
Անհետ կորածների հարազատներին ընդունել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, հանդիպումը տևել է մի քանի ժամ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Իրավիճակին և տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր երեկ ՊՆ վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել:
Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ:
Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել ԳՇ պետի և ԶՈՒ-ից զորացրված մի շարք անձանց հետ:
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ:
Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»։