Հովհաննես Իգիթյան. «Եթե Սերժ Սարգսյանը դեմ տար մի փոքր փաստաթուղթ, ինչպես որ Պուտինը դեմ տվեց…»

Միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ փորձում է զսպել իր ժպիտը, երբ իշխանության ներկայացուցիչներն այժմ էլ պնդում են, թե Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակվելու է, և, ի վերջո, ստորագրվելու է` անկախ նրանից, թե ինչ է ասում Եվրամիության հանձնակատար Ֆյուլեն:

Իթիգյանը, որպես Եվրամիության հրավիրված փորձագետ և գործընթացի մասնակից, բացատրեց Ասոցացման պայմանագրի էությունը. «Դա նշանակում է, որ պետությունն այս կամ այն ձևով պետք է համագործակցի Եվրամիության հետ»:

«Խոսքն այն մասին է, որ Հայաստանին հնարավորություն էր տրվել ամենաբարձր մակարդակի Ասոցացման պայմանագիր ունենալու: Ավելի բարձր պայմանագիր ունի միայն Ֆրանսիան, այսինքն` Հայաստանը պետք է լիներ Ֆրանսիայից, Շվեյցարիայի, Իտալիայից ընդամենը մի աստիճան ցածր, պարզապես անդամություն չէր ունենալու: Տնտեսական տեսակետից մեզ համար անսպառ, անսահմանափակ հնարավորություններ էին բացվում ԵՄ-ի այդ մեծ դաշտի հետ համագործակցելու»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Նա ավելացրեց, որ ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն իրականում  չի խոչընդոտում ներկայումս Ռուսաստանի Հայաստանի ունեցած պայմանագրերին`ազատ առևտրի մասին համաձայնագրին, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի երկրների շրջանակնրում քաղաքական համագործակցության մասին պայմանագրերին:

Կարդացեք նաև

«Բայց Մաքսային միության անդամակցությունը Հայաստանին թույլ չի տալիս ԵՄ-ի հետ ունենալ տնտեսական հարաբերություններ: Ինչո՞ւ, որովհետև ԵՄ-ն իր հարաբերությունները կառուցում է երկկողմանիության սկզբունքի վրա, իսկ Մաքսային միության անդամության դեպքում` տնտեսական և հատկապես մաքսային հարցերում բոլոր լիազորությունները տրվում են մի մարմնի` Եվրասիական հանձնաժողովին»,- ասաց նա:

Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ նաև այս հարցի համատեքստում այդքան շատ քննարկվող անվտանգության հարցին:

«Ասում են` գիտեք, այնտեղ կար անվտանգության հարց: Ես Ձեզնից կամ Սերժ Սարգսյանից պակաս չեմ մտածում Ղարաբաղի մասին»,- դիմելով ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանին` ասաց Հովհաննես Իգիթյանը:

«Այսօր 21-րդ դարն է, այսօր փսփսալով, 10 այստեղ-այնտեղ խոսալով` անվտանգության հարցեր չեն լուծում: Անվտանգության հարցը լուծվում է միայն փաստաթղթով: Եվ եթե Սերժ Սարգսյանը, ինչպես որ Պուտինը դեմ տվեց,  դեմ տար մի փոքր փաստաթուղթ, հայտարարություն` գոնե այս բովանդակությամբ, որ կողմերը համաձայնվում են, որ իրենց ջանքերը կգործադրեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի միայն խաղաղ ճանապարհով, դա կլիներ փաստաթուղթ: Իմացեք մի բան, երկար կյանք Վլադիմիր Պուտինին և Սերժ Սարգսյանին, բայց ոչ ոք հավերժ չէ` քաղաքական տեսակետից: Եվ վաղը երբ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը գնան, ո՞վ պետք է հիշի, թե նրանք ի՞նչ են խոսացել, անվտանգության ի՞նչ խոստումներ է տվել Պուտինը Սերժ Սարգսյանին»,- ավելացրեց Հովհաննես Իգիթյանը:

Ի դեպ, Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Մաքսային միության անդամ դառնալով` Հայաստանը որևէ նոր դաշնակից ձեռք չի բերել, և Մաքսային միության անդամ երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը «ավելի լավ ընկեր չեն դառնալու», բարենպաստ դիրքորոշում չեն ընդունելու ղարաբաղյան հարցի նկատմամբ և շարունակելու են հայտարարել, որ «ղարաբաղյան հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:

Տեսանյութեր

Լրահոս