Մասրենու վարդի օգտակար հատկությունները
Ա. Ամասիացին գրել է. «Մասուրի վարդը սուր անուշահոտությամբ բուրող սպիտակ ծաղիկ է»։ Հայտնի է, որ վարդենիները բուծվել են մասրենուց։
Մասրենու ծաղիկները կանոնավոր են, միայնակ, խոշոր, ունեն հինգ ազատ պսակաթերթեր և հնգաթերթ ծաղկեպսակ. առէջները բազմաթիվ են։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Հին ժամանակներից մարդիկ նկատել են, որ երբեմն մասրենու վարդի ծաղիկներն ունենում են ավելի քան հինգ ծաղկաթերթիկներ. ծաղկի մեկ կամ մի քանի առէջներ փոխակերպվում են ծաղկաթերթերի։ Տեղի է ունենում բույսի բնական զարմանահրաշ մուտացիա, որը կոչվում է հոմեոզիս։
Հետաքրքիր է իմանալ, որ նման ծաղիկները հայերը անվանել են «վարդենիս»` անորոշ տեսակի ծաղկաբույս։ Կ. Գանձակեցին գրել է. «Իսկ (հայոց Կիլիկիայի) բարեպաշտ Խեթում թագավորը կանգ առավ Արագածոտնում` Արայի լեռան հանդեպ, Վարդենիս կոչված գյուղում, ազգով հայ, կրոնով քրիստոնյա Քուրդ անվանված (Վաչուտյան) իշխանի տանը»։ Պատմիչը չբացահայտելով արքայի գտնվելու ճիշտ վայրը` գաղտնազերծել է այն «վարդենիս» անվանումով։
Համարվում է, որ մշակովի վարդերի հայրենիքը Հյուսիսային Պարսկաստանի` Կասպից ծովին հարող տարածքն է։ Պահլավերեն բույսը անվանվել է «վարտա»։
Հեթանոսական Հայաստանում «վարդ» և «վառ» բառերը ունեցել են «ջուր» և «ցայել» իմաստները, իսկ Վարդ-ան նշանակել է փառքը ավելացած ծնունդ։
Վարդի մշակույթը հայտնի է եղել շումերներին, ինչի մասին վկայում են պահպանված կավե տախտակների վրա փորագրված սեպագրերը (Ք.ա. 2860թ.)։ Հնագույն սանսկրիտով գրված ձեռագրերում հիշատակվում է վարդի յուղի մասին։ Կոնֆուցիոսը (Ք.ա. 551-479թթ.) գրել է, որ չին կայսերական գրադարանում կան բազմաթիվ հիշատակումներ վարդի մասին։
Հնում բանաստեղծները կոչել են Պարսկաստանը «Վարդերի երկիր` Գյուլիստան»։ Այստեղ մոտ 3000 տարի առաջ սկսել են մշակել բազմաթերթիկ վարդերը և առաջին անգամ ստացել են վարդի եթերային յուղը, որն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Պարսկաստանից վարդերի մշակույթը տարածվել է դեպի Բալկաններ, Անգլիա և այլ եվրոպական երկրներ։
Չեխիայի Չեսկի Կրումպով բնակավայրում 13-րդ դարից տոնվում է «հնգաթերթ վարդի»=«մասրենու ծաղկի» տոնը։
Օգոստոսի 23-ին Եվրոպայի կաթոլիկները տոնում են Սբ Վարդի օրը, որը համարվում է նաև
«Վարդ» արմատը պարունակող մարդկանց անվանակոչության օր։
Գրիգոր Լուսավորիչը Բագրևանում և Աշտիշատում հաստատել է Հովհաննես Մկրտչի (Սբ Կարապետ) հիշատակի օր, նման տոն ունեն նաև ռուսները` «Իվան Կուպալա», որը նշվում է հունիսի 24-ին։ Նույն օրը Գերմանիայում կանայք զարդարվում են ծաղկեպսակներով և մտնում Հռենոս գետը։
Վարդավառը մեր հնագույն տոներից մեկն է. Հնում այդ օրը իրար վրա ջուր են ցայել ու վարդերի ու այլ ծաղիկների ծաղկաթերթեր են ընդելուզել։
Մասրենու կամ վարդենու տարբեր տեսակներ ընդունված են որպես ազգային խորհրդանիշ Անգլիայում, Բուլղարիայում, Կանադայում, ԱՄՆ-ում (1986թ.) Ֆինլանդիայում։
Վարդը Պեկինի խորհրդանիշն է, պատկերված է Գրենոբլի զինանշանի, Ռոզենդալ (Նիդերլանդներ) քաղաքի դրոշի և զինանշանի վրա և այլն։
Հնագույն ժամանակներից մասրենին դասվել է ամենաարժեքավոր բույսերի թվին։
Մասրենու բուժիչ հատկությունները նկարագրել է Հիպոկրատը։
Հին հույները կարծել են, որ մասրենուց ստացված պատրաստուկները բուժում են կենդանիների և հատկապես շան կծելու հետևաքով առաջացած վերքերը։ Այդ իսկ պատճառով նրանք մասրենին անվանել են «Շան վարդ» («Rosa canina»)։
Ըստ պատմական տվյալների` 16-17-րդ դարերում ռուսական ցարերը հատուկ արշավախմբեր են ուղարկել, որոնց միակ նպատակը մասրենու պտուղներ հավաքելն էր։ Հավաքված բերքը պահպանվել է ցարական «Դեղատնային պալատում»` Կրեմլում։ Պտուղները կարելի էր ստանալ միայն ցարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնյայի թույլտվությամբ, դրանք նախատեսված էին ցարական ընտանիքի և զորքի սննդակարգը օգտակար նյութերով հարստացնելու համար։ Հասարակ ժողովուրդը անվանում էր մասրենին «հիվանդությունները և թշնամուն հաղթող բույս»։ Մասրենուց ստացված պատրաստուկներով նաև բուժում էին զինվորների վերքերը։
Մասրենու հանդեպ հետաքրքրությունը «վերածնվեց» Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն ոչ թե ԽՍՀՄ-ում, այլ ԱՄՆ-ում, որտեղ հիմնվեցին «Հաղթանակի այգիներ»։ Այդ այգիներում մշակվող մասրենու սննդարար պտուղները գրեթե ամբողջովին փոխադրվում էին եվրոպական երկրներ։
Վարդը սիրողը փուշն էլ է սիրում
Հնագույն ժամանակներից եկող այս իմաստասիրական ասացվածքը վկայում է, որ մասրենին և վարդի մշակույթը հնագույն ժամանակներից ծանոթ են եղել հայ ժողովրդին։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում են մասրենու տարբեր տեսակներ, առավել հայտնի են.
Մասրենի առատափուշը (R.spinosi ssima), որն ունի ուղղաձիգ կամ ուղիղ անկյան տակ թեքված ճյուղեր, ծաղիկները սպիտակ են կամ դեղնասպիտակ, «բարձրանում» է մինչև ալպյան գոտի, Մասրենի սովորականի (R. canina) բարձրությունը հասնում է մինչև 3 մ, ճյուղերը երկար են աղեղնաձև թեքված, փշերն ամուր են, նոսր, տարածված է միջին լեռնային գոտում,
Մասրենի Զանգեզուրի վարդը միայն Սյունիքում աճող բնաշխարհիկ բույս է` էնդեմ։ Մինչև 0,8-1,2 մ բարձրությամբ թուփ է, ճյուղերը ծածկված են կարմրավուն կեղևով և կապտավուն մոմաշերտով, փշերը նոսր են։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, 3-4 սմ տրամագծով։
Պտուղները մանր են, կարմրավուն, պարունակում են մեծ քանակությամբ օգտակար նյութեր։ Տարածված են միջին լեռնային գոտում։ Ծաղկի թերթիկները և պտուղները օգտագործում են թեյի փոխարեն։
Հայ բուժարարները մասրենու սպիտակ ծաղկաթերթերով բուժել են սրտի, իսկ կարմիր ծաղկաթերթերով` լյարդի և լեղապարկի հիվանդությունները։ Բրոնխիտը, թոքաբորբը և նույնիսկ թոքախտը բուժել են սև խաղողի և մասուրի պտղից ստացված մզվածքի խառնուրդով.
- Մայրս մեկ բաժակ հյութի մեջ լուծում էր 1 թ/գ մասուրի դեղատնային օշարակ։ Հրաշալի վիտամինային ըմպելիք է։
Ռևմատիկ բնույթի հոդացավերը, թոքերի տուբերկուլյոզը, ներքին արյունահոսությունները, հոդատապը և միզաքարային հիվանդությունները բուժել են մասրենու արմատով։
Մասրենու արմատը հավաքեք աշնանը, չորացրեք չոր, օդափոխվող տարածքում։ Պահպանման ժամկետը մինչև 2 տարի է։
Ներարգանդային արյունահոսություն. Փոշիացրեք արմատը, 20 գ հումքը 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ (40 աստիճան C) ջրի մեջ, քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
Ռևմատիզմ. 40 գ փոշիացրած արմատը 2 շաբաթ թրմեք 200 մլ օղու մեջ, մութ տեղում, քամեք։ Առաջին օրը խմեք 1 թ/գ։ Հաջորդ օրերին ավելացրեք չափաբաժինը 1-ական թ/գ-ով։ Ութերորդ օրից հետո նույն կերպ նվազեցրեք չափաբաժինը մինչև 1 թ/գ։ Կրկնեք 15 օրից։
- Նույն ոգեթուրմը լուծեք գոլ ջրի մեջ (1։2), դրեք թրջոց հոդացավի, հոդատապի դեպքում։
Հիպերտոնիա, ցիստիտ, քարեր երիկամներում. Մանր կտրատեք մասրենու չորացրած արմատը։ 6 ճ/գ հումքը լցրեք 800 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա փակ տարայի մեջ, 5 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 14 օր, կրկնեք 14 օրից։
- Նույն թուրմը լուծեք գոլ ջրում (1։2), դեք թրջոց հոդատապի դեպքում։ Ստորին վերջույթների կաթվածի դեպքում կատարեք լոգանք։
Արդյո՞ք օգտակար նյութերով հագեցած մասրենու պատրաստուկները կարող են վնասել առողջությանը.
Հայ բուսաբանները հաշվարկել են, որ չորացրած պտուղներում մոտ 2,5 անգամ մեծանում է օգտակար նյութերի խտությունը։ Ընդամենը 5 գ մասուրի չոր պտուղը բավարար է, որ հագեցնի չափահաս մարդու օրգանիզմի ասկորբինաթթվի (C վիտամին) մեկ օրվա պահանջարկը (մոտ 50 մգ)։
Ավանդական բժշկությունը օգտագործում է մասուրի պտուղը լնդախտի դեմ` C-ավիտամինոզի դեպքում, նաև որպես լեղամուղ միջոց։
Ասկորբինաթթուն ունի հակասկլերոտիկ հատկություն, իջեցնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ, բարձրացնում է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը, մասնակցում է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի փոխանակման գործընթացներին, նպաստում է հյուսվածքների վերականգնմանը, կարգավորում է արյան մակարդելիությունը, մասնակցում է կոլլագենի և ստերոիդ հորմոնների գոյացման գործընթացին։ Ասկորբինաթթուն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Հակացուցումներ.
- Ասկորբինաթթվի մեծ չափաբաժինների երկարատև ընդունումը կարող է խաթարել ենթաստամոքսային գեղձի ինսուլինագոյացնող ֆունկցիան և նաև առաջացնել ոչ ինֆեկցիոն դեղնախտ։ Ասկորբինաթթուն հակացուցված է թրոմբոֆլեբիտների դեպքում, քանի որ նպաստում է թրոմբերի գոյացմանը։
- Մասուրի պտղից ստացված պատրաստուկները պետք է չափավորել ստամոքսաբորբի և սրտի հիվանդությունների դեպքում։
- Կարևոր է իմանալ, որ մասրենու պտղի ոգեթուրմը բարձրացնում է ճնշումը, իսկ ջրային թուրմը իջեցնում է։
Ի տարբերություն պտուղների, մասուրի արմատից ստացած պատրաստուկները խոչընդոտում են լեղու արտազատմանը։ Արմատի եփուկն ունի կապող հատկություն։
Մասուրի պտղի մթերման և ջրային թրմի պատրաստման առանձնահատկությունները
Պտղի քիմիական բաղադրությունը կախված է դրա հասունացման աստիճանից։ Աշնան վերջին` հատկապես առաջին սառնամանիքներից հետո, պտուղները մգանում են. նվազում է C վիտամինը, և ավելանում է շաքարների պարունակությունը։
- Մասրենու պտուղները պետք է չորացնել մութ, օդափոխվող տարածքում։ Պտուղը փռեք թղթի վրա մեկ շերտով։ Չոր հումքը տեղավորեք հերմետիկ փակվող տարայի մեջ, պահեք հով տեղում։
- Ցանկալի է թրմելուց առաջ պտուղը բաժանել 2 մասի և հեռացնել սերմը և «մազմզուկները», որոնք կարող են վնասել բերանի, կոկորդի և աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթները։ Բոլոր դեպքերում մասուրի պտղի թուրմերը պետք է խմել մի քանի տակ ծալած թանզիֆով քամելուց հետո։
- 100 գ չորացրած պտուղը պարունակում է մինչև 60 գ ածխաջրեր, 5 գ օրգանական թթուներ, 4 գ սպիտակուց, 2,5 գ դաբաղանյութեր, 1,2 գ վիտամին C, 6,7 մգ ենթավիտամին A, 1,5 մգ նիկոտինաթթու (վիտամին PP), 0,84 մգ վիտամին B2, 0,15 մգ վիտամին B1 ինչպես նաև ռուտին և վիտամին K։ Հանքային աղերից հայտնաբերվել են կալիումի, ֆոսֆորի, կալցիումի, մագնիումի, երկաթի աղերը, նաև մարգանեց, քրոմ, պղինձ, կոբալտ, մոլիբդեն։
- Ընդունված է թրմել մասուրի պտուղները ջերմապահում։ Ջրային մզվածքի մեջ օգտակար նյութերի քանակը առավելագույնն է, եթե պտուղը նախօրոք մանրացնում են, սակայն 6-8 ժամ անց դրանք քայքայվում են։ Եթե ջերմապահի մեջ լցնեք ամբողջական չոր պտուղներ, ապա C վիտամինի քանակությունը ջրային մզվածքի մեջ առավելագույնի կհասնի 36 ժամ անց. այդ արժեքը կպահպանվի թուրմի մեջ մոտ 42 ժամ։
Կարևոր է իմանալ, որ պտուղները չի կարելի եռացնել։
(Շարունակելի)
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: