Որ սոցցանցերն են նախընտրում հայերը (տեսանյութ)
Հայաստանում առաջին անգամ «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի պատվերով անցկացվել է հետազոտություն`«Ինտերնետ ներթափանցումը Հայաստանում» սոցհարցման միջոցով: Հետազոտություններն իրականացվել են հարցաթերթիկի լրացման միջոցով՝ 2012թ. դեկտեմբերից 2013թ. մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել են Երևանի 12 վարչական շրջանների 1065 բնակիչներ և 10 մարզերի 455 բնակիչներ:
Հետազոտությունն իրենից ներկայացնում է Հայաստանում ինտերնետի թափանցումն ու կիրառումը, ինտերնետ օգտագործողների բաշխումն՝ ըստ մարզերի, տարիքի, սեռի, նախասիրությունների, և այլն: Բացի այդ՝ հետազոտություն է կատարվել նաև, թե ինտերնետից օգտվողներն ավելի շատ որ սոցիալական ցանցերն են նախընտրում:
Այսպես. ինտերնետից օգտվողների նախընտրելի սոցիալական ցանցերի բաշխումն՝ ըստ օգտվողների թվի, հետևյալ պատկերն ունի.
Առաջին տեղում է YouTube-ը` 87.0% (պատասխանների թիվը` 730), երկրորդ տեղում՝ Odnoklassniki-ին է ` 81.1% (պատասխանների թիվը`680), երրորդ տեղում Facebook-ն է` 74.7% (պատասխանների թիվը`627): Այնուհետև հաջորդում են Linked In սոցիալական ցանցը` 29.0%, Vkontakte-ն` 28.0%, Twitter-ը` 26.9%, և այլն:
Մեկնաբանելով վերոնշյալ տվյալները՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը վերոնշյալ սոցցանցերից հայաստանյան օգտատերերի ընդհանուր պատկերի մասին ասաց, որ արդեն 1 տարի է, ինչ Odnoklassniki-ի հայ օգտատերերի թիվը չի աճում, սակայն, ամբողջ mail.ru խմբի ծառայությունները վերցված, որը ներառում է Мой Мир սոցիալական ցանցը` Mail.ru-ի հետ միասին, ունի մոտ 1.5 մլն ակտիվ հայ օգտատեր, իսկ Facebook-ում հայաստանյան օգտատերերի քանակը մոտ 500 հազար է:
«Դժվարանում եմ ասել, թե Հայաստանի բնակչությունը որքան է, որպեսզի ասեմ, թե այդ օգտատերերը Հայաստանի բնակչության քանի տոկոսն են կազմում, սակայն մոտավորապես կասեմ, որ մոտ 60%-ի մոտ ենք գտնվում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` հավելելով, որ, ցավոք, մնացած գրեթե բոլոր սոցցանցերը կամ նմանատիպ մեծ հարթակները բաց վիճակագրություն չեն տալիս: «Ակնհայտ է, որ ամենաակտիվներից մեկը YouTube-ն է, այս ծառայությունից օգտվողների և հայաստանյան տրաֆիկի կտրուկ աճ ենք արձանագրել վերջին 2-3 տարվա ընթացքում»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանում բավական շատ օգտվողներ կան նաև Vkontakte սոցիալական ցանցից. մոտ 1 տարի առաջ, ըստ տվյալ սոցցանցի ներքին տվյալների՝ այդ ծառայությունից Հայաստանից օգտվում էր գրեթե 60.000 մարդ:
Ինչ վերաբերում է Twitter-ին, ապա այդտեղ, ըստ Ս.Մարտիրոսյանի` դժվար է հասկանալ իրավիճակը, սակայն այդտեղ մոտ 5000 օգտատեր կա:
«Linked In-ի ներքին վիճակագրության մեջ Հայաստանը ներառված չէ, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանում այս սոցցանցից օգտվում է 3000-4000 ակտիվ օգտատեր»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Փորձագետը նշում է, որ Հայաստանի բնակիչների շրջանում Facebook սոցիալական ցանցն է կտրուկ աճ արձանագրում, և շուտով այն կհասնի Odnoklassniki-ի հայ օգտատերերի թվին:
«Կարծում եմ՝ արդեն փետրվարին այս երկու սոցցանցերի հայաստանյան օգտատերերի թիվը իրար կհավասարվի, ու կսկսվի «աշխարհի վերջը» (ծիծաղում է.- Լ.Մ.)»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է Google+ սոցիալական ցանցին, ապա, ըստ փորձագետի՝ Հայաստանում բոլորը գրանցվում են այդ ցանցում, սակայն սպասում են, թե երբ ակտիվություն կսկսվի, որից հետո մարդիկ արդեն կսկսեն միմյանց հետ շփվել նաև այդտեղ: «Իհարկե, Google+-ն ավելի շատ տեխնիկական հնարավորություններ ունի, քան, օրինակ, Facebook-ը, սակայն բոլորը սպասում են, թե երբ այստեղ ինչ-որ ակտիվություն կլինի»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Անդրադառնալով հայկական ամենամեծ սոցիալական ցանցին` Hayland-ին, փորձագետն ասաց, որ այդտեղ գրանցված օգտատերերի թիվը մոտ 165.000 է, սակայն այս օրերին հայկական սոցցանցը վերափոխվել է, որի արդյունքները կերևան արդեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Իսկ ճշտելու համար, թե հայկական ամենամեծ սոցիալական ցանցը՝ Hayland-ը, ի՞նչ վերափոխումների է ենթարկվել, 168.am-ը զրուցեց սոցցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանի հետ:
Ա. Մկրտչյանի խոսքով` իրենք ոչ մի կերպ չեն ցանկանում մրցակցել Facebook-ի հետ, սակայն նա կարծում է, որ այժմ բազմազան ու բազմաթիվ լրատվական դաշտում կարևոր է լրատվության թեմատիկ բաշխումը, որպեսզի մարդիկ կարողանան աղբը տարբերակել կարևոր լուրերից: Հենց այդ ամենի համար էլ, ըստ մեր զրուցակցի՝ իրենք համալիր ձևափոխություններ են կատարել, որի արդյունքում՝ հայկական սոցցանցը ստացել է նոր հնարավորություններ:
Մանրամասները` տեսանյութում: