«Ախր կյանքը միայն նյութը չէ՝ արվեստը, մշակույթը, խեղճերին օգնելը, ուրիշներին սիրելն է»
Նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանը, հիշեցնելով Ալբեր Քամյուի խոսքերը, հաստատում է, որ արվեստագետի դժվարությունը նրանում է, որ ինքը գտնվում է վանական և աշխարհիկ մարդկանց միջև: Աշխարհիկ կյանքում գայթակղությունները շատ են, բայց արվեստագետը մեծամասամբ լինելով ճգնավոր՝ այդ հակադրությունները տառապանքով հաղթահարում է: Առհասարակ նա համարում է, որ մասնավորապես վիզուալ արվեստ (նկարչության պարագայում կոլեկտիվ արվեստ չէ՝ անհատական է) ստեղծողները լինելով մենակ իրենց արվեստանոցներում, ճիշտ նույն իրավիճակում են, ինչպիսին վանականներն են իրենց մենախցերում: «Նկարչությունը և՛ տառապանք է, և՛, սիրո զգացողություն, Աստծո հետ լինելու բախտավորություն, որովհետև ի վերջո, դու ես, կտավն է ու Աստված: Ինքը միջնորդն է, դու` մեդիումը: Ամենամեծ երջանկությունն այդ եռակողմ խոսակցությունն է»:
Սեպտեմբերի 14-ին «Դալան» գալերեայում բացված Եվգինե Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի խորագիրն է «Ապրելու ուրախություն», և ներկայացված գործերից մեկի անվանումն էլ հենց այդպես է կոչվում: Աշխատանքներն իրենց գույներով ու համադրությամբ իսկապես դրական ու պայծառ էներգետիկ դաշտ են փոխանցում: 2009 թվականին որոշ աշխատանքներ ցուցադրվել են ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոնում) և շարքը վերնագրված էր «Տեսնել՝ նշանակում է աչքերով զգալ»:
«Դրանից հետո` մասնավորապես Փարիզի շրջագայությունից հետո, նոր ստեղծագործություններ արեցի, որոնք արտահայտում են «Ապրելու ուրախություն» խորագիրը: Մարդիկ, ովքեր գալիս են գալերեա նկարներս նայելու, իրենց հայացքներում տեսնում եմ նկարներիս ազդեցությունն ու շատ ուրախանում եմ: Կարծում եմ՝ այն կտավները, որոնք նկարվել են իմ կողմից, լցված են տիեզերքից եկող էներգիաներով, մեսիջներով և դրանք մարդկանց աչքերի մեջ երևում են սիրո, հիացմունքի դրսևորումներով»,- ասում է Ե. Մարտիրոսյանը, ով վերջին մի քանի տարիներին լինելով աուտենտիկ վիճակում՝ որսում է էներգիաներն ու դրանք փոխանցում է կտավներին:
Նա հավաստիացնում է, որ իր կտավներն իր զարկերակն են, կարդիոգրաման, և շատ բժիշկ մասնագետներ համարում են, որ նկարչուհու աշխատանքները արտոթերապիա է, որոնք ռեաբիլիտացիոն կենտրոններ տեղափոխելով՝ կարելի է մարդկանց բուժել, հոգին, մենթալը մաքրել:
«Դրսից բժիշկ հյուր ունեինք, ով լինելով անտրոպոսոֆ, իմ արվեստանոց մուտք գործելուց հետո ուղղակիորեն խորհուրդ տվեց վերականգնողական կենտրոններում իմ ստեղծագործությունները կախել, քանի որ արտոթերապիայով նույնպես մարդկանց բուժում են: Նա աշխարհում կիրառվող արտոթերապիայի մասին այնպիսի փաստարկներ ներկայացրեց, որ դրանց պետք է շատ լուրջ վերաբերվել»:
Անդրադառնալով արվեստի նկատմամբ հասարակական մեղմ ասած՝ անտարբեր վերաբերմունքին` Ե. Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հայաստանում այսօր գոյություն ունի ֆիզիկական սով: «Մարդիկ սոված են և պետք է ամենօրյա հացը վաստակեն իրենց մարմինը պահպանելու համար: Բայց դրան զուգահեռ կա նաև հոգևորի սով, իսկ մարդու հոգին սնվում է մշակույթով, արվեստով: Մարդիկ սոված են բոլոր իմաստներով: Մարդիկ, ովքեր քիչ թե շատ ապահովել են իրենց կենցաղը, կարոտ են արվեստի: Գյումրիում և ուրիշ քաղաքներում երիտասարդությունը կարոտ է արվեստ տեսնելուն, երազում են, որ մշակութային նախագծերն իրենց մոտ նույնպես իրականացվեն:
Վերջապես իրենց քաղաքներում ունենան պատկերասրահներ, գալերեաներ՝ դասական, մոդեռն, քոնթեմփրըրի արվեստ տեսնեն, դասական համերգներ, օրկեստրներ ունենան: Մեր մեծահարուստները, օլիգարխները մի օր իրենց հարց տալի՞ս են, թե այս կյանքի իմաստն ինչի մեջ է: Իրենք իրենց կյանքի իմաստը հասկացա՞ն… Ախր կյանքը միայն նյութը չէ՝ արվեստն է, մշակույթը, խեղճերին օգնելը, ունեցածը կիսելն է, բարեգործությունն ու աղքատին, անապահովին ձեռք մեկնելը և ի վերջո՝ ուրիշներին սիրել կարողանալն է»,- ասում է նկարչուհին, ով` ի դեպ, նկարիչ իր ընկերների հետ մշտապես մասնակցում է բարեգործական ակցիաներին՝ փորձելով նկարների միջոցով օգտակար լինել նման նախագծերին:
Նշենք նաև, որ «Դալան» գալերեայում «Ապրելու ուրախություն» խորագրով Ե. Մարտիրոսյանի ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 2-ը:
«168 ԺԱՄ»