Բաժիններ՝

Էթիկայի հանձնաժողովը նոր կազմով կքննարկի Հերմինե Նաղդալյանի հարցը

Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը կգումարի աշնանային նստաշրջանի առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Օրակարգում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության սեպտեմբերի 9-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:

Կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը:

Դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ա/Ճ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման կմ 177+000-կմ 217+000 առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար:

ԹԻՀԿ-ն գտնում է, որ, ի լրումն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արգելքի խախտման, օրենսդրական և ձեռնարկատիրական գործունեության զուգակցումը հիմնավոր կասկածներ է առաջացնում պատգամավորի կողմից պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի օգտագործելու և շահերի բախման ռիսկերի հնարավորությունները մեծացնելու վերաբերյալ:

Ի դեպ՝ ԱԺ չորրորդ նստաշրջանում գործող Էթիկայի հանձնաժողովի կազմը որոշակի փոփոխություններ է կրել: Այն կունենա 5 անդամ՝ ի տարբերություն նախորդ նստաշրջանի 7 անդամի: Հանձնաժողովի կազմում ոչ ընդդիմադիր ու ընդդիմադիր խմբակցությունները կունենան երկուական՝ նախորդ նստաշրջանի երեքականի փոխարեն, այլընտրանք համարվող «Բարգավաճ Հայաստան»-ը՝ մեկ ներկայացուցիչ:

Թվակազմի փոփոխությունը պայմանավորված է հանձնաժողովում իր տեղից այս նստաշրջանում հրաժարվելու մասին ընդդիմադիր՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության որոշմամբ:

Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի, Էթիկայի հանձնաժողովում ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թիվը պետք է հավասար լինի, մեկ անդամ կարող է ունենալ իրեն ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր չհայտարարած խմբակցությունը:

ՀԱԿ-ի որոշմամբ պայմանավորված ևս մեկ փոփոխություն է կատարվել. այս նստաշրջանում հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր կլինի: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին, և այս նստաշրջանում այդ իրավունքն անցնում էր ամենամեծաթիվ ընդդիմադիր ՀԱԿ-ին:

Ըստ այդմ՝ հանձնաժողովը կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս