Հայաստանում մարդիկ իրենց մեքենաների նկատմամբ ավելի ուշադիր են, քան իրենց առողջության

Ասում է ԱՄՆ-ի Ատլանտայի բժշկական կենտրոնի նեյրոէնդովասկուլյար ծառայության ղեկավար Միքայել Գրիգորյանը

Միքայել Գրիգորյանը 1996թ. ավատել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռուսական բուժական ֆակուլտետը, ուսումը` արդինատուրան շարունակել է Ռուսաստանում, որից հետո մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ և ապրում է արդեն 15 տարի: Սկզբում Մ. Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ գիտահետազոտական աշխատանք կատարելու և ծրագրում է վերադառնալ հայրենիք, սակայն այնտեղ համապատասխան դասընթացներն ու քննությունները հանձնելուց հետո հասկանում է, որ դրսում գտնվելով շատ ավելի օգտակար կարող է լինել Հայաստանին, իսկ կապերը Հայաստանի հետ շատ ուժեղ են, և ինքն ամեն տարի այսպես թե այնպես վերադառնում է:

Միքայել Գրիգորյանն այժմ ԱՄՆ Ատլանտայի բժշկական կենտրոնի նեյրոէնդովասկուլյար ծառայության ղեկավարն է: Այն, ինչ ինքն անում է, ըստ մեր զրուցակցի, որևէ բառով չի թարգմանվում, սակայն իր գործը պատկերավոր այսպես է ներկայացնում. «Ամենաճիշտ բացատրությունը՝ ուղեղի ջրմուղագործն է, որովհետև ես հենց դա եմ անում: Օրինակ, եթե ձեր խոհանոցի խողովակում խցանում է, դուք ջրմուղագործի եք կանչում, որպեսզի այդ խողովակը բացի, իսկ եթե ուղեղի անոթներում է խցանում առաջանում, ապա մարդիկ գալիս են ինձ մոտ»,- ասում է բժիշկը` նշելով, որ հենց ուղեղի անոթների խցանումից է առաջանում կաթվածը, սակայն տվյալ դեպքում այն իմաստ ունի «բացել» կաթվածից մի քանի ժամ հետո միայն:

– Կաթվածից հետո որքա՞ն ժամանակ անց է ժամանակակից բժշկությունը հնարավորություն տալիս վերականգնել մարդու առողջությունը: Որքան տեղյակ եմ՝ օգնություն կարելի է տրամադրել միայն առաջիկա 6 ժամերի ընթացքում, իսկ դրանից հետո հիվանդը կարող է հաշմանդամ մնալ ամբողջ կյանքում կամ վատագույն դեպքում՝ մահանալ:

Կարդացեք նաև

– Մարդուն կարելի է բուժել կաթվածի առաջիկա մի քանի ժամերի ընթացքում միայն, որովհետև իսկապես դրանից հետո արդեն ուշ է, մարդը կարող է հաշմանդամ մնալ իր հետագա կյանքի ընթացքում, իսկ վատագույն դեպքում՝ անգամ մահանալ: Որևէ ստույգ ժամ չկա, թե քանի ժամ անց կարելի է վերականգնել հիվանդի առողջությունը: Տարբեր կարող է լինել: Օրինակ, եթե կաթվածը ախտորոշվել է երիտասարդի մոտ, ապա անգամ 8 ժամ հետո էլ հնարավոր է փրկել նրան, և նրա ուղեղը շուտ չի մահանա, որովհետև սնուցումը լավ է և ուղեղի մյուս անոթները կարող են վերցնել իրենց վրա այդ խցանված անոթի աշխատանքը: Իսկ, օրինակ, 70 տարեկան շաքարախտով հիվանդի մոտ շատ ավելի արագ է այդ ամենը տեղի ունենում, ընդամենը 3 ժամ ժամանակ ունի բժիշն այդ օգնությունը` անոթների բացումը կատարելու համար: Թեև անգլերենում ասվում է «There is no magic number», այսինքն` հրաշքի համար թիվ չկա, իհարկե հրաշքներ կարող են լինել, սակայն հիմնականում ցուցանիշները այդպիսին են:

– Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում տարեկան մոտ 5500 մարդ կաթված է ստանում: Ըստ Ձեզ, ո՞րն է այս հիվանդության պատճառը, ինչի՞ց կարող է այն առաջանալ:

– Նախ, առաջին հերթին, ինձ թվում է, որ այդ թիվը շատ ավելի մեծ է, պարզապես Հայաստանում շատ դեպքերում պետք է նկատի ունենալ, որ հայերը մինչև դանակը ոսկորին չի հասնում՝ բժշկի մոտ չեն գնում, իսկ գրանցված դեպքերը, կարծում եմ, այն դեպքերն են, որոնք հայտնի են միայն այն պատճառով, որ մարդիկ գնացել են բժշկի մոտ: Համոզված եմ, որ շրջաններում և գյուղերում նման շատ դեպքեր են պատահում, պարզապես այդ մարդիկ ուղղակի բժշկի մոտ չեն գնում: Այնպես որ, իրական թիվը, թերևս, շատ ավելի շատ է:

ԱՄՆ-ում և ընդհանրապես զարգացած երկրներում, քաղցկեղից և սրտի ինֆարկտից հետո որպես հաշմանդամության և մահվան պատճառ նշվում է կաթվածը:
Կաթվածի պատճառները կամ ռիսկի գործոնները բաժանվում են երկու մասի: Մի դեպքում՝ դրանք այնպիսին են, որ դու որևէ բան չես կարող անել որևէ բան փոխելու համար: Օրինակ` տղամարդկանց պարագայում կաթվածի ռիսկն ավելի մեծ է, քան կանանց, սեռային տարբերություն կա: Այստեղ նաև տարիքային տարբերություն կա. որքան մարդը մեծանում է՝ կաթվածի ռիսկը շատանում է, բնականաբար, մեր օրգանիզմը տարիքի հետ ավելի շատ է հակված կաթվածի: Այսինքն` կրկին սա ռիսկի գործոն է, որը չես կարող փոխել, քեզ երիտասարդացնել չես կարող, համենայնդեպս, առայժմ չես կարող:

Մյուս կողմից, կան այնպիսի ռիսկեր, որոնց դեպքում ինչ-որ կերպ կարելի է այդ ռիսկերը կառավարել: Հենց այդ խմբի առողջության պահպանմանն են ուղղված մեր ջանքերը, դրանց թվում են՝ բարձր ճնշում ունեցողները, ծխախոտի, մասնավորապես` ցանկացած տեսքով նիկոտինի օգտագործողները, շաքարախտով հիվանդները, ավելորդ քաշ և խոլեստերինի մեծ քանակություն ունեցողները: Իհարկե, այստեղ կարևոր է նաև ժառանգականության հարցը. եթե ձեր ընտանեկան պատմության մեջ կան այդպիսի մարդիկ, ովքեր նման հիվանդություններ ունեն, ապա առավել ևս երիտարսարդ տարիքից պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, քանի որ այդ ամենը նպաստում է կաթվածի զարգացմանը:

– Ինչպե՞ս կարելի է կանխատեսել այս հիվանդությունը, ինչ-որ կերպ կարելի՞ է իմանալ:

– Շատ կարևոր է հասարակությանը բացատրել և հասկացնել, թե որո՞նք են սուր կաթվածի ախտանիշները: Դրանցից են՝ հանկարծակի երեսի կամ ձեռքի միակողմանի թուլությունը, հանկարծակի խոսակցական դժվարությունների առաջացումը, հանկարծակի թմրածությունը մարմնի մի կամ մյուս կողմում, հանկարծակի տեսողության կորուստը ձախ կամ աջ կողմից և այլն: Այս ամենի մասին տեղեկատվական գովազդներ պետք է ցուցադրվեն Հայաստանում: Ամենահաճախ հանդիպող ախտանիշն, իհարկե, միակողմանի թուլությունն է և խոսակցական խանգարումները, և, եթե նունիսկ այդ երկու ախտանիշները հիշեն մարդիկ, շատ ավելի շատ թվով մարդիկ ժամանակին կգնան հիվանդանոց և կկարողանան համապատասխան բուժում ստանալ: Մենք` կաթվածի բուժմամբ զբաղվող բժիշկներս, անընդհանտ քարոզում ենք, որ Ժամանակը ուղեղ է (Time is Brain), ուստի շատ կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը: Եթե կաթված է առաջանում և նույն վայրկյանին մարդը, որը գտնվում է տվյալ հիվանդի կողքին՝ այդ նշանները տեսնելիս պետք է անմիջապես, հենց այդ պահին զանգահարի շտապօգնություն, իսկ շտապօգնությունն էլ, իր հերթին, պետք է իմանա, թե ուր տանի տվյալ հիվանդին: Օրինակ, ԱՄՆ-ում նմանատիպ հատուկ կենտրոններ կան հոսպիտալներում, որտեղ հենց կաթվածի հիվանդների վիճակի կայունության և սկզբնական բուժմամբ են զբաղվում: Դրանից հետո, եթե կարիք է լինում՝ դիմում են էնդովասկուլյար (անոթային) վիրաբույժների օգնությանը:

– Կաթվածի դեպքում տարածված է ասել, որ մարդուն տեղաշարժելը հակացուցված է, դա ճի՞շտ է:

– Ոչ, տվյալ դեպքում կարևորը միայն տվյալ հիվանդի ճնշումը չիջեցնելն է, քանի որ այդ դեպքում արյան հոսքը կդանդաղի և ավելի կվատանա հիվանդի վիճակը: Այսինքն` այդ ժամանակ չի կարելի միայն մի բան` չի կարելի մարդու ճնշումը իջեցնել: Սակայն, նույնիսկ ժամանակ պետք չէ ծախսել դրա մասին մտածելու համար, որովհետև մինչև տվյալ մարդու ուղեղը չնկարես, դու չես կարող վստահ իմանալ, թե դա ի՞նչ տեսակի կաթված է: Ուստի, պետք է հիշել. առաջին բանը, որ պետք է անել՝ շտապօգնության ծառայությանը զանգելն է:

Իհարկե, այստեղ կարևոր է կրթել նաև հենց շտապօգնության ծառայության աշխատակիցներին` բժիշկներին, բուժքույրերին և այլն, ինչը ավելի պետական մոտեցում է պահանջում, ու կարևոր է, որպեսզի հիվանդը տեղափոխվի հենց կաթվածի կենտրոն, որտեղ մասնագետները մասնագիտացված կլինեն հենց այս հիվանդության կրկնությունը կանխելու, հիվանդի վիճակը կայունացնելու և հիվանդին բուժելու համար: Շատ կարևոր է այդ բժշկական թիմի պատրաստվածությունը, քանի որ միայն այդ դեպքում շատ-շատ հիվանդների հնարավոր կլինի փրկել հաշմանդամությունից: Պատկերացնո՞ւմ եք, լիովին առողջ մարդը մեկ էլ հանկարծ ոչ կարողանում է նորմալ խոսել, ուտել, շարժվել և այլն, և անընդհատ կարիք ունի, որ իրեն տեղաշարժեն, կերակրեն, հագուստը կոճկեն, և այլն: Դա իսկապես սարսափելի է, և դա շատերի համար երբեմն սարսափելի է, քան մահը: Ցավոք, Հայաստանում ոչ նորմալ կանխարգելում են և ոչ էլ նորմալ բուժում են այս հիվանդությունը:

Ես, օրինակ, ամեն տարի գալիս եմ Հայաստան երկու նպատակով. առաջինը` հանգստանալու և ընկերներիս տեսնելու, և, երկրորդը` համագործակելու Երևանի բժիշկների հետ:

Հայաստանում ընդամենը կա մի մասնագետ` էնդովասկուլյար նեյրովիրաբույժ Տիգրան Խաչատրյանը, ով աշխատում է Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցում, նա նեյրանոթային վիրաբույժ է և միայն նա է նման դեպքերում վիրահատություններ կատարում: Երբ գալիս եմ Հայաստան, իմ ձեռքի հեռախոսահամարը տալիս եմ բաժանմունքի վարիչին, ու ասում եմ՝ ես արձակուրդում եմ, բայց, երբ իմ կարիքը լինի՝ զանգահարեք, ես կգամ: Այդպես ես և Տիգրանը միասին վիրահատություններ ենք անում: Մի անգամ, երբ Սևան էի գնացել, նա ինձ զանգահարեց, և ես ամեն ինչ թողեցի ու հետ եկա:

Միասին վիրահատում ենք, մի քանի տարի է՝ այսպես ենք անում: Բայց, իհարկե, մեկ հոգով դժվար է ամբողջ Հայաստանի կաթվածի հիվանդներին հասնել և բուժօգնություն ցույց տալ: Սակայն ուրախալի է, որ մի խումբ շատ ճանաչված ամերիկահայ և կանադահայ նյարդաբանների և նեյրովիրաբույժների շրջանում հետաքրքրություն առաջացավ նման հիվանդանոցի հիման վրա կաթվածի կենտրոն ստեղծելու, որը կարող է բազմաթիվ մարդկանց օգնել: Ցավոք, կաթվածի մասին Հայաստանում շատ մարդիկ բավարար տեղեկություններ չունեն, ինչը, իհարկե, շատ վատ է, քանի որ շատերը դեռևս խորհրդային ժամանակներից համարում են, որ կաթվածը եղել է և վերջգ Այնինչ այսօր ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս անգամ շատ սուր կաթվածի բուժումներ կատարել (Մ. Գրիգորյանը հենց նման վիրահատություններ է կատարում.- Լ.Մ.), որի մասին Հայաստանում շատերը չգիտեն: Այսինքն` այստեղ բավականին գործ կա կատարելու:

– Կաթվածի կենտրոնի մասին խոսենք. ի՞նչ է արվել, ի՞նչ է նախատեսվում:

– Նախ, Երևանում պետք է լինեն կաթվածի մասնագետներ: Որքան էլ մենք սարքավորումներ բերենք այստեղ՝ դրանք անիմաստ են, եթե չկա համապատասխան մասնագետ: Առաջին փուլում, կարծում եմ, հասարակությանը կրթելուն զուգահեռ կարևոր է մասնագետների պատրաստումը, որովհետև եթե մենք մասնագետ չունենանք, ապա ո՞ւմ մոտ է գնալու տվյալ հիվանդը: Կաթվածի կենտրոնը իրենից մի ամբողջական շղթա է ներկայացնում, որը բաղկացած է տարբեր ճյուղերից և տարբեր մասնագետներից` սուր կաթվածի, կաթվածի ռեաբիլիտացիայի (վերականգնողական), կանխարգելման և այլն: Առաջին հերթին՝ պետք է մասնագետներ վերապատրաստվեն, երկրորդը` հիվանդանոցներում հատուկ կաթվածի մասնագիտացված բաժիններ կամ կենտրոններ պետք է ստեղծվեն, որտեղ բուժաշխատողները պետք է հատուկ մասնագիտացված գիտելիքներ ունենան: Մենք այս հիվանդության կանխարգելման և բուժման կարևորությունը գիտակցելով` դրսում` Կանադայում և ԱՄՆ-ում ապրող հայ բժիշկներով պատրաստ ենք մեր հայրենիքում նման կենտրոնների բացմանը աջակցել` մեր գիտելիքներով և որոշ սարքավորումներով, սակայն այստեղ կարևոր է նաև պետական մոտեցումը` ՀՀ նախագահի, առողջապահության նախարարի և այլոց աջակցությունը, թե ֆինանսապես և թե իրենց հրամանների տեսքով: Մեր նպատակը, առաջին հերթին, Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցում նման կենտրոնի ստեղծումն է, որից հետո ծրագրում ենք նման կենտրոններ ստեղծել նաև Էրեբունիի հիվանդանոցում, Նոր Նորքի հիվանդանոցում, Գորիսում, Գյումրիում, Ղարաբաղում և այլն: Այդ բոլոր կենտրոնները, եթե միմյանց հետ կապ ունենան, մենք բազմաթիվ հիվանդների կփրկենք հաշմանդամությունից:

Այժմ, ցավոք, հաճախ կաթվածով հիվանդին տանում են հոսպիտալ, որտեղ անգամ հիվանդի գլուխը նկարելու հնարավորություններ չկան: Ընդամենը վերջերս մի բժիշկ կաթված էր ստացել, և նրան շտապօգնությունը հիվանդանոց էր տեղափոխել, որտեղ նա 2 ժամ անիմաստ պառկել է, առանց որևէ բուժօգնության: Հետո միայն բարեբախտաբար հիվանդը, որը մասնագիտությամբ բժիշկ էր, հիշել է, որ բժշկական համալսարանի հիվանդանոցում նման մի նեյրովիրաբույժ կա, ճշտելուց հետո նրա բարեկամները արագ հասցրել էին այնտեղ: Բարեբախտաբար, հիվանդի ուղեղը դեռ չէր մահացել. սուր կաթվածից 4 ժամ անց նրան տրվել էր ներերակային համապատասխան դեղը, և ընդամենը 20 րոպե հետո տվյալ մարդը իրեն լիովին առողջ էր զգացել: Հակառակ դեպքում, նա ողջ կյանքում պետք է հաշմանդամ մնար: Ահա, թե որքան կարևոր է նման կենտրոն և մասնագետներ ունենալը: Մենք, իհարկե, պատրաստ ենք օգնել, սակայն այս հարցը լուրջ պետական մոտեցում է պահանջում, քանի որ այստեղ կարող են նաև կոռուպցիոն ռիսկեր լինել. օրինակ, տվյալ շտապօգնության ծառայությունը կարող է հիվանդին ոչ թե կաթվածի կենտրոն տանել, այլ մի ինչ-որ մասնավոր կլինիկա: Պետք է բոլոր ուժերը համախմբել և փրկել մարդկանց:

Հետաքրքիր է, սակայն, Հայաստանում մարդիկ իրենց մեքենաներին շատ ավելի են ուշադրություն դարձնում, քան իրենց առողջությանը: Իրենց մեքենան պարբերաբար տանում են ստուգմանգ Այդպես էլ մարդը պետք է պարբերաբար ստուգման գնա: Օրինակ` Ամերիկայում, եթե մարդն անգամ ոչ մի պրոբլեմ չունի ատամի, միևնույնն է, ինքը ամեն վեց ամիսը մեկ գնում է բժշկի մոտ` հետագայում խնդիրներ չունենալու համար: Իհարկե, ինձ համար հեշտ է խոսելը, քանի որ այնտեղ բժշկական ապահովագրություն է գործում, որը և փակում է այդ բոլոր ծախսերը: Սակայն, այնուամենայնիվ առողջությանը պետք է ուշադրություն դարձնել և հիվանդության հնարավոր ռիսկերը, օրինակ` ծխելը, ճարպերի օգտագործումը և այլն, հնարավորինս բացառել մեր օրակարգից: Մի բան էլ կա. Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը մուննաթն է, իսկ մուննաթը գալիս է նրանից, որ մենք երջանիկ չենք, իսկ երջանիկ լինելու նախապայմաններից մեկը առողջությունն է: Եթե դու առողջ ես, ապա դու ավելի երջանիկ մարդ ես:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս