Իրանում դպրոցին հասցված հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորների վրա ամերիկյան տարբերանշաններ են գտնվել․ NYT
Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա հասցված հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորների վրա հայտնաբերվել են ամերիկյան զինամթերքին բնորոշ տարբերանշաններ, հայտնում է The New York Times-ը։
Բեկորների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք, ամենայն հավանականությամբ, «Tomahawk» տիպի ամերիկյան թևավոր հրթիռի դետալներ են, որոնք գտնվում են բացառապես ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ։
Ըստ NYT-ի՝ հետաքննության նյութերը ներառում են ստուգված տեսանյութեր և արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է հրթիռը թռչում ռազմածովային բազայի տարածքի վրայով և հարվածում բազայի անմիջական հարևանությամբ գտնվող դպրոցին։
Պարբերականի փորձագետները նշում են, որ միայն ԱՄՆ-ն ունի այս տիպի թևավոր հրթիռներ, ինչը կասկածի տակ է դնում ամերիկյան ղեկավարության սկզբնական պաշտոնական հայտարարություններն այն մասին, թե Միացյալ Նահանգները որևէ առնչություն չունի դպրոցի վրա հասցված հարվածի հետ։
Միևնույն ժամանակ, The New York Times-ը դիտարկում է այն վարկածը, որ դպրոցը թիրախավորվել է ոչ թե դիտավորյալ, այլ վնասվել է հարևանությամբ գտնվող ռազմածովային բազայի վրա հարձակման հետևանքով:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, թե դպրոցին հասցված հարվածների հետևում կարող են կանգնած լինել հենց իրանական ուժերը՝ կտրականապես հերքելով Պենտագոնի առնչությունը։ Սակայն հենց նույն օրը Սպիտակ տունը հաստատել է, որ միջադեպն արդեն քննվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից:
NYT-ի աղմկահարույց հրապարակումն արձագանք է գտել նաև ԱՄՆ Կոնգրեսում. մի խումբ դեմոկրատներ Պենտագոնից պահանջել են հարվածի հանգամանքների լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Որոշ օրենսդիրներ նշում են, որ բեկորների վերլուծության արդյունքները ստիպում են վերանայել Իրանում անցկացվող մարտական գործողությունների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը։
Փետրվարի 28-ի հարվածը դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ մղվող ռազմական արշավի ամենածանր միջադեպերից մեկը, որի ժամանակ զոհվել է շուրջ 170 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։



