոր քարտուղարներին, կուսակցության Կենտկոմի եւ կառավարության բոլոր հրավիրված պատասխանատու աշխատողներին: Եվ ոչինչ: Բացարձակապես ոչինչ չփոխվեց Նախիջեւանում: Ավելի վատացավ:

Հիշեցնեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, որ դա տեղի էր ունենում 1988 թվականի փետրվարի 29-ի երեկոյան: Այդ ժամերին Սումգայիթում դեռեւս շարունակվում էր հայերի կոտորածը: Եվ Գլխավոր քարտուղարը Քաղբյուրոյի նիստի ընթացքում խնդրեց պաշտպանության նախարար Յազովին բոլորի ներկայությամբ կրկնել այն, ինչ նախորդ օրն իրեն էր պատմել երես առ երես, «Պատմի՛ր, Դմիտրի Տիմոֆեեւիչ, թե ինչպես են այնտեղ սպանում» (ուշադրություն դարձրեք, որ «սպանել» բայը նա արտասանում է ներկա ժամանակով: Գորբաչովը եւ Քաղբյուրոյի անդամները գիտեին, որ կոտորածը դեռ շարունակվում էր): «Երկու կանանց կրծքերը կտրեցին, – պատասխանում է Յազովը,- մի կնոջ գլուխը կտրեցին, իսկ աղջկան մաշկահան արեցին: Այ այսպիսի վայրագություն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշագնաց էին լինում» :

Ներեցեք ինձ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս նատուրալիզմի համար եւ մի մտածեք, թե ես հեռանում եմ «Ոչ թե Ղարաբաղի, այլ Ռուսաստանի խնդիր» թեմայից: Ամեն ինչ իրոք շատ պարզ է ու հասկանալի: Հայկական հսկայական պատմական տարածքը (ողջ Ղարաբաղի Խանությունը Գյուլիստանի երկրամասի հետ, Նախիջեւանի Խանությունը, Ելիզավետպոլի գավառը եւ այլ տարածաշրջաններ) ուղիղ երկու հարյուր տարի առաջ, իննամյա պատերազմից եւ Գյուլիստանի դաշնագրից հետո Պարսկաստանի կազմից անցան Ռուսաստանի կազմ: Բնականաբար, այդ տարածքում ապրում էին նաեւ այլ ազգություններ ու ցեղեր, այդ թվում եւ թուրքեր (թյուրքեր): Լենինը նրանց կոչում էր կովկասյան թաթարներ: Նույն ժամանակ էլ, որպեսզի տարբերեին կովկասի մահմեդականներին Ղրիմի մահմեդականներից, հայտնվեց նոր բառակապակցությունՙ «ադրբեջանական թաթարներ»: Պետք է հաշվի առնել եւ ժամանակը, երբ այս ամենը տեղի էր ունենում:

…Առաջին համաշխարհային պատերազմ: Հայոց ցեղասպանություն: Փետրվարյան հեղափոխություն: Հոկտեմբերյան հեղափոխություն: Այս մթին ու խառնաշփոթ խորապատկերի վրա հոգեվարքի մեջ գտնվող Թուրքիան մոտեցումներ է փնտրում բոլշեւիկների հետ, շողոքորթորեն առաջինն է ճանաչում սովետների իշխանությունը: Տարիներ անց Աթաթուրքը գրելու էր. «Մենք արագացրինք հաստատված կապերը բոլշեւիկների հետ, հուսալով, որ հաջողության դեպքում մենք կոչնչացնենք հայկական պետությունը, որը թարախապալար է մեր երկրի մարմնին»: Լենինը համոզված էր, որ Աթաթուրքը ամենաճշմարիտ հեղափոխական է, որը պայքարում է համաշխարհային իմպերիալիզմի դեմ: Հոկտեմբերյան հեղափոխությունից դեռ կես տարի առաջ Լենինը պահանջեց Ժամանակավոր կառավարությունից ռուսական «օկուպացիոն» զորքերը դուրս բերել Թուրքահայաստանից: Սակայն կառավարության գլուխ կանգնած Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկին ստիպված էր հրապարակավ պատասխանել բոլշեւիկներին. «Մենք չենք կարող հեռանալ Հայաստանից, քանի որ այդ դեպքում Հայաստանից ոչինչ չի մնա: Նա կզոհվի թուրքի յաթաղանից»: Եվ հին տոմարով 1917 թվականի հոկտեմբերի 11-ին, Ձմեռայինը գրավելուց 14 օր առաջ Լենինը գրում է. «Եթե սովետները իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը, մենք պարտավոր ենք (?-Զ.Բ.) զորքերը դուրս բերել Հայաստանից»: Դա կոչվում էր «հեղափոխության արտահանում», տվյալ դեպքումՙ դեպի Արեւելք, Թուրքիա: Հեղափոխության առաջնորդը հարգեց իր խոսքը: Իշխանության գալով նոր, 1918 թվականի նախօրեին, Ստալինի հետ միասին, համենայն դեպս, ստորագրեցին չարագույժ փաստաթուղթը:

Եվ սկսվեց ամենաահավորը: Զորքերը դուրս բերվեցին: Իրոք ծագեց «Ռուսաստանի խնդիրը»: Ոչ առանց Ստալինի օգնության հաշիվները մաքրեցին Գյուլիստանի պայմանագրի արդյունքների հետ: Նույնը արվեց արդեն նաեւ Թուրքմենչայի պայմանագրի արդյունքների հետ: Կարսի մարզը, Արդահանը, Սարիղամիշը իսկույն անցան Թուրքիային: Այդ ժամանակ Անդրկովկասի մահմեդականների մեծամասնությունը, մանավանդ թուրքերը փաստորեն գտնվում էին թուրքական «Մուսավաթ» կուսակցության ազդեցության տակ: Եվ այն ժամանակ ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչու հանկարծ առանձնակի դաժան նենգությամբ, անհավատալի արագությամբ վերսկսվեց հայերի հիմնավոր եւ լայնորեն կազմակերպված կոտորածըՙ հիմա արդեն Բաքվում, Գանձակում (Ելիզավետպոլ, Կիրովաբադ), Շուշիում, որպեսզի վերջնականապես կտրեին Իրանը եւ նախկին իրանական հողերը Ռուսաստանից: Այդպիսին էր ոչ միայն Թուրքիայի, այլեւ Արեւմուտքի գերխնդիրը: Չէ՞ որ Թուրքիան այդ ամենը կազմակերպում էր բացեիբաց, անգլիացիների եւ գերմանացիների օգնությամբ: Հազար անգամ կրկնելու եմ, որ այն ժամանակ այդ ամենը տեղի ունեցավ այսպես ասածՙ Ռուսաստանի իրավաբանական տարածքում:

Հենց միայն այդ հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ գլխավոր հարվածը, ինչպես միշտ էր տեղի ունենում, առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի դեմ, որին, կրկնում եմ, պետք էր վերջապես ու վերջնականորեն կտրել, պոկել Հարավային Կովկասից: Կհնչի այն ժամը, երբ Անգլիան եւ ընդհանրապես Արեւմուտքը կհասկանան, թե ինչ ճակատագրական սխալմունքի մեջ են եղել: Գերմանիան արդեն հիմա դա շոշափելիորեն զգում է: Գերմանացի քաղաքական գործիչներից ինչ-որ մեկը երկրում թուրքերի քանակի կատաղի աճի հետ կապված դիպուկ նշել է. «Օդից Բյուզանդիայի հոտ է գալիս» : Այստեղ գործում է շահերի չարաբաստիկ սկզբունքըՙ ըստ Պալմերսթոնի. «Անգլիան չունի մշտական բարեկամներ: Անգլիան չունի մշտական թշնամիներ: Անգլիան ունի մշտական շահեր» : Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչպես հակադարձեցին թուրքերը Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոնի այդ բանաձեւին: «Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ եւ կլուծի իր հարցերը»:

…Ավաղ, ինքըՙ Ռուսաստանը, փոթորկված հեղափոխական կրքերով, այդպես էլ չհասկացավ, թե ինչի հանգեցրին այդ անգլիական «շահերը», որոնք վերաճեցին թուրքականի: Կարսի պայմանագրից արդեն մեկ տարի անց Աթաթուրքը ջախջախեց Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը: Ստեղծվեց արհեստական պետական կազմավորում, որը, ինչպես գրում է պատմաբան Ե.Ա.Պախոմովը, «կոչեցին նախնական Ադրբեջան անունով» : Թուրքիան շարունակում էր հայերի ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանի տարածքում նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին եւ, համաձայն Հիտլերի հետ պայմանավորվածության, պատրաստվում էր հարձակվել Խորհրդային Միության վրա: Իսկ հարձակման համար ազդանշան պետք է ծառայեր Ստալինգրադի անկումը (կարդացեք Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլեւսկու հուշերը): Եվ մենք (նկատի ունեմ մեր ողջ նախկին երկիրըՙ ԽՍՀՄ-ը) ստիպված էինք վերատեղակայել ամբողջ բանակներ, որոնք այնքան անհրաժեշտ էին Արեւմտյան ճակատին, Ախուրյան գետի ձախ ափում:

Բառացիորեն Հիտլերի ինքնասպանության օրը, իսկ դա, ինչպես հայտնի է, հաղթանակի օրվանից մեկ շաբաթ առաջ էր, Թուրքիան փարիսեցիաբար պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում: Չերչիլի ֆուլտոնյան ճառից հետո, երբ սկսվեց սառը պատերազմը, եւ նախկին դաշնակիցները ստեղծեցին ՆԱՏՕ-ն, ռազմական մասնագետները գտնում էին, որ ոչինչ դուրս չի գա առանց Թուրքիայի, որը ԽՍՀՄ-ի միակ «ոչսոցիալիստական» հարեւանն էր: Եվ այնժամ ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը, որ արդեն հասցրել էր ատոմային ռումբեր նետել Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա, աշխարհով մեկ հայտարարեց. «Թուրքիան ԱՄՆ-ի ամենաարեւելյան սահմանագիծն է: Թուրքիան ԱՄՆ-ի հիսունմեկերորդ նահանգն է» : Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում սկսվեցին «Կոմունիզմի մեծ կառույցները», եւ Թուրքիան պարտավորեցրեց «դուստր-հանրապետությանը», ինչպես կոչում էր Ադրբեջանին, շինարարական իրարանցման քողի տակ, հետպատերազմյան սովի խորապատկերին, Ղարաբաղի, Նախիջեւանի, Գարդմանքի (Ելիզավետպոլի գավառ) հայ շինարարներին քաղցրաձայն կոչել աշխատանքի Սումգայիթի քիմիական կենտրոնի, Մինգեչաուրի ՀԷԿ-ի եւ այլ շինարարություններ:

Հիմա արդեն լավ հայտնի է, թե ինչպիսի ճակատագիր էր սպասվում այդ հայազգի «կոմունիզմի շինարարներին», եւ ինչով դա ավարտվեց 1988 թվականի փետրվարի 26-29-ին Սումգայիթում, 1988 թվականի մայիսի կեսերին Շուշիում, 1988 թվականի սեպտեմբերի 17-ին Խոջալուում, 1988 թվականի հոկտեմբերին Կիրովաբադում, 1990 թվականի հունվարի 13-20-ին Բաքվում: «Կոմունիզմի կառույցներում» չմնաց ոչ մի հատիկ հայ: Ջարդեր, ցեղասպանություն, կոտորած, որոնք Գորբաչովը անվանեց պարզապես «խուլիգանություն»:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի եղեք ուշադրություն դարձնել, թե պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ում եւ Ղարաբաղում քանի գեներալներ, մարշալներ, Խորհրդային Միության հերոսներ, այդ թվում նաեւ կրկնակի հերոսներ, Փառքի շքանշանի լիակատար ասպետներ կային, եւ որքան էին դրանք Ադրբեջանում: Պատերազմից հետո այդ մասին լռեցին: Փոխարենըՙ Թուրքիայում ուրախանում էին, որ Ադրբեջանը, ինչպես Աթաթուրքն էր երազում, արդեն կայացել է որպես պետություն, եւ որ հեռու չէ այն ժամը, երբ բաց կլինեն ճանապարհները դեպի հյուսիս, որտեղ տեղադրված են հյուսիսկովկասյան մահմեդական հանրապետությունները: Դեպի Արեւելք, որտեղ Կասպից ծովից այն կողմ գտնվում են միջինասիական մահմեդական հանրապետությունները: Եվ նույնիսկ հայացք էին գցում Ալթայի վրա, Յակուտիայի վրա: Ընդ որում, ինչպես միշտ է եղել, բոլորովին չէին մտահոգվում, որ վիրավորում էին այդ մահմեդական ժողովուրդներից յուրաքանչյուրի արժանապատվությունը:

Այդ կապակցությամբ մի մեջբերում կատարեմ, որն այսօր շատ բանի մասին է խոսում: 1918 թվականի հունիսին, ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելուց հետո, Թուրքիայի եւ Անդրկովկասյան սեյմի միջեւ Բաթումում կայացած բանակցությունների ժամանակ ոչ այլ ոք, այլ թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան ասաց, դիմելով հայկական պատվիրակությանը. «Դուք տեսնում եք, որ ճակատագիրը մեզ մղում է Արեւմուտքից Արեւելք: Մենք հեռացանք Բալկաններից, հեռանում ենք նաեւ Աֆրիկայից: Բայց պետք է ձգտենք դեպի Արեւելք. այնտեղ է մեր արյունը, մեր կրոնը, մեր լեզուն: Եվ այդ ձգտումը իր տարերային ուժն ունի: Մեզ ճամփաներ են պետք դեպի այդ կողմ: Իսկ դուքՙ հայերդ կանգնած եք մեր ճանապարհին» : Ուշադրություն դարձրեք, այդ դահիճը խոսում էր հարաբերական «նրբանկատ» տոնով: Բանն այն է, որ Բաթումի նիստի բառացիորեն նախօրեին թուրքական բանակը փորձել էր ներխուժել Երեւան մեկ նպատակովՙ վերջնականապես ոչնչացնել Հայաստանը, որպեսզի վերջնականապես կտրի «Հարավային ուղղությունը» (տերմինը Գլխավոր շտաբինն է) Ռուսաստանից: Սակայն ինքը ջախջախվեց Սարդարապատում, Ղարաքիլիսայում եւ Ապարանում: Այդ հաղթանակից հետո էլ ստեղծվեց հայկական առաջին անկախ հանրապետությունը:

Ես ընդգծում եմ այդ պատմական փաստը, հիշեցնելու համար, որ Անդրկովկասի բոլոր երեք հանրապետություններն ստեղծվել են ազգային կուսակցությունների կողմից. վրացական մենշեւիկների, Հայ հեղափոխական դաշնակցության եւ թուրքական «Մուսավաթ» կուսակցության, որի մեջ էին ներգրավել ոչ միայն թուրքերին, այլեւ Կովկասի շատ մահմեդականների, շահարկելով կրոնական ընդհանրությունը: Դա Թուրքիայի նենգամիտ խաղն էր: Ահա եւ ստացվում է, որ եթե Հայաստանը եւ Վրաստանը Անդրկովկասից ռուսական զորքերի դուրս բերումից հետո ստիպված էին ստեղծել անկախ հանրապետություններ, ապա թուրքերն այլ նպատակ ունեինՙ բոլոր մահմեդականներին «հավաքել» նոր հանրապետության մեջ, որը ժամանակին պետք է վերաճեր մենաշնորհային, զուտ թուրքական պետական կազմավորմանՙ ուծացման, թուրքացման ճանապարհով: Այդ գործընթացի հրեշավոր արդյունքները մենք շոշափելիորեն տեսանք արդեն Հայրենական մեծ պատերազմից հետո, ԽՄԿԿ XX համագումարից հետո, Ալիեւների իշխանության գալուց հետո:

Ողբերգական իրավիճակ ստեղծվեց Վրաստանում (ե՛ւ ԽՍՀՄ փլուզումից, ե՛ւ 2008 թվականի իրադարձություններից հետո): 1959 թվականին Վրաստանում ապրում էին 145 հազար ադրբեջանցիներ: 1989 թվականին (ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալներով)ՙ 300 հազար: Ներկայումսՙ կես միլիոնից ավելի: Ահռելի խնդիր կա Աբխազիայում եւ Աջարիայում: Թուրքերի եւ թուրքական ներդրումների բուռն հոսքը այդ երկու տարածաշրջաններ փոխեցին ժողովրդագրական պատկերը: Միայն վերջին տարիներին Թուրքիան Աջարիայում կառուցել է մոտ երկու հարյուր մզկիթ եւ 70 մեդրեսե (իսկ դա ամեն դեպքում բարձրագույն դպրոց է, որը պաշտամունքի, այսինքն թուրքական ծառայողներ է պատրաստում): Այս ամենը մեծ խնդիր է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ռուսաստանի, եւ, իհարկե, Վրաստանի համար: Ճանապարհների խնդիր, կենսապահովման խնդիր: Բայց ամենից սարսափելին այն է, որ ե՛ւ աբխազներին, ե՛ւ աջարներին ապագայում սպասվում է այն ժողովուրդների ճակատագիրը, որոնք ապրում էին Ադրբեջանում խորհրդային եւ հետխորհրդային ժամանակներում:

Բերեմ մի քանի օրինակներ եւ սկսեմ լեզգիների ողբերգական ճակատագից, որում այսօր ընդհանրացված արտացոլվում են այն բոլոր ժողովուրդների ու ցեղերի ճակատագրերը, որոնք հայտնվել էին, այստեղ այդեն պետք է ճշգրիտ արտահայտվելՙ Ադրբեջանի Թուրքական հանրապետությունում. «Լեզգիներին ստիպում են սովորել ադրբեջաներեն լեզվով: Լեզգիների բոլոր պատմական իրադարձությունները վերագրում են ադրբեջանական ժողովրդին, ինքնակամորեն հնացնելով նրա պատմությունը: 1980 թվականին (Հեյդար Ալիեւի օրոք) Բաքվի «Լեզգի-մզկիթը» հանկարծ սկսեց կոչվել պարզապես XVII դարի մզկիթ: Փակեցին լեզգիական թատրոնը, որը գործում էր XIX դարի վերջերից: Հանրապետությունում, որտեղ ապրում են յոթ հարյուր հազար լեզգիներ, վերացվեց այդ լեզվով տպագրվող միակ թերթը: Նույնիսկ 1938 թվականի Խորհրդային մեծ հանրագիտարանը գրում է, որ Ադրբեջանում «խախտվել է ազգային միասնությունը, ինչը հանգեցրել է ազգային փոքրամասնությունների թուրքացման» : Հենց այդպեսՙ թուրքացման: Իսկ սա արդեն մարտավարություն էՙ գործողության մեջ:

Երկու խոսք թալիշների մասին: Տվյալները արեւելագետ Վ.Միլլերինն են. «Լենքորանի շրջանում թալիշները կազմում էին բնակչության 86,3 տոկոսը, Զուվանդի շրջանումՙ 82,4, Աստարայի շրջանումՙ 86 եւ Մասսալայիՙ 80: Դա 1962 թվականին էր: Իսկ հիմա տեսեք, թե ինչ կատարվեց այդ տոկոսների հետ ութ տարի անց. «Համաձայն 1970 թվականի մարդահամարի, հանրապետությունում չկար այդ հինավուրց ժողովրդի ոչ մի ներկայացուցիչ» : Ես մի թալիշ ընկեր ունեիՙ Թալիշինսկի ազգանունով: Ահա թե ինչ ասաց նա այդ «չարագուշակ մարդահամարի» մասին. «Գիտե՞ք, թե որքան սարսափելի է ամենաիսկական ցեղասպանություն վերապրել թղթի վրա: Մի կողմից շարունակում ես ապրել, հավատալ Ալլահին, բայց ինքդ չկաս պատմության մեջ: Նախնիներդ թալիշներ են եղել, իսկ հիմա մեզ վերաձեւել են այսպես կոչված «թուրք-ազերիների» :

Եթե միայն իմանայիք, թե քանի-քանի այդպիսի ահավոր փաստարկներ կան իմ տետրերում ու գրքերում: Այդ տվյալներն ամենից շատ պետք են Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Պետք են Ռուսաստանին: Այդ փաստարկները ցույց են տալիս, թե ինչպես մեր ընդհանուր տարածքի վրա ստեղծվեց նոր թուրքական հանրապետությունՙ սահմանային ծայրամասում: Այսօր դա առհասարակ ոչ մի ծայրամաս էլ չէ: Դուք կարծում եք պատահակա՞ն էր, որ Թուրքիան, դեռեւս 1921 թվականին օգտագործելով Ստալինին, հասավ նրան, որ նորաստեղծ Ադրբեջանին հանձնվի Նախիջեւանըՙ «առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի»: Պատահական չէր եւ այն, որ շուտով փափուկ բարձ դնելով Իրանի շահնշահի գլխի տակ, տիրացավ (հսկայական միջոցների գնով) մի կտոր տարածքի Արաքսի աջ ափում: Այդպիսով նա մոտ տասը կիլոմետրանոց սահման ձեռք բերեց Նախիջեւանի հետ: Եվ կարծում եք պատահակա՞ն էր, երբ Ալիեւը, լինելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, որը, բացի ամենայնից, տնօրինում էր նաեւ տրանսպորտը, ցանկացավ «իր ճանապարհը» գցել Նախիջեւանից դեպի այսպես ասած «մայրցամաքային» Ադրբեջան: Չէ՞ որ դա արվեց միայն նրա համար, որ Հայաստանը (եւ Ռուսաստանը նույնպես) կտրեն Իրանից: Բոլորովին պատահական չէր եւ այն, որ Հայաստանն Իրանին կապող Մեղրու շրջանը թուրքական վարչապետն անվանեց «Անիծյալ սեպ»: Ինչպեսեւ պատահական չէր, որ տխրահռչակ Պոլ Գոբլն առաջարկում էր այդ նույն «անիծյալ սեպի» դիմաց Հայաստանին տալ Ղարաբաղը: Չեմ կարծում, թե ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի միմյանց փոխարինող համանախագահները տեղյակ են այն ամենին, ինչի մասին խոսում եմ:

Պատահական չէր եւ այն, որ դանդաղ, բայց հաստատուն ազատվում էին այսպես կոչված փոքր ժողովուրդներից: Այդ կապակցությամբ խոսենք քրդերի մասին: «Մահմեդական աշխարհն այսօր լռում է, տեսնելով, թե ինչպես են ադրբեջանցիները զանազան հնարքների օգնությամբ, խաբեությամբ ձգտում «յուրացնել» մեկ քառորդ միլիոն քուրդ մահմեդականներին: Ինչո՞ւ քրդերի հետ նույն բանը չի կատարվում Հայաստանում եւ Վրաստանում: Չէ՞ որ այդ հանրապետություններն էլ Ադրբեջանի նման ներառված էին նույն սոցիալ-տնտեսական համակարգում: Օրինակ, Հայաստանում քրդերի համար կան դպրոցներ, քրդագիտական կենտրոն, Գրողների միության բաժանմունք, հրատարակչություն, տպագրվում է թերթ: Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները քրդերի մահմեդական դավանանքի փաստը օգտագործում են ուծացման, այսինքն ցեղասպանության նպատակներով: Ազգային պատկանելությունը նրանք գիտակցված կերպով փոխարինում են կրոնականով, այսպիսով սեփականացնելով մի ողջ ժողովրդի» , – գրել է հայտնի քուրդ գիտնական Շաքրո Մհոն:

Ասացեք խնդրեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, դե ինչպե՞ս այս ամենից հետո Դուք Մինսկի խմբի Ձեր գործընկերների հետ գեթ մեկ վայրկյան կարող եք մտածել Ղարաբաղը Թուրքիային տալու մասին: Մի՞թե պարզ չէ, թե ինչ կկատարվի Ղարաբաղի հետ անմիջապես եւ Ռուսաստանի հետՙ որոշ ժամանակ անց:

…Կյանքը վաղուց ցույց է տվել, թե ամբողջ ժողովուրդների ինչպիսի հրեշավոր աղետի է հասցրել Գյուլիստանի դաշնագրի էության, իմաստի, հումանիզմի սրբապղծումը, դաշնագիր, որին նույնիսկ պարտված կողմը, մանավանդ տարիներ անց, վերաբերվել է եւ փիլիսոփայաբար, եւ՛ ճշտված մարտավարությամբ: Ռուսաստանն իր սահմաններն ամրապնդեց, ունենալով այնպիսի պատվար, ինչպիսին Հայաստանն է: Իսկ Իրանն, ըստ էության, ազատվեց այն տարածքից, որտեղ վխտում էին իր դարավոր թշնամիները:

Տեսեք, թե ինչպիսի համառությամբ են թուրքերն ու ադրբեջանցիները պարզապես պղծում Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերի արդյունքները: Նրանք դա անում են լկտիաբար: Եվ այդ ցինիզմը շարունակվում է մինչեւ օրս: Իրենց կեղծ պատմությունը օրինականացնելու, դեռ մի բան էլ հնացնելու նպատակով Ալիեւ-ավագը (դա 1998 թվականին էր, Ելցինի օրոք, երբ Դուք ՀՖԲ-ի տնօրենն էիք) նա ծաղրալի օրենք ընդունեց…ադրբեջանցիների ցեղասպանության մասին: Եվ նույնիսկ հատուկ օր մտածեցՙ մարտի 31-ը: Ասենք, ինչո՞ւ ոչ: Հայերն ու հրեաներն ունեն այդպիսի օր: Ինչո՞ւ իրենք էլ չունենան: Եվ պարզվում է, գիտե՞քՙ ըստ Ալիեւի ով կատարեց իր երկրի պետական քաղաքականության աստիճանով իրագործված այդ «հանցագործությունը»: Ռուսաստանը: Ճիշտ է, Ալիեւը գտնում է, որ այդտեղ խառն էր նաեւ հայ շովինիստների մատը: Պատկերացրեք, Դեր-Զոր անապատի տաք ավազներըՙ ամբողջովին կարմրած հայկական արյունից, մեկուկես միլիոն գազանաբար սպանված հայեր, ոչ միայն պարզապես օթեւանից, այլեւ հայրենիքից զրկված միլիոնավոր փախստականներ, եւ հանկարծ այդ նույն ժամանակ հայերն իրագործում են մի ժողովրդի ցեղասպանություն, որն իրականում դեռեւս գոյություն չուներ: Եվ որպեսզի իրոք հնացնի իրենց եւ գոնե մի փոքր ճշմարտանման հնչի, Ալիեւը խորանում է ժամանակի մեջ, մեղադրելով Ռուսաստանին բոլոր մահացու մեղքերում: Այստեղ ավելի շատ բաժին հասավ ե՛ւ Պետրոս Առաջինին, ե՛ւ Եկատերինա Երկրորդին, ե՛ւ Ալեքսանդր Առաջինին ու Նիկոլայ Առաջինին, ե՛ւ, իհարկե, ամբողջությամբ վերցրածՙ Ռուսաստանին ու Իրանին: Փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է. «Ադրբեջանի հյուսիսային մասը նվաճվեց (?-Զ.Բ.) Ռուսաստանի կողմից, նրա հարավային մասը հայտնվեց (?-Զ.Բ.) Իրանական պետության տիրապետության տակ»: Եվ սա արդեն միայն ճղճիմ կեղծիք չէ: Սա տիպիկ թուրքական քաղաքականություն է:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, համառորեն խնդրում եմ գտնել հինգ րոպեՙ կարդալու համար այդ զառանցանքը այսպես կոչված ադրբեջանական ցեղասպանության մասին, եւ այնժամ Դուք կհամոզվեք, որ այսօր ողջ աշխարհում նույն ոճով, նույն բառերով անհեթեթություն ու սադրանք է տարածվում «Խոջալու» անվան տակ: Աշխարհի բազմաթիվ լեզուներով Խոջալուի մասին հրատարակվող յուրաքանչյուր գրքում հորինվում են նոր դրվագներ, սյուժեներ, զոհերի նոր թվեր, որոնց քանակը արդեն հասել է մինչեւ 10 հազարի: 1989 թվականի մարտի 25-ին ես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր ընտրվեցի Ասկերանի ազգային-տարածքային օկրուգից, որի մեջ էր մտնում Խոջալու գյուղը եւ որն արդեն այդ ժամանակ վերածված էր կրակակետի: Այսպես, ուրեմն, Խոջալուում, որտեղ միայն ադրբեջանցիներ էին ապրում, ընտրողների քանակն ընդամենը մոտ 800 մարդ էր: Ի դեպ, ընտրություններից երկու ամիս առաջ, 1989 թվականի հունվարի 15-ին ԽՍՀՄ բնակչության մարդահամար անցկացվեց, այնպես որ, այդ ամենը կարելի է ստուգել: Խոջալուի մասին առաջին սադրիչ հրապարակումները հայտնվեցին Թուրքիայում, որը միշտ առաջ է անցնում իրադարձություններից: Այն մասին, թե իրականում ինչ էր տեղի ունենում Խոջալու կրակակետում եւ դրա շրջակայքում, կարելի է կարդալ «Նեզավիսիմայա գազետա»-ի 1992 թվականի ապրիլի 4-ի համարում: Հեղինակը ոչ այլ ոք է, քան Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովը:

Արդյոք ուշադրություն դարձրե՞լ եք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, որ պուտչից հետո, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների հինգերորդ, վերջին համագումարից հետո Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգուտ Օզալը արդեն անթաքույց շտապեց այցելություններ կատարել բոլոր միութենական մահմեդական հանրապետություններ եւ ինքնավար կազմավորումներ, իր դեսպանությունները ստեղծելով դեռեւս գործող խորհրդային իշխանության օրոք: Այդ նույն ժամանակ էլ լեգալ կերպով, անարգել Ռուսաստան հորդեցին թուրքերի բազմություններ: Իրոք որ, ծայր առավ «Բյուզանդիայի սինդրոմ»: Այդպես եղավ 1453 թվականին Բյուզանդիայում, որտեղ առանց առանձնակի դժվարությունների, ահռելի կայսրության տերերը դարձան թուրքերը: Իննսունական թվականների քաղցած եւ ցուրտ Ռուսաստանում հանկարծ հայտնվեցին «էժան» բանվորական ուժի ողջ բրիգադներ Թուրքիայից: Քանզի այդ ժամանակ հետխորհրդային, ավելի ճիշտՙ լուժկովյան Մոսկվան սկսեց հիմնավորապես վերակառուցվել նոր ձեւով, որը ոչ մի ընդհանուր բան չուներ ավանդական ռուսական ճարտարապետության հետ: Այն տարիներին ես հաճախ էի մտածում այն մասին, որ եղել է ժամանակ, երբ Ռուսաստանում շինարարական եւ ճարտարապետական աշխատանք կատարել են նաեւ հայերը: Այստեղ ճիշտ պահն է հիշելու ռուսական ազգային ոգու մեծ կրող, ռուսական ազգային արվեստի մարտիկ, ռուսական մշակույթի մեծ գործիչ Վլադիմիր Վասիլեւիչ Ստասովին: Հաստատելով, որ հայերը եւ վրացիները Ռուսաստան են եկել ոչ դատարկ ձեռքերով, նա գրել է. «…հայկական եւ վրացական արվեստները հայտնի դարաշրջանում մեծ ազդեցություն են ունեցել ռուսական արվեստի վրա նրա ձեւավորման ժամանակներում, եւ ներկայումս անհնար է, ուսումնասիրելով ռուսական արվեստի առաջին դարերը ճարտարապետության կամ գեղարվեստական զարդանախշության, մասնավորապես էլՙ գեղանկարչության առումով, մի կողմ թողնել հայկական եւ վրացական արվեստները…»:

Եվ ահա հիմա կառուցում էին նոր Մոսկվա այն սկզբունքով, թե ով ավելի շատ կվճարի եւ ով ավելի էժան կկառուցի: Այդ նպատակի համար Թուրքիայի հետ դարպասները կրնկի վրա բաց էին: Այդ ահռելի բանակը միայն շինարարներից չէր բաղկացած: Եվ թուրքական արտագնացների ծախսերն իրենց վրա էին վերցրել ոչ թե ինչ-որ շինարարական ընկերություններ, այլ …թուրքական կրթական հիմնադրամները, որոնք լիցեյներ են ֆինանսավորում Ռուսաստանում: Խոսքը բացառապես թուրքական «Ուֆուկ», «Սերհատ», «Տորոս», «Տոլերանս», «Էֆլյըք» եւ այլ հիմնադրամների մասին է, որոնք պանթուրքիստական ուղղության «Նուրջալար» իսլամական կրոնա-ծայրահեղական աղանդի կառուցվածքային ստորաբաժանումներն են:

Դժվար չէ գուշակել, թե ինչու պանթուրքիզմի այդ չարագուշակ ծրագիրը սկսեց մշակվել եւ կենսագործվել հենց 1993 թվականին: Դա, ինչպես հայտնի է, ռուսական հասարակության մեջ անհավատալի պառակտման եւ քաոսի տարին էր: Եվ օգտվելով իրավիճակից, իրարանցումից, խառնաշփոթից, պանթուրքիստները հենց 1993 թվականին Բիշքեկում անցկացրեցին նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող թուրքալեզու ժողովուրդների համագումար: Եվ այնտեղ բացարձակ բացեիբաց խոսվեց ոչ թե Իրանի, ոչ թե իսլամական կոնգրեսի, ոչ թե ինչ-որ իսլամական կրոնական կազմակերպությունների, այլ միայն ու միայն Անկարայի, Թուրքիայի, պանթուրքիզմի գործուն մտադրության մասինՙ իրենց ազդեցությունը տարածելու Ռուսաստանի մահմեդական տարածաշրջանների վրա:

Վստահաբար կարող եմ ասել, որ դարերով Ռուսաստանում ապրած մահմեդական ժողովուրդներից ոչ մեկը ելույթ չունեցավ Ռուսաստանի դեմ, քրիստոնյաների դեմ: Եթե ինչ-որ բան էլ կար, ապա, որպես կանոնՙ դրսից կազմակերպված սադրանք էր. «Գորշ գայլեր», «Ազգայնական շարժման կուսակցություն», «Ընտանեկան օջախ Թուրան» եւ այլն: Այդ մասին լավ գիտեն հայերը: Հայաստանում առհասարակ երբեք արմատ չի գցի ոչ հակասեմիթը, ոչ հակաիսլամիստը, ոչ մոլի կոսմոպոլիտը: Հազարամյակներ շարունակ գտնվելով քարավանային ճանապարհների խաչմերուկում, ներքաշել ենք մեր մեջ տարբեր փիլիսոփայություն, տարբեր մշակույթ, որը մեզ դարձրել է հանդուրժողական: Ահա արդեն ավելի քան չորս դար Իրանում խաղաղ ու բարեկամաբար հարեւանություն են անում մահմեդական մզկիթը եւ հայկական առաքելական եկեղեցին: Նույնը կարելի է ասել փոխադարձաբար հարստացնող մշակույթի, գրականության, հրատարակության, սպորտի եւ նույնիսկ քաղաքականության մասին: Ահա արդեն ավելի քան հարյուր տարի հայերը սրտանց ու անկեղծաբար իրենց խորին երախտագիտությունն են հայտնում ողջ Արաբական աշխարհի, Հյուսիսային Աֆրիկայի, Հյուսիսային Կովկասի եւ Պովոլժիեյի մահմեդականներին մեր այն հայրենակիցների հանդեպ ցուցաբերած հումանիզմի, մարդկային օգնության, եղբայրաբար տրամադրած օթեւանի համար, որոնք հրաշքով փրկվել էին Ցեղասպանության ժամանակ Թուրքիայում: Ընդգծենք, մահմեդական Թուրքիայում:

Հենց այդ պատճառով էլ անթույլատրելի է որեւէ ընդհանրացում անել: Պանթուրքիզմը նույնը չէ ինչ կրոնը: Դա քաղաքականություն էՙ ֆաշիստական ուղղվածությամբ: Պատահական չէր, որ իր մարդասպաններին 1939 թվականի օգոստոսին Լեհաստան ուղարկելուց առաջ Հիտլերը հանգստացնում էր նրանց. «Ո՞վ է այսօր հիշում Թուրքիայում հայերի ոչնչացման մասին» : Եվ եթե գերմանական ժողովուրդը իր մեջ ուժ գտավ եւ ապաշխարեց հրեաների առջեւ, ապա Թուրքիան ոչ մի նման բան երբեք չի անի: Ավելին, նա բոլոր հաջորդած տասնամյակների ընթացքում շարունակել է իրագործել հայերի ցեղասպանությունը ոչ միայն Սումգայիթում եւ Բաքվում, այլեւ հայկական ողջ պատմական տարածքում, որը, հիշենք Սոլժենիցինի խոսքերըՙ «կտրեցին-տվեցին» նորաստեղծ հանրապետությանը, որը պայմանականորեն (այսինքնՙ նախապես, ժամանակավորապես) անվանվեց Ադրբեջան: Աթաթուրքը առաջինը կազմեց հետեւյալ բանաձեւը. «Թուրքիա եւ Ադրբեջան մեկ լեզու, մեկ հավատ, մեկ արյուն» :

Տասնամյակներ անց, գտնվելով Բաքվում, Թուրքիայի վարչապետ Դեմիրելը ասելու էր. «Եղբայրներՙ հավատքով, եղբայրներՙ լեզվով, եղբայրներՙ արյամբ» : Իսկ տարիներ անց Ալիեւ ավագը քիչ այլ կերպ էր ասելու. «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» : Եվ հավելելու էրՙ «առայժմ»:

Մի՞թե հասկանալի չէ, որ ստեղծվել է եւս մեկ Թուրքիա եւ հայերի ու մյուս հարեւանների նկատմամբ իրեն պահում է ինչպես Օսմանյան Թուրքիան: Եվ պե՞տք է արդյոք զարմանալ, երբ Ալիեւ կրտսերը տոնական, հանդիսավոր պայմաններում, ողջ աշխարհի աչքի առջեւ ծաղիկներով դիմավորում եւ գրկում է դահճին, որը կացնով կտրել է քնած մարդու գլուխը միայն այն պատճառով, որ նա ազգությամբ հայ էր: Իսկ Դուք գործի բերումով մեկ անգամ չէ, որ լսել եք այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը «սեփական» հանրագիտական բառարաններից անձամբ ջնջում բոլոր հայկական անվանումներն ու տերմինները, որ նա, արհամարհելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախազգուշացումները, գետնին է հավասարեցրել իր հորից հետո դեռեւս մնացած բոլոր եկեղեցիներն ու խաչքարերը եւ այդ ամենից հետո ցինիկաբար հայտարարում է Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբին, թե անձամբ երաշխավորում է լայն լիազորություններ Ղարաբաղի հայերին: Նույնն էր ասում 1921 թվականին Թուրքիան Կարսում հայկական Նախիջեւանի մասին, որտեղ այսօր չի մնացել ոչ մի բնիկ հայ, ոչ մի եկեղեցի, ոչ մի խաչքար:

…Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկրորդ անգամ ընտրվելով Ռուսաստանի նախագահ, Դուք երկրորդ անգամ ինքնըստինքյան դարձաք ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահ: Մենք անընդհատ լսում ենք այն մասին, թե իբր ժամանակն է արդեն «ինչ-որ բան» ձեռնարկել: Կցանկանայի ձեզ խորհուրդ տալ. մի՛ շտապեք (ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ միասին) կատարել մինչեւ վերջ չմտածված, մինչեւ վերջ չհաշվարկված քայլ: Երբ մոտենում ես անդունդի եզրին, անհրաժեշտ է անել ամենից սթափ, փրկիչ քայլըՙ քայլ ետ: Մտածեք վաղը չէ մյուս օրվա մասին: Մի՛ մոռացեք, որ ձմռանը ցուրտ է լինում: Սա պրիմիտիվիզմ չէ: Սա վաղվա օրվա, ապագայի համար անհանգստության նորմալ զգացում է: Նման մի բան լսել եմ Կամչատկայի տունդրայում իմաստուն կորյակ ծերունիներից, որոնց մասին շատ պատմվածքներ ու վիպակներ եմ գրել: Նույնիսկ հարյուր միլիարդի ապրանքաշրջանառությունը (Ռուսաստան-Թուրքիա) չպետք է բթացնի իմաստության զգացումը, վաղվա օրվա համար անհանգստության զգացումը եւ այն բանի գիտակցումը, որ կառավարողներն ավելի շատ ունեն իմաստունների կարիքը, քան իմաստուններըՙ կառավարողների:

Քսան տարի է անցել Մինսկի խմբի հիմնադրումից: Անգամՙ քիչ ավելի: Եվ այդ ամբողջ ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների ամեն մի նոր սերունդ ապարդյուն փորձում էր հասկանալ, տվյալ կոնկրետ դեպքումՙ «ինքնորոշում» եւ «տարածքային ամբողջականություն» երկընտրանքի անհեթեթությունը: Դե «ինքնորոշումը» դեռ հասկանալի է: Բայց ո՞վ է որոշել խորհրդային հանրապետությունների պատմական սահմանները: Միասնական պետությունում, ինչպես արդեն ասել ենք, դրանք պայմանական էին: Չէ որ Հելսինկյան համաձայնագրերի վերջնական արձանագրությունը բոլոր հանրապետությունների, ամբողջ ԽՍՀՄ-ի անունից 1975 թվականի օգոստոսին ստորագրել է մի մարդՙ Լ. Ի. Բրեժնեւը: Այնպես որ, եթե պետք է խոսել տարածքային ամբողջականության մասին, ապա խոսք կլինի բացառապես ամբողջ ԽՍՀՄ-ի 22 միլիոն 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին, որի մեջ մտնում էին բոլոր 15 հանրապետությունները: Եվ եթե մեզ թույլ տանք խոսել յուրաքանչյուր հանրապետության իրական տարածքի մասին, այդ թվում եւ՛ ՌՍՖԽՀ-ի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, ըստ էության անհրաժեշտ է նոր «Հելսինկի»:

Այս կապակցությամբ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, ներեցեք չափն անցնելու համար, խորհուրդ կտայի Ձեզ մտորել իրոք սուրբ մի հարցի մասին. ամեն դեպքումՙ ինչպե՞ս է այսպես ստացվել: Այն ամենից հետո, ինչ միասին ապրել են ռուս եւ հայ ժողովուրդները, հանկարծ ընդհանուր սահմաններ չունենք: Անհավատալի է: Հենց միայն XIX դարի առաջին քառորդում Ձեր եւ մեր ավելի քան 200 հազար նախնիներ իրենց կյանքն են տվել այն բանի համար, որ միավորվեն, այն բանի համար, որ ամրապնդեն «Հարավային ուղղությունը»: Շատ հաճախ նրանց թաղում էին ընդհանուր եղբայրական գերեզմաններում: Այնտեղ, հավանաբար, ե՛ւ Ձեր, ե՛ւ իմ նախնիներն էին:

Ես խորապես համոզված եմ, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում, սթափության թելերից հյուսված տրամաբանությունը համառորեն պարտադրում է ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, եւ Մինսկի խմբի Ձեր գործընկերներինՙ բառիս ուղղակի եւ բուն իմաստով, անել միակ, իրոք իմաստուն քայլը: Վերցնել ու այցելել Ղարաբաղ, այցելել ազատագրված շրջաններ, ձեռքերով դիպչել Ամարաս եզակի տաճարին, որտեղ քսանական թվականներին որպես երեց քահանա էր ծառայում իմ նախապապ Հովհաննեսը, որը , ինչպեսեւ իմ հայրը, դարձավ ստալինիզմի զոհ: Տաճարը IV դարում կառուցել է առաջին Ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռը, Գրիգոր Լուսավորչի, որի շնորհիվ Հայաստանը 301 թվականին առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Իսկ եթե Ձեզ եւ Ձեր գործընկերներին թվա, թե չորրորդ դարի տաճարը ժամանակային առումով չափից ավելի հեռու է, ապա առաջարկում եմ այցելել այլ եզակի տաճարՙ Դադիվանք: Սա արդեն վեցերորդ դար է: Եթե դա էլ չափից ավելի է հեռացած դեպի դարերի խորքը, ապա կարող եք այցելել XII դարի համաշխարհային տաճարաշինության գլուխգործոց Գանձասար, որտեղից, կարելի է ասել, առաջին հայ դիվանագետ Իսրայել Օրին XVII դարի ավարտին ճանապարհվեց Պետրոս Առաջինի մոտ: Կարելի է ավելի մոտ ժամանակներ ընտրել, այցելելով Շուշիի Քրիստոս Փրկչի տաճար: Շինարարությունը սկսվել է 1868 թվականին, Ալեքսանդր Երկրորդի հովանավորությամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ IV-ի օրոք եւ ավարտվել է Ալեքսանդր Երրորդի եւ կաթողիկոս Մարգար Առաջինի օրոք, 1887 թվականին: Կարող եք հասցնել ներկա լինել նաեւ Մայր տաճարի բացմանը Ստեփանակերտում, որը կառուցվում է 1930 թվականին ավերված եկեղեցու տեղում: Դա այն տարին էր, երբ Ստալինին հանդիսավոր հանձնեցին աթեիստների միության անդամի թիվ մեկ վկայականը: Բայց ամենագլխավորն այն է, որ հանդիպեք ղարաբաղցիներին, որոնց նախնիները կռվել են Գյուլիստանի երկրամասում XIX դարի սկզբին եւ որոնք ուղիղ, այսպես ասած, արյունակցական կապ ունեն Գյուլիստանի պայմանագրի կենդանի պատմության հետ: Այդ իսկ պատճառով էլ մենք պատմական իրավունք ունենք Ձեզ հրավիրել Արցախ, Գյուլիստան:

 

…Մոտավորապես մեկուկես դար առաջ, կարելի է ասելՙ Ձեր գործընկերը, Անգլիայի վարչապետ Բենջամեն Դիզրայելին գրել է հակիրճ, բայց շատ իմաստուն նախադասություն. «Արդարությունը ճշմարտությունն է գործողության մեջ» : Իսկ ճշմարիտ արդարությունը դժվար է պատկերացնել առանց օրենքի եւ նույնպես գործողության մեջ: Առանց դատի: Ի դեպ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, «Министерство юстиции» բառակապակցությունը հայերեն թարգմանվում է որպես «արդար դատի նախարարություն»: Եվ վերադառնալով մեր թեմային պատմական ճշմարտության մասին, որը պետք է լինի կոնկրետ, ես տեսնում եմ արդարացի ելքը կարծես թե ճակատագրական իրավիճակից, որում մենք բոլորս հայտնվել ենք, Սումգայիթում եւ Բաքվում հայերի ցեղասպանության կազմակերպիչների եւ կատարողների դեմ արդար դատի մեջ: Հիշեցնեմ, դատավարություններն ընթանում էին Մոսկվայում եւ ԽՍՀՄ այլ քաղաքներում: Սակայն մինչեւ հիմա պարզ չէ, թե ով հրաման տվեց դադարեցնել դատալսումները: Անհավատալի ցինիզմ կար եւ նրանում, որ շուտով բոլոր մարդասպանները ազատ արձակվեցին եւ Ադրբեջանում բարձրացվեցին ազգային հերոսների աստիճանի:

Սումգայիթի եւ Բաքվի զոհերի ողբերգությունը նաեւ նրանում է, որ նրանք համարյա բոլորը Ղարաբաղի նախկին բնակիչներ էին կամ նրանց սերունդներ: Դրանք մարդիկ էին, որոնք կորցրել էին իրենց հայրենիքը, որն այսօր-վաղը, եթե ոչինչ չձեռնարկվի, կդառնա թուրքական: Եվ այնժամ (սա գուցե ամենակարեւորն է իմ բաց նամակում) Ռուսաստանի սահմանները կանցնեն սրտիս հարազատ Ռյազանի մարզով (ես ավարտել եմ Ռյազանի բժշկական ինստիտուտը): Դրանից վախենում են եւ իրանցիները, որոնք արդեն բացեիբաց սպառնում են Բաքվին վերանայել Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը: Ուրմիա նահանգից պառլամենտի պատգամավորը պաշտոնապես նախազգուշացրեց Ադրբեջանի առաջնորդներին (որոնց երկիրը, նրա խոսքերով, գոյություն ունի ընդամենը 22 տարիՙ 1991 թվականից), որ եթե նրանք չհրաժարվեն իրենց հակաիրանական գործողություններից, ապա պառլամենտը կվերանայի երկու պայմանագրերն էլ: Եվ միաժամանակ ավելացրեց. «Եթե հանրաքվե անցկացվի ադրբեջանցի այն բնակիչների շրջանում, որոնք համաձայն Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի պայմանների անջատվել էին Իրանից, ապա նրանք կքվեարկեն այն բանի օգտին, որ նորից մտնեն Իրանի կազմ: Իսկ պատճառը մեկն էՙ միայն թե մի բան պատահելու դեպքում չհայտնվեն Թուրքիայում» :

Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ եմ խնդրում Ձեզ, եկեք ձեռքը սրտին դրած, անկեղծորեն եւ բացորոշ մտորենք այն դիլեմայի շուրջ, թե այդ ինչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել, եթե վաղը հանկարծ Մինսկի խումբը վճռի վերջապես ասել իր վերջնական խոսքը: Չէ՞ որ ըստ պատմական ճշմարտության տրամաբանության, եթե իսկական փոխզիջման մասին ենք խոսում, ապա մեր կոնկրետ դեպքում պետք է նկատի ունենալ նաեւ ողջ հայկական Նախիջեւանը (ողջ ինքնավար հանրապետությունը), Շահումյանի շրջանը, Ելիզավետապոլի գավառը, հայ մարշալների եւ գեներալների լեգենդար գյուղ Չարդախլուն եւ շատ այլ տարածաշրջաններ: Մի՞թե ինչ-որ մեկը ձեռքերը հուսահատ տարածելով կասի, թե Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում արդեն հայեր չկան, այդ իսկ պատճառով էլ խնդիր չկա: Նորից հիշենք Ստալինին. «Չկա մարդը, չկա խնդիրը» :

Խորամուխ եղեք, խնդրեմ. նախկին ԽՍՀՄ տարածքում չկա ոչ մի ինքնավար կազմավորում, ընդհուպ փոքրիկ ազգային օկրուգներ, որտեղ բնիկ բնակչությունը դադարել է գոյություն ունենալ: Դա կատարվել է բացառապես միայն Ադրբեջանում: Ուրիշ ոչ մի տեղ: Եվ այդ կապակցությամբՙ այդ ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, եթե, ինչպես մենք արդեն գիտենք, մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունը գոյություն չուներ ոչ մի Ադրբեջան: Մի՞թե պարզ չէ, որ բոլոր փոխզիջումների ցանկում պետք է ներառել բոլոր հայկական տարածքները, որոնք անօրինական կերպով մտած են արհեստականորեն ստեղծված միութենական հանրապետության կազմ: Ինչ վերաբերվում է կոնկրետ Ղարաբաղին, չի կարելի կուրորեն գերի մնալ Ստալինի հրեշավոր սադրանքին, որը բառացիորեն ուժով վերանայեց ՀամԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 4-ի որոշումը եւ հուլիսի 5-ին լկտիաբար Ղարաբաղը «տվեց» Ադրբեջանին: Չէ՞ որ դա փաստաթուղթ էՙ անուններով, ազգանուններով: Փաստ է: Դա ճշմարտություն է:

Վտանգավոր եւ մեղսալի է ենթադրել, թե իբր այլեւս ոչինչ չես անի: Իբր այդ ամենը եղել է հեռավոր անցյալում: Մտածեք, խնդրում եմ, տեսանելի ապագայի մասին: Ինձ երբեմն թվում է, թե այդ Ձեզ, Մինսկի խմբի Ձեր գործընկերներին է տասնվեց դարերի խորքից դիմում մեծ պատմիչը,եպիսկոպոս Եղիշեն, Ավարայրի ճակատամարտի մասին (ճակատամարտ, որտեղ հայ ժողղովուրդը արյան գնով կարողացավ պահպանել քրիստոնեությունը) իր գրքում բերելով հետեւյալ միտքը. «Անցյալի մասին հիշողությունը դիտաշտարակ է, որից լավ երեւում է ապագան» :

Եվ այնուամենայնիվ, այցելեք Ղարաբաղ, որտեղ ամեն մի սար ասես Եղիշեի դիտաշտարակը լինի: Բարձրացեք թեկուզ Գանձասար եւ Դուք կտեսնեք ապագան: Ի դեպ, Ղարաբաղի լեռների մասին: Չէ՞ որ Ստալինի եւս մեկ նենգամտությունն էր «իր» սահմանադրության մեջ Ղարաբաղն անվանել միայն Լեռնային: Այդպես ավելի հեշտ եւ «տրամաբանական» էր անհեթեթ սահմաններ անցկացնելՙ ողջ Ղարաբաղը ահռելի ցածրադիր տարածքներից կտրելու համար: Գիտե՞ք, արդյոք, որ ողջ Ելիզավետապոլի գավառի, Գյուլիստանի երկրամասի եւ շատ տարածաշրջանների բնիկ տերերը խոսում են ղարաբաղյան բարբառով: Եվ այդ ահռելի տարածքի վրա ադրբեջանցիների կողմից խորհրդային ժամանակներում, կրկնում եմ, քանդվել են հազարավոր հայկական եկեղեցիներ ու տաճարներ, թալանվել ու վերացվել են հազարավոր գերեզմանոցներ, միլիոնավոր խաչքարեր եւ տապանաքարեր օգտագործվել են որպես շինանյութ: Բայց, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հողն էլ հո մնացե՞լ է հայկական: Նրա մեջ է մեր ժողովրդի էությունն ու հոգին: Այն կազմված է իմ նախնիների հոգիներից եւ բազմամիլիոն կոնկրետ անուններով շիրիմներից: Իրանում, օրինակ, համենայնդեպս, ոչ ոք սրբապղծորեն չի անպատվել մեր հողը, մեր նախնիների ոգին: Շուրջերկրյա նավարկություն կատարելով «Արմենիա» առագաստանավով, ես Հայաստանի սահմաններից դուրս տեսել եմ հարյուրավոր հայկական գերեզմանատներ, այդ թվում եւՙ մահմեդական երկրներում: Դրանք խնամքով պահպանվում են պետության կողմից:

Ինչ վերաբերում է ներկայիս հարաբերություններին Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, որն ունի սեփական սահմանադրություն, որտեղ հստակ որոշված են նրա այսօրվա սահմանները, ապա մենք պետք է պարզորոշ գիտակցենք. գլխավորըՙ չխախտել մեր նախնիների սուրբ սկզբունքները, որոնք երկար ու բազմաբարդ դարերի ընթացքում մշակել են հրաշալի համատեղ պատվիրանՙ «Սիրո գինը սերն է»: Եվ միաժամանակ միշտ հիշենք, որ բարեկամության մեջ ամենակարեւորը, ամենաազնիվը, ամենաարժեքավորը սիրելն է, քան սիրված լինելը: Այդ մասին լավ եւ գործուն կերպով գիտեին ռուս եւ հայ ժողովուրդների մեծ որդիները, իսկական բարեկամներ եւ զինակիցներ Ալեքսանդր Գրիբոյեդովը եւ Խաչատուր Աբովյանը:

Վստահ եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, գիտակցված քննադատական ըմբռնումով կմերժեք ամեն տեսակի լկտի դատողություններն այն մասին, թե Հայաստանն իր «թվաբանական թուլությամբ» ի՞նչ կարող է, անել, իբրՙ ոնց կասենք, այնպես էլ կանի: Պատմական ճշմարտությունն իրապես ցույց է տալիս, որ մենք միշտ էլ ունեցել ենք փրկիչ փոխկախվածություն: Իսկ այսօրՙ ինչպես երբեք:

Դուք ճիշտ եք նշել. «Պատմական ճշմարտությունը խաթարելու փորձերը կարող են լուրջ հետեւանքներ ունենալ» : Ընդ որումՙ հասկացնել եք տվել, որ պատմության նենգափոխումը հանգեցնում է հիվանդագին խառնաշփոթիՙ նոր սերունդների գլուխներում: Եվ ահա այստեղ Դուք հավելում եք ամենակարեւորը. «Ըստ էության կարող են կասկածի տակ առնվել ժամանակակից աշխարհակարգի հիմնական սկզբունքները: Այստեղ թաքնված են շատ վտանգավոր սպառնալիքներ, այն էլՙ անկանխատեսելի հետեւանքներով» : Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ, քանզի վերջին հաշվով խոսքը, ինչպես Սոբչակն էր ասում, Ռուսաստանի խնդրի մասին է, իսկ ինձ համարՙ նաեւ Ղարաբաղի խնդրի: Եվ, իհարկե, երբեք չի կարելի, նույնիսկ մեղք է շրջանցել ճշմարտությունը: Քանզի, եթե շրջանցես, ապա չես խուսափի դժբախտությունից, որն, ինչպես հայտնի է, միշտ վրա է հասնում մեզ մեր սեփական մեղքով:

Պետք է իմաստություն եւ արիություն հավաքել եւ, ինչպես Ժան Ժակ Ռուսոն էր ասում, ձեռքը դնելով «ազնիվ սրտին», անկեղծորեն խոստովանել, որ մեր ընդհանուր երկրի փլուզումն սկսվել էր Հոկտեմբերի արշալույսին, Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի խախտումով: Արդեն այն ժամանակ նենգափոխում էին պատմությունը, չիմանալով, որ չափազանց բարձր է խաթարումներ չընդունող պատմական ճշմարտության գինն ու չափը: Եվ հաշվի առնելով, որ, ինչպես նույն Ռուսոն է ասել, «դեպի ճշմարտություն տանող ճանապարհը մեկն է», մենք բոլորս պետք է վերադառնանք այն միակ ճանապարհին, որն իր սկիզբն էր առել Ղարաբաղյան Գյուլիստանից: Պայմանագիրը, կրկնում եմ, ստորագրվել է հավերժական ժամանակների համար: Իսկ Ժամանակը, ի տարբերություն Տարածության, միայն մեկ չափում ունիՙ անցյալից ապագա, եւ անընդհատ հիշեցնում է մեզ. «Եթե դուք գործուն կերպով չմտածեք ապագայի մասին, ապա այն պարզապես չեք ունենա» :

1950-1960-ական թվականների վերջերին իմ սերունդը կլանված կարդում էր արեւմտյան գրականության դասականներին, որոնք դպրոցական ծրագրերում չկային: Գրքերը փոխանակում էինք, հերթ կանգնում: Մեզ թերի էինք զգում, եթե չէինք հասցրել կարդալ, ասենք, Էրիխ Մարիա Ռեմարկ կամ Էռնեստ Հեմինգուեյ: Շատ էին նրանք, այդ դասականները: Բայց ամենից խոր ես ընկալեցի Գոլսուորսիին: Դեռ նախքան էկրաններին կհայտնվեր «Ֆորսայթների պատմությունը» եռագրությունը, մենք կարդում էինք նրա վեպերը: Սակայն, ինչպես ասում ենՙ ողջ մնացյալ կյանքի համար, պահպանվել է գործելու պարտավորեցնող մեկ հակիրճ, բայց տարողունակ նախադասություն: Ես այն հուշատետրիս մեջ գրի էի առել կես դար առաջ, Կամչատկայում, որտեղ որպես բժիշկ եմ աշխատել ամբողջ տասը տարի: Եվ ես շատ եմ ցանկանում, որպեսզի Դուք նույնպես հիշեք իմաստուն Գոլսուորսիի խորհուրդը. «Եթե դուք գործուն կերպով չեք մտածում ապագայի մասին, ապա այն չեք ունենա»:

Հաշվի առնելով, որ չափից ավելի բարձր է իմ հասցեատիրոջ հեղինակությունը, ես որոշեցի մեջբերումը ճշտել բնագրի հետ: Պարզվեց, որ Գոլսուորսին չի գրել «գործուն կերպով»: Մի՛ հանդիմանեք ինձ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, չէ՞ որ կես դար առաջ ես չգիտեի, որ ինչ-որ ժամանակ օգտագործելու եմ «Փարիսեցիների կղզու» հեղինակի իմաստուն միտքը: Պարզապես ես անկեղծորեն համոզված եմ, որ Ջոն Գոլսուորսին կհամաձայներ, որ եթե մտածում ես ապագայի մասին, ապա պետք է միայն ու միայն գործուն կերպով մտածես: Առավելեւս, երբ խոսքը Հայրենիքի ճակատագրի մասին է:

Անկեղծ հարգանքով

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Հ.Գ.Փորձից գիտեմ, որ այս նամակի հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունն անպայման որպես սեփական փաստարկ կբերի իմ «Օջախ» գիրքը (1981 թ.), որն ի դեպ նվիրված է Ռուսաստանի հետ Արեւելյան Հայաստանի միավորման 150 ամյակին: Այդ գրքում, օրինակ, ես պատմում եմ, թե ինչպես են ադրբեջանցիները խորհրդային ժամանակներում լիովին ավերել բոլոր հայկական բնակավայրերը, բոլոր հայկական հուշարձանները, այդ թվում եւ բուն Նախիջեւանում: Երկրի երեսից ջնջել են հայ ճարտարապետության պարծանք Ագուլիս քաղաքը, որտեղ Մեսրոպ Մաշտոցի Ժամանակներից վեր էին խոյացել ավելի քան տասը անկրկնելի տաճարներ եւ եկեղեցիներ: Եվ Ագուլիսի մասին էլ ես մանրամասնորեն գրել էի անթաքույց ցավով: «Օջախ»-ի բոլոր օրինակները Բաքվում հրապարակավ այրեցին: Այս օրինակը բերում եմ այն պատճառով, որ երեք տասնամյակ անց նույն Բաքվում այրեցին արդեն ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլիի գիրքը, ճակատագրի հեգնանքով դարձյալ հայկական Ագուլիս քաղաքի ողբերգության մասին մի դրվագի պատճառով:

…Չհավատա՛ք, եթե որպես արձագանք ասեն, թե ես պայթեցրել եմ Բաքվի մետրոն եւ գտնվում եմ միջազգային հետախուզման մեջ: Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը պաշտոնապես ներողություն է խնդրել ինձանից իր այն մեղքի համար, որ հենց սկզբից ուշադիր չի ստուգել ստահոդ փաստաթղթերը:

…Չհավատաք, եթե Ձեզ ասեն, թե ես մի ինչ-որ գիրք եմ գրելՙ նողկալի վայրագությունների նկարագրություններով (կտան գրքի վերնագիրը, հրատարակչության անունը, էջերը, նույնիսկ բազմաթիվ չակերտավոր մեջբերումներ, եւ այդ ամենըՙ համացանցում): Պարբերաբար «իմ գրքի» էջերը հնչեցնում են Բաքվում, արտասահմանում, ԵԽԽՎ-ի ամբիոնից: Թվեր են ներկայացնում «իմ» գոյություն չունեցող գրքից: Դա անպատիժ կերպով շարունակվում է երկար տարիներ: Ես լիովին համոզված եմ, որ մարդկությունն ինչ-որ ժամանակ լրջորեն կզբաղվի համացանցով: Բայց դա այլ խոսակցություն է: Իսկ առայժմ շատերն են հավանաբար հավատում այդ բարբաջանքին: Խնդրում եմ, պահանջեք, թող Ձեզ ցույց տան այդ գրվածքի թեկուզ մեկ օրինակ: Այդ ամենի մասին ես գրել եմ հոդվածՙ «Զրպարտանքը հաղթում են միայն արհամարհանքով» (փոխառել եմ մի իմաստուն կնոջիցՙ Ֆրանսուազա Մոնտենենից, որը Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի երեխաների դաստիարակն էր) Մոսկվայի «Պոլիտիկա» պարբերականում եւ «Լիտերատուրնայա գազետա»-ում: Բնականաբարՙ ոչ մի պատասխան զրպարտիչներից: Մեկ-երկու տարի լռեցին եւ նորից սկսեցին նույն զառանցանքը տեղադրել համացանցում:

Նման «փաստարկների» ցանկը կարելի է երկար շարունակել:

Ներեցեք ինձ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, եւս մեկ անգամ, հարկադրված ահռելի ծավալի այս նամակիս համար: Ներեցեք անհանգստության համար: Շատ եմ ցանկանում հավատալ, որ Դուք կհասկանաք ինձ: Ես չէի կարող լռել:

Անկեղծ հարգանքով

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս