«Փաշինյանը պրիմիտիվ գործոնով փորձում է մարդկանց խաբել. եթե նա մնա, կլինի և՛ պատերազմ, և՛ Հայաստանը չի լինի». Արամ Սարգսյան

«Եթե մենք խոսում ենք լուրջ քաղաքականության կամ լուրջ պետական կառավարման մասին, ապա այն, ինչ այսօր անում են ՀՀ իշխանությունները, որևէ կերպ չի համապատասխանում ներկայիս իրականությանը։ Մենք գործ ունենք անլուրջ իշխանության հետ, որն արդեն իսկ հաստատել է՝ ինքնուրույն քաղաքականություն չի վարում»,- այս մասին 168.am հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով հարևան Իրանում ընթացող ռազմական գործողությունների և Հայաստանի իշխանությունների կողմից ներքին կուսակցական քարոզարշավի մասին։

Ըստ նրա, որքան էլ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսի ինքնիշխանության մասին և հայտարարի, թե իբր նոր ենք դարձել պետություն, դա որևէ բան չի փոխում՝ նա ինքնուրույն չի կառավարում երկիրը։

«Եթե սրանք ամեն օր խոսում են, թե նոր ենք պետություն դառնում, մենք ճիշտ հակառակը պետք է հասկանանք, որովհետև պետությունը ձևավորվեց 1991 թվականին, այսինքն՝ շարունակական էր, այս ամենը հիմա թմբկահարելու կարիք չունենք։ Ավելի լավ է, թող խոսի, թե այս ամենն ինչպես պահպանենք ու զարգացնենք։

Եթե դիտարկում ենք Իրանի դեմ այս պատերազմը, ապա այն  դեռևս քողարկված է։ Երբ ԱՄՆ նախագահը եկավ իշխանության, հայտարարեց, թե 8 պատերազմ է կանգնեցրել, բացառել է Երրորդ համաշխարհայինը և արժանի է դառնալ «Խաղաղության Նոբելյան» մրցանակակիր։ Բայց չանցած կես տարի, նա վերափոխվեց»,- հավելեց Արամ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Արամ Սարգսյանի կարծիքով՝ այստեղ շատ խոշոր կամպանիա է ընթանում, և երբ Վենեսուելայի նախագահ Մադուրոյին Թրամփն առևանգեց և վերցրեց Վենեսուելայի նավթը, պետք էր այդ ժամանակ հասկանալ, որ նա ինչ-որ նոր ավանտյուրա է պատրաստում։ Այդ ամենով Թրամփն ապահովագրեց իրեն, որպեսզի լարված իրավիճակներում միշտ նավթ ունենա։ Հենց այս գործընթացներին էլ հաջորդեց Իրանի դեմ հարձակումը։

«Իրան-ԱՄՆ բանակցություններ էին ընթանում, իսկ երբ այդ բանակցությունների շղարշի տակ Միացյալ Նահանգները պատրաստվում էր պատերազմի, սա նշանակում է, որ նա հենց առաջին օրվանից է պատերազմի պատրաստվել։

Այս պայմաններում ՀՀ իշխանություն կոչվածը սկսել է իրեն գովերգել, պտտվել գյուղերով՝ համոզելու մարդկանց, թե իբր իրենք խաղաղություն են բերել՝ ամբողջովին նոնսենս է։ Այս իրավիճակում մարդկանց համոզել, թե այսպես է լինելու այսօր, այդպես կլինի նաև վաղը՝ իհարկե, մեծ հանցագործություն է, որովհետև մենք չենք կարող ասել, թե ինչով կավարտվի Իրանի դեմ այս ագրեսիան։ Նաև չպետք է մոռանանք, որ Թուրքիան ու Ադրբեջանն այս ամենի համատեքստում Իսրայելի հետ շարունակական գործընթացների են պատրաստվում, ինչը կարող է արտահայտվել այս ԹՐԻՓՓ կոչվածի իրականացմամբ, «Մեծ Թուրանի» ձևավորմամբ և այլն։ Ու աբսուրդն այն է, որ այս ամենի մեջ հայտնվում է երկրի ղեկավար, որը ասում է՝ եկեք ինձ ընտրեք, եթե չընտրեցիք՝ ապա պատերազմ է լինելու։

Նիկոլ Փաշինյանն այս պրիմիտիվ գործոնի վրա փորձում է մարդկանց խաբել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Արամ Սարգսյանի բնորոշմամբ, վերջին տարիներին հասարակությանն այնպիսի մակարդակի են հասցրել, որ կա մի շերտ, որը ոչնչի վերաբերյալ ոչինչ չի ուզում լսել։ Հետևաբար՝ այս մարդկանց մոտ Նիկոլ Փաշինյանի օգտագործած պրիմիտիվ գործոնն աշխատելու է։ Հատկապես, եթե հաշվի առնեն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների նախաշեմին հանկարծ որոշեց 10 հազար դրամով բարձրացնել թոշակը։

«Հարց եմ ուզում տալ Նիկոլ Փաշինյանին՝ 3 ամիս առաջ ասում էր, որ չի կարող թոշակ բարձրացնել, որտեղի՞ց այդ փողը վերցրեց, երբ բյուջեով նախատեսված չէր։ Սա նշանակում է, որ այն 100 միլիոնը, որը վերցրել է, դրանով է ապահովելու 10 հազար դրամները։ Եթե Աստված չանի, նա վերընտրվեց, այդ 10 հազարը չի գործելու, դա լավագույն դեպքում կլինի 3-4 ամիս։ Եթե Նիկոլ Փաշինյանը լինի, կլինի և՛ պատերազմ, և՛ Հայաստանը չի լինի, իսկ եթե չլինի իշխանության, ապա ազգը կմիավորվի, իր ներուժը կմիավորի ու կկարողանա զարգանալ այնպես, որ որևէ թշնամի ռիսկ չի անի Հայաստանի վրա հարձակվելու»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ միասին, հարձակում են գործել Իրանի վրա, ռազմական գործողություններն Իրանում շարունակվում են։

Տեսանյութեր

Լրահոս