«Հիմա ո՞վ կա Սերժ Սարգսյանի կողքին»

«Իմ կարծիքով` հենց իշխանություններն են հրապարակ նետել թեզը, թե մենք այդքան խեղճ ենք, և Ռուսաստանը մեզ ճնշեց, և մենք գնում ենք Մաքսային միություն»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության հիմնադիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Այն հանգամանքը, որ Ռուսաստանի սահմանապահ զորքի ծառայողը կարող է վիրավորել և խոչընդոտել հայ պատգամավորին, դրանից արդեն պարզ է դառնում, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- անդրադառնալով նախորդ շաբաթ Սյունիքի մարզում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեմ ռուսաստանցի սահմանապահների կողմից իրականացրած գործողություններին` նշեց Հովհաննես Իգիթյանը: Նա նկատեց, որ ժամանակին, երբ եղել է Հայաստանում ռուսական բազայի հարցի շուրջ բանակցությունների պատասխանատու անձերից մեկը, իր և իր գործընկերների ջանքերով կայացվել է համաձայնություն, որ ռուսական ծառայողները բազայից դուրս որևէ միջոցառում չկատարեն, իսկ եթե նման բան լինի, դրան հետևի Հայաստանի իրավապահ մարմինների գործողությունը:

Հովհաննես Իգիթյանը խնդիրը դիտարկեց նաև ներքաղաքական իրավիճակի ֆոնի վրա և նկարագրեց այն մոդելը, թե ինչպես է ձևավորվում գործող իշխանությունը, այսինքն` փողի և կեղծիքների միջոցով: Ըստ Հովհաննես Իգիթյանի` սրա պատճառով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չունի իրական քաղաքական թիմ, որի վրա կարող է հենվել:

«Հասկանում եմ` մի երկու հոգի իրենց հարցերն են լուծում, բայց սա՞ է մեր նպատակը, որ 131 հոգուց 100 հոգի խորհրդարանում իրենց գումարների հարցը լուծեն, և Սերժ Սարգսյանը միայնակ, առանց քաղաքական թիմի, գնա Մոսկվա և դիմակայի Պուտինի ամբողջ այդ հզորությանը: Այդպես չէ, գոնե մի 20 հոգի ձեր շրջապատից բերեիք, որ Սերժ Սարգսյանը 20 հոգով գնար այնտեղ և ասեր` Պուտին, տեսեք ես թիմ ունեմ, և այս թիմը կարող է համաձայն չլինել իմ ասածի հետ, պետք է գնանք քննարկենք…Ես կարող եմ ասել, թե ժամանակին ինչ ուժ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ թիմ, որի մեջ էին նույն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանն ուներ թիմ` լավ, թե վատ, դրա մեջ էր Սերժ Սարգսյանը: Հիմա ո՞վ կա Սերժ Սարգսյանի կողքին, որ կարողանա ասել` գիտես ինչ (Սերժ կասի, թե Սերժ Ազատիչ, չգիտեմ) արի քննարկենք այդ հարցը: Ո՞ւմ հետ է այսօր Սերժ Սարգսյանը քննարկում այդպիսի հարցերը: Ձեզ հետ քննարկո՞ւմ է, պարոն Ալեքսանյան»,- դիմելով ասուլիսի մյուս բանախոսին` Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանին, ասաց Հովհաննես Իգիթյանը:

Կարդացեք նաև

Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, թե Սերժ Սարգսյանը ոչ միայն թիմ ունի, այլ ունի կուսակցություն: ««Թիմ» ասածը շատ բացասական կողմեր ունի. իշխանության են գալիս, ուրեմն բոլորը պետք է այդ «թիմի» անդամները լինեն, նախարարներ, մյուսներ, մյուսներ: Էդ եղավ, մենք էդ տեսել ենք»,- ասաց հանրապետականը: Սակայն խուսափեց լրագրողների հարցադրումից` «իսկ արդյոք հիմա այդպես չէ՞»:

Մաքսային միություն մտնելու մասին էլ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, թե «դա էսօրվա կամ երեկվա բան չէր», և այդ հարցը քննարկվել է:

«Այդպես չէ, որ Սերժ Սարգսյանն ինչ ասում է…Նաև ասեմ` Սերժ Սարգսյանն ունի մի շատ դրական ունակություն` շատ լավ լսում է բոլորին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

«Այսինքն լսող արդեն ունենք, բայց հիմա ասողներ են պետք Սերժ Սարգսյանի շուրջը, որ իմանա` ում լսի»,- արձագանքեց Հովհաննես Իգիթյանը։

Տեսանյութեր

Լրահոս