Բաժիններ՝

Ինչու է կառավարությունը «փչացնում» տնտեսական աճի ցուցանիշը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արժույթի միջազգային հիմնադրամն օրերս վերանայեց համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները՝ 2013 թ.համար այն 3.2%-ից նվազեցնելով` 2.9%-ի, իսկ 2014 թ. համարª 3.8%-ից նվազեցնելով 3.6%-ի:

Զարգացած երկրների տնտեսության աճը, ԱՄՀ կարծիքով, 2013-ին կկազմի 1.2%, ինչպես և սպասվում էր ամռանը, իսկ 2014-ին կարագանա` մինչև 2%: «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում (World Economic Outlook), ընթացիկ տարում ԱՄՆ տնտեսության աճի կանխատեսումը 1.7%-ից նվազեցվել է 1.6%-ի, իսկ 2014-ին՝ 2.8%-ից մինչև 2.6%-ի: Եվրոգոտու տնտեսությունը, ԱՄՀ փորձագետների կարծիքով, կաճի 0.4%-ով, իսկ 2014-ինª 1%-ով:

Իհարկե, Հայաստանի համար նույնպես կանխատեսումներ կային։ Ոչ ուրախալի։ Հայաստանի գրեթե բոլոր ԶԼՄ-ները տարածեցին մամուլի հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի համար ԱՄՀ մասնագետները նույնպես կանխատեսել են տնտեսական աճի դանդաղում: Այսպես, ՀՀ-ի համար ՀՆԱ աճը 2013-ին կանխատեսվում է 4.6%, 2014-ին՝ 4.8%, գնաճը` համապատասխանաբար՝ 7.0% և 3.5%, գործազրկությունը` համապատասխանաբար՝ 18.5% և 18%: ՀՀ ՀՆԱ աճը 2018-ին կհասնի 5.5%-ի: «ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղմանը կնպաստի գյուղատնտեսության աճի տեմպերի անկումը, ինչը պայմանավորված է 2012-ին բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ գրանցված բարձր աճով, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումներով»,- ԱՄՀ զեկույցից մեջբերում էին հայաստանյան ԶԼՄ-ները։ Նշենք, որ ԱՄՀ ավելի վաղ արված կանխատեսումներով` 2013-ին ՀՀ տնտեսությունը պետք է 5.1% աճ գրանցեր, 2014-ին՝ 5.3%, 2015-2016 թթ.` 5.5%:

Ինչպես արդեն նշեցինք, այս հաղորդագրությունը տարածվեց մի քանի օր առաջ։ Թե կոնկրետ ո՞րն էր բուն սկզբնաղբյուրը, ո՞վ էր ուսումնասիրել ԱՄՀ-ի 250 էջանոց զեկույցն ու մամուլի հաղորդագրություն պատրաստել լրատվամիջոցների համար, պարզ չէ։ Որոշ լրատվամիջոցներ առանց որևէ բան կասկածելու` նույնությամբ տարածել էին այս հաղորդագրությունը: Մյուսներն էլ հղում կատարելով ռուսաստանյան կայքերին՝ թարգմանաբար ներկայացրել էին ռուսների պատրաստած հաղորդագրությունը՝ մի երկու խոսքով նշելով նաև Հայաստանի մասին։

Սակայն, այս ամենի արդյունքում, միտումնավոր թե պատահաբար, բաց է թողնվել մի կարևոր կետ։ Ճիշտ է, ԱՄՀ զեկույցի բնօրինակում որպես տնտեսական աճի դանդաղման պատճառներ` նշվում են բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ գրանցված բարձր աճը, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները, սակայն վերջում նշվում է նաև մեկ այլ պատճառ, այսպես ասած, բյուջեի թերածախսը (budget underspending): Այսինքն` կառավարությունը կրճատել է ծախսերը, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա։

Միգուցե սա նաև մեր մեղքն է, որ հաղորդագրություն տալուց առաջ բնօրինակը, ինչպես հարկն է, չենք ուսումնասիրել։ Ինչևէ, վերադառնանք բուն թեմային։

Եվ այսպես, ինչպես նկատել է ԱՄՀ-ն, կառավարությունը բյուջետային ծախսերի մեջ «ժլատություն է» արել՝ քիչ է ծախսել։ Կամ՝ ավելի քիչ է ծախսել, քան հավաքել է։ Ասենք, կառավարությունն ինքն էլ չի թաքցնում, որ այդ մոտեցումը շարունակվում է։ Հոկտեմբերի 8-ին Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների տվյալներով, պետական բյուջեն կատարվել է 62.3 միլիարդ դրամ հավելուրդով։ Եկամուտները կազմել են 696.3 մլրդ, ծախսերը` 634 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ պետությունը տնտեսությունից «քաշել է» 62.3 միլիարդ դրամ։ Սա կոչվում է զսպողական քաղաքականություն, թեպետ այդ մասին ոլորտի պատասխանատուները գերադասում են չխոսել։

Ստացվում է՝ կառավարությունը մի կողմից` հայտարարում է բարձր տնտեսական աճի մասին (հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվանից խոսվում էր տարեկան 5-7% իրական աճ ապահովելու մասին), սակայն սեփական նախաձեռնությամբ զսպում է այդ աճը։

Իսկ թե ինչո՞ւ է կառավարությունը գնում այդ քայլին, խորը գիտելիքներ պետք չեն` հասկանալու համար։ Բանն այն է, որ շրջանառու միջոցների ծավալը (կամ՝ տնտեսության մեջ եղած փողը) նվազեցնելով՝ կառավարությունը պայքարում է գնաճի դեմ։ Սա տնտեսագիտության այբուբենից է։ Այսինքն՝ գնաճը զսպում են` ի հաշիվ տնտեսական աճի և տնտեսական ակտիվության։ Այդպես են վարվում, որովհետև ստիպված են։ Էներգակիրների թանկացման արդյունքում սպառողական գներն արդեն վաղուց գերազանցել են թույլատրելի 5.5%-ի շեմը։ Եթե նման կոշտ միջոցների չդիմեն, ապա գնաճը կարող է վերահսկողությունից դուրս գալ։

Նշենք նաև, որ այդ հարցում կառավարությունը միայնակ չէ։ Նրան օգնում է նաև Կենտրոնական բանկը։ Այս տարվա օգոստոսի 13-ին, 2 տարվա կայունությունից հետո, ԿԲ-ն 0.5 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 8.5%։ Իսկ եթե ավելի պարզ ասենք՝ թանկացրեց փողը, որի նպատակը կրկին գնաճը զսպելն է։

Այս ամենը ի մի բերելով` կարելի է ասել, որ կառավարության և ԿԲ-ի (ասել է թե` ՀՀ իշխանությունների) գերխնդիրն այսօր ոչ թե տնտեսական աճ կամ տնտեսական զարգացում ապահովելն է, այլ գների հետագա աճը զսպելը և հասարակության կողմից սոցիալական դժգոհության ալիքի հնարավոր դրսևորումները կանխելը:

Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճի, առանձին ոլորտների զարգացման կամ աշխատավարձերի բարձրացման թեմայով գեղեցիկ ելույթներին, ապա դրանց պետք է վերաբերվել որպես դեկորացիա՝ բնակչության աղքատացման տխուր պատկերը փոքր-ինչ ուրախ դարձնելու համար։

«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս