Ինչպես է քաղաքապետարանը պատրաստվում «Էրեբունի-Երևան 2795» միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ներկայացրել է հոկտեմբերի 11-ին և 12-ին նախատեսված «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի փողոցների տոնական ձևավորման և հանդիսության հետ կապված իրազեկման աշխատանքները: Արազ Բաղդասարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն անելու է հնարավորը` մայրաքաղաքի հոբելյանական`2795-րդ տարեդարձը պատշաճ նշելու համար:

Ըստ այդմ, տոնի իրազեկումը կիրականացվի զանգվածային լրատվության միջոցներով`հեռուստատեսային և ռադիոհոլովակների տեսքով: Կհեռարձակվի նաև «Էրեբունի-Երևան 2795»-ի նոր տեսահոլովակը: Մոտալուտ տոնի մասին կվկայեն նաև Երևանի վարչական շրջաններում տեղադրված 52 գովազդային վահանակները, 48 ավելի փոքր չափի նոր վահանակները Կենտրոն վարչական շրջանում, 29 էլեկտրոնային էկրանները: Երևանի ստորգետնյա և վերգետնյա հասարակական տրանսպորտում ևս փակցված կլինեն գովազդային նյութեր ու տեղեկատվական ցուցանակներ, իսկ փողոցների երկայնքով նկատելի կլինեն գովազդային կրկնաձիգ գրաժապավեններ: Տեղեկատվության ամբողջացմանը կծառայեն նաև նոր տեղադրված չվացուցակների և մետրոպոլիտենի կայարանների էկրանները:

Տոնի նախօրեին Մաշտոցի պողոտան կհարստանա նոր ոճի 6 կանգառասրահներով, որոնք նույնպես կկրեն տեղեկություններ  տոնական հանդիսության  մասին: Այդ նպատակով  պատրաստվել և տարածվում են միջոցառման ժամերի և վայրերի տեղեկատվական բուկլետներ: Այս օրերին Էրեբունի-Երևանի մթնոլորտով են համակված նաև սոցիալական կայքերը: Համացանցի  ռեսուրսը, ըստ Արազ Բաղդասարյանի, տեղեկատվություն փոխանցող հիմնական օղակներից մեկը կլինի:

Հոկտեմբերի 11-ին և 12-ին իրազեկում և տոնական ատրիբուտների բաժանում կլինի նաև 20 տեղեկատվական կետերից: Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը նշել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են նաև փողոցների ու շենքերի տոնական ձևավորման աշխատանքները: Կենտրոնական փողոցների էլեկտրասյուներին ամրացվում են ՀՀ, Երևանի և միջոցառման լոգոտիպով 3000-ից ավելի դրոշներ: Թվով 9 կամուրջներ կհագեցվեն դրոշակաբուրգերով: Էրեբունիի և քաղաքի փոքր կենտրոնի մի շարք փողոցներ ձևավորված կլինեն գիշերային տոնական լույսերով: Տոնին համահունչ բաղադրիչներ կկրեն նաև վերամբարձ կռունկները:

Կարապի լճի հարևանությամբ գտնվող Տերյան 42 շենքը կձևավորվի եռաչափ նկարով: Արազ Բաղդասարյանը դիմել է Երևանի բնակիչներին ու մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին` հորդորելով նպաստել քաղաքի տոնական ձևավորման աշխատանքներին`հավելելով, որ իրենց բնակարանների կամ կազմակերպությունների լավագույն ձևավորողները կարժանանան Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս