«Արծվաբերդ» օպերան` Շուշիում (լուսանկարներ)
Վերջապես կատարվեց կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի (Բաբայան) վաղեմի երազանքը` «Արծվաբերդ» օպերան առաջին անգամ ներկայացվեց հեղինակի հայրենի Արցախում:
Սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի ունեցավ «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան, որը նվիրված էր Արցախի Անկախության օրվան:
Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանի, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, բեմադրող ռեժիսորներ Ժիրայր Դադասյանի և Արա Ասատուրյանի, բեմադրող նկարիչ Աստղիկ Ստեփանյանի համատեղ ուժերով և ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ օպերայի ներկայացումը:
«Արծվաբերդ» օպերան Անդրեյ Բաբաևը գրել է 1957 թվականին: Շատ կարճ ժամանակում ավարտին հասցնելով` օպերան զուգահեռաբար բեմադրվել է Երևանի Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Օպերայի ստեղծման ու առաջին բեմադրության հարցում շատ կարևոր դեր է ունեցել նշանավոր դիրիժոր Միքայել Թավրիզյանը, ով պրեմիերայի նախօրեին անսպասելի մահացել է: Փորձերը շարունակել է երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Յուրի Դավթյանը: Հենց նա էլ հանդիսացել է այս օպերայի առաջին դիրիժորը: Երևանյան պրեմիերայից մեկ տարի անց Անդրեյ Բաբաևն արժանացել է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
«Արծվաբերդն»` իր ազգային ոգով, հարուստ մեղեդայնությամբ, խոր հուզականությամբ ու քնարականությամբ կարևոր նշանակություն է ունեցել հայկական օպերային արվեստի զարգացման համար: Բաբաևն օպերան գրելիս իր հուշերում հետևյալ գրառումն է կատարել. «Ես ուզում եմ ավելի մոտենալ իմ հարազատ ժողովրդի ակունքներին, որի հիման վրա են ստեղծվել Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հիանալի ստեղծագործությունները»:
«168 Ժամի» հետ զրույցում «Արծվաբերդ» օպերայի նոր բեմադրման մասին պատմում է նախագծի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սարինե Ավթանդիլյանը:
Նախապատրաստական աշխատանքները.
– «Արծվաբերդի» պրեմիերայից առաջ նախևառաջ անհրաժեշտ էր ուսումնասիրել Անդրեյ Բաբաևի կյանքի, գործունեության և օպերայի ստեղծման հետ կապված բոլոր մանրամասները: Անհրաժեշտ էր վերականգնել օպերայի պարտիտուրի մեջ բացակայող մոտ 100 էջգ Ստեղծագործական խումբը մեծ եռանդով էր աշխատում, բազմիցս հանդիպում էր, քննարկում, թե ինչ քայլեր պետք է արվեն օպերան ժամանակակից ոգով ներկայացնելու համար: Հանդիպումներին միշտ ներկա էր նաև հիանալի մի անձնավորություն` Արմինա Դարբինյանը, ով առաջարկեց, որ օպերայի գործողությունները տեղի ունենան ոչ թե Արծվաբերդ գյուղում, այլ Արծվաբերդ ամրոցում: Աստղիկ Ստեփանյանը և Արա Ասատուրյանը, իսկ ավելի ուշ` նաև Ժիրայր Դադասյանը զարգացնելով այդ միտքը` առաջարկեցին բեմադրական նոր լուծումներ: Գործի անցան նաև շինարարները, ովքեր ոչ պակաս ոգևորությամբ էին կատարում իրենց հսկա աշխատանքները` Ռեալական դպրոցի տարածքն օպերայի բեմադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Շուշիի բնակիչներն ուշադրությամբ հետևում էին այս բոլոր աշխատանքներին: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր և տպավորիչ:
Ստեղծագործական աշխատանքի ընթացքը.
– Հեշտ աշխատանք չի լինումգ Մենք գրեթե չէինք քնում, գիշեր-ցերեկ աշխատում էինքգ Երբ կա նպատակ, աշխատում ես անմնացորդ, և յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարվում է: Բոլորս աշխատում էինք մեկ անձի պես: Սա նոր բեմադրություն էր, և պետք էր կարճ ժամանակում համախմբել ողջ ուժերը, որպեսզի կարողանայինք օպերան արժանավայել ձևով ներկայացնել: Մենք մեծ պատասխանատվություն էինք զգում, առաջին հերթին, մեր հայրենիքի առջև:
Մեզ համար մեծ պատիվ էր, որ նախագծի առաջին իսկ օրից մեզ հետ էր տիկին Ռիտա Սարգսյանը, ում աջակցությամբ էլ իրականացավ այս նախագիծը: Նա ներկա էր լինում փորձերին ու իր ներկայությամբ իմաստավորում ու հայրենասիրական ոգի հաղորդում մասնակիցներին: Ռիտա Ալեքսանդրովնան կարևորում էր այս գեղեցիկ նախաձեռնությունը, որն իրական տոն կարող էր դառնալ Արցախի փառապանծ ժողովրդի համար, և համոզված էր, որ «Արծվաբերդի» բեմադրությունը Շուշիում մեծ դեր կունենա արցախյան երաժշտարվեստի հետագա զարգացման համար, քանի որ մեծ արվեստն իր մեջ կրում է հոգևոր ու բարոյական հզոր ուժ:
Օպերայի պրեմիերայի օրը.
– Սեպտեմբերի 1-ին Շուշիում իսկապես մեծ տոն էր: Շուշի էին ժամանել բազմաթիվ պաշտոնյաներ, արվեստասերներ, աշխարհի տարբեր երկրներից հյուրեր` ներկա գտնվելու օպերայի պրեմիերային: Այստեղ էին նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ներկա էին և՛ Տիգրան Սարգսյանը, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ Վազգեն Մանուկյանը, և՛ Պարույր Հայրիկյանը, և՛ Լարիսա Ալավերդյանըգ
«Հիանալի փաստ է. արվեստը միավորեց մեզ բոլորիս,- ներկայացումից հետո ասաց տիկին Սարգսյանը և շարունակեց,- Ուրախ եմ, որ բոլորն այսօր կտանեն իրենց հետ անմոռաց տպավորություններ, և կաշխատեմ, որ նման միջոցառումներ տեղի ունենան Շուշիում ամեն տարի»: Ծափահարությունները երկար չէին դադարում: Դա մի աննկարագրելի վիճակ էր: Բոլորը գերտպավորված էին և հեռանում էին` իրենց հետ տանելով այն աստվածային շունչը, լույսը, որը տիրում էր այնտեղ ներկայացման ողջ ընթացքում: Դա համերգ չէր, աղոթք էր…:
Օպերայի պրեմիերային արձագանքել է Ա. Բաբաևի ընտանիքը.
– Ա. Բաբաևի ընտանիքի` կնոջ, աղջկա և թոռան համար օպերայի պրեմիերան շատ անսպասելի էր, միևնույն ժամանակ` ուրախալի: Նրանք, ցավոք, չկարողացան ներկա գտնվել, բայց ուղերձ գրեցին, որում մասնավորապես նշված էր. «Մեծ խորհուրդ կա այսօր: Հենց այստեղ` Շուշիում, Արցախի Անկախության օրը վերստին հառնում է «Արծվաբերդը»: Մենք երջանիկ ենք, որ Անդրեյ Բաբաևի օպերան չի մոռացվել, և ուրախ ենք, որ այս նշանավոր երաժշտական իրադարձությունը` «Արծվաբերդի» ներկայացումը, իրականանում է կոմպոզիտորի հայրենիքում: Հայտնում ենք մեր երախտագիտությունը բոլոր այն անձնվեր մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նախագծի իրականացման համար և երկարատև ընդմիջումից հետո բեմ են բարձրացնում արվեստի հուզիչ ու գեղեցիկ այս ստեղծագործությունը:
Պրեմիերայից հետո.
– Հաջորդ օրն իմացանք, որ Շուշիի մոտակա գյուղերում, ուր հասնում էին «Արծվաբերդի» ձայները, բնակիչները հանել էին աթոռները, շարել դրսում ու լուռ նստած «հետևում էին» օպերայի գործողություններին: Ահա թե ինչ կարող է անել արվեստը, որը չի կարող անել նույնիսկ զենքը: Օպերայի գլխավոր հերոսի` Ռուբենի հերոսական կերպարով վեր է հառնում հաղթանակի հանդեպ ունեցած հայ ժողովրդի անբեկանելի ուժը` այն ուժը, որի հաղթանակն այսօր արդեն տոնում ենք 22-րդ անգամ: Օպերան վերջանում է հետևյալ տողերով. «Վերականգնվում է Արծվաբերդ ամրոցի անդորրը: Կանացի հեռավոր ձայները կարծես ձուլվում են նոր օրվա լույսերում»:
Կարծում ենք` այսքանը կարդալուց հետո ընթերցողների մոտ ցանկություն առաջացավ «Արծվաբերդ» օպերան լսել Երևանում: Ի ուրախություն մեզ, նշեմ, որ արդեն քայլեր են կատարվում, որպեսզի օպերան մոտ ժամանակներս բեմադրվի նաև Երևանում, իսկ Շուշիում, նախագծի գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ, այն կդառնա գեղեցիկ ավանդույթ` ի հիշատակ այն բոլոր զոհված տղաների, ում կյանքի գնով ապահովվել է մեր թանկ հաղթանակը:
«168 ԺԱՄ»