Զարուհու հեռացմամբ քաղաքական և գենդերային բալանսը չի խախտվի

Արդյոք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կհաջողվի՞ իրականացնել իր մտադրությունը` փոխել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, այնտեղից դուրս թողնելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ ԱԺ նախագահին դա չի հաջողվի:

«Իմ անդամությունը չի կարող կասեցվել ոչ Հովիկ Աբրահամյանի, ոչ էլ այլ անձի կողմից: Այն հաստատված է ԵԽ ԽՎ կանոնադրությամբ»,- երեկ հայտարարել է Զարուհի Փոստանջյանը: Նա նկատի է ունեցել, որ ԵԽԽՎ կանոնադրության մեջ կա այնպիսի դրույթ, որը արգելք է հանդիսանալու Հովիկ Աբրահամյանի համար, հայաստանյան պատվիրակության կազմից իրեն դուրս թողնելու հարցում:
ԵԽ ԽՎ կանոնադրությանը լավատեղյակ փորձագետները նշում են, որ նման արգելք իրականում գոյություն չունի: ԵԽ ԽՎ կանոնադրությունն ազգային պատվիրակությունների ձևավորման հարցում ընդամենը երկու սկզբունք է առաջադրում: Առաջինը՝ պատվիրակության կազմի քաղաքական բալանսավորվածությունն է. այնտեղ պետք է հավասարապես ներկայացված լինեն ինչպես` ընդդիմության, այնպես էլ` իշխանության ներկայացուցիչները:

Հայաստանյան 8 հոգանոց պատվիրակության կազմում իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ներկայացնում են երեք պատգամավորներ` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը: Մյուս հինգ անդամները, ըստ էության, ընդդիմության ներկայացուցիչներ են: Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանն այլընտրանք հռչակված ԲՀԿ-ից են, Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ից, Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից, իսկ Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգությունից»:

Իհա՛րկե, նրանցից շատերին նույնիսկ շատ մեծ վերապահումով չի կարելի ընդդիմադիր համարել, բայց ԵԽ ԽՎ-ն այլ սկզբունքով է առաջնորդվում` իշխանություն չես, ուրեմն ընդդիմություն ես: ԵԽ ԽՎ-ի համար Հայաստանի խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը ԲՀԿ-ն է: Իշխանություն-ընդդիմություն բալանսի տեսանկյունից հավասարակշռությունն իսկապես խախտված է, բայց` հօգուտ ընդդիմության:

Մյուս սկզբունքը գենդերային հավասարակշռության պահպանումն է: Այս դեպքում պահանջը ոչ թե այն է, որ պատվիրակության կազմում հավասարապես ներկայացված լինեն կին և տղամարդ պատգամավորները, այլ չլինի այնպես, որ պատվիրակությունում լինեն միայն կանայք կամ միայն տղամարդիկ: Օրինակ, ԵԽ ԽՎ այս նստաշրջանին մասնակցելու իրավունքից ցանկացել են զրկել Իռլանդիայի պատվիրակությանը, քանի որ այն կազմված է եղել բացառապես տղամարդկանցից:

Սակայն իռլանդացիները պատվիրակության տղամարդ անդամներից մեկին փոխարինել են կնոջով, ինչից հետո խնդիրը հարթվել է: Հայաստանյան պատվիրակության կազմում կա չորս կին պատգամավոր, և, եթե նրանցից մեկին անգամ փոխարինեն տղամարդ պատգամավորով, ապա ԵԽ ԽՎ-ում դրա մեջ որևէ ողբերգություն կամ կանոնադրական պահանջի խախտում չեն տեսնի:
Զարուհի Փոստանջյանը հույս ունի, որ ի պաշտպանություն իրեն հանդես կգա ԵԽ ԽՎ ամենամեծ խմբակցությունը` ԵԺԿ-ն: Սակայն մեր աղբյուրները նման վարկածը զավեշտալի են համարում: «ԵԽ ԽՎ-ի տարբեր խմբերում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցը համարում են անտակտ:

Բացի այդ, բոլորին է հայտնի, թե ինչպիսի ջերմությամբ է վերաբերվում ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը Սերժ Սարգսյանին, որի ապացույցն այն է, որ նա չի զլանում հեռուստաողջույն ուղարկել ՀՀԿ յուրաքանչյուր համագումարին, և ինչ արհամարհական վերաբերմունք ունի «Ժառանգության» նկատմամբ, որի ապացույցն էլ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանին գրած նամակն է:

Այնպես որ որևէ կասկած անգամ չի կարող լինել, որ, եթե Հայաստանի պատվիրակության կազմում Զարուհի Փոստանջյանը փոխարինվի մեկ ուրիշով, ԵԽ ԽՎ-ից որևէ բացասական արձագանք չի լինի»,- ասում է մեր զրուցակիցը:
Մեր տեղեկություններով` ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում Զարուհի Փոստանջյանին կփոխարինի ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը: Ի սկզբանե որոշված էր, որ Մհեր Շահգելդյանը ռոտացիոն կարգով 2014թ. հունվարի 1-ից փոխարինելու էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: Սակայն վերջին զարգացումներից հետո ԱԺ ղեկավարությունը կարծես թե հակված է Զուրաբյանին, որպես ավելի կանխատեսելի պատգամավոր` թողնել պատվիրակության կազմում, և ռոտացիան կազմակերպել «Ժառանգության» և ՕԵԿ-ի միջև:

ԱԺ ղեկավարությունը կարող է նույնիսկ պայման դնել, որ «Ժառանգությունը» կարող է 2015թ. վերադառնալ ԵԽ ԽՎ պատվիրակության կազմ, եթե որպես պատվիրակության անդամ ներկայացնի այլ անձի թեկնածություն: Որպես այդպիսին` կարող է լինել Թևան Պողոսյանը: Եթե «Ժառանգությունը» չընդունի այս պայմանը, նրան ընդհանրապես կարող են զրկել պատվիրակությունում ներկայացված լինելու հնարավորությունից:

Տեսանյութեր

Լրահոս