
Գեոպոլիտիկ կավատի ճանապարհորդությունն աշխարհի շուրջ. «չբավարարված և բավարարման» քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հռչակած «բալանսավորված ու բալանսավորման» քաղաքականությունը նորանոր հաջողություններ է արձանագրում քարոզչական դաշտում:
Հայաստանի պաշտոնական լրահոսը հեղեղված է լուսա- և տեսանյութերով, որոնք պատմում են, թե ինչպես են հայկական պատվիրակություններին ժպտադեմ ընդունում արևմուտքից՝ արևելք, հարավից՝ հյուսիս: Փաշինյանն ինքը հազիվ է հասցնում թռիչքից ՝վայրէջք կատարել՝ Վաշինգտոնից հասելով Պեկին, այնտեղից՝ Մոսկվա ու Նյու Յորք, հիմա էլ արդեն Ստրասբուրգում է: Այս բոլոր այցերի ընդհանրությունը, բացի պետական բյուջեից անիմաստ հսկայածավալ վատնումներից, տարբեր աշխարհաքաղաքական ամբիոններից Փաշինյանի ելույթներն են, որոնք, կախված գտվելու վայրի քաղաքական ուղղվածությունից՝ որոշակի փոփոխություններ են կրում՝ պահպանելով, սակայն, հիմնական ասելիքը: Ասելիք ամեն ինչի մասին, բացի Հայաստանի պետական շահից:
Փաշինյանն իր բոլոր ելույթներում խոսում է այնպես, որ դա հաճելի լինի առաջին հերթին հեռվից իրեն լսող Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների և, որպես կանոն, իրեն չլսող դահլիճներում ներկա (չ)գտնվողների համար: Հայաստանի ներսում թշնամանքի ու ատելության գերչափաբաժնով բոլորի հետ խոսող Փաշինյանը, երկրի սահմաններից դուրս ներկայանում է՝ որպես «երիտասարդ ժողովրդավարության բարի առաջնորդ»՝ պատրաստակամություն հայտնելով սեփական երկրի քաղաքականությունը համապատասխանեցնել առանց բացառության բոլորի շահերին և դա ներկայացնելով՝ որպես «ինքնիշխան ու անկախ Հայաստանի շահ»:
Բայց միջազգային քաղաքականությունը ռոմանտիկ ալտրուիստների սալոն չէ, որտեղ հավաքվածները մրցում են այլասիրության, դիմացիններին երջանկացնելու կարողությամբ: Ճիշտ հակառակը՝ հատկապես այսօրվա աշխարհը հիմնված է պետությունների կոշտ, ագրեսիվ, չափից ավելի «էգոիստական» քաղաքականությունների վրա, և դրա անդամ երկրները սեփական շահերը պաշտպանում են, այդ թվում, իսկ երբեմն՝ առավելապես այլոց նկատմամբ ցուցաբերվող կոշտ դիրքավորմամբ, եթե պետք է՝ նաև ագրեսիայով, որը պարտադիր չէ, որ միայն տարածքային արտահայտություն ունենա: Ահա այս պայմաններում երկրի ներսում պայմանական հրեշի կերպարով հանդես եկողը, ինքնաթիռ նստելուն պես դառնում է «փափկասուն այր»՝ առաջին իսկ պատահած պետության շահերն ու պահանջները բավարարելու անհագ մարմաջով:
Աշխարհաքաղաքական այս ալտրուիզմը, որ փաշինյանական եզրաբանությամբ պետք է կոչվի «չբավարարված և բավարարման» քաղաքականություն, ի բնե բացառում է Հայաստանի պետական շահի գոյության հնարավորությունը. աշխարհում, որտեղ բոլորը սեփական շահերն իրացնում են մյուսների հետ առճակատման և այլոց շահերի հաշվին, ըստ սահմանման՝ չի կարող լինել պետություն, որն իր շահերը բավարարում է բոլորին սիրաշահելու սկզբունքով: Եվ բոլոր այդ պետությունների համար «գեոպոլիտիկ ալտրուիզմով» հանդես եկողն իրականում «աշխարհաքաղաքական կավատ է», որն այլոց շահերը բավարարում է բախտի բերմամբ իր տնօրինության տակ հայտնված պետության կենսական շահերի հաշվին:
Նիկոլ Փաշինյանի համաշխարհային «ջերմ ընդունելությունը», սակայն, պայմանավորած չէ միայն ընդունողների բոլոր ցանկություններին հագուրդ տալու պատրաստակամությամբ: Առնվազն աշխարհաքաղաքական բևեռների համար Հայաստանի իշխանությունն իրականացնում է «օտարների մեջ՝ յուրային» առաքելություն կամ հանդես է գալիս որպես ռեզիդենդտ գործակալ այն երկրում, որտեղ գտնվում է տվյալ պահին: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծել է ամբողջությամբ ավտորիտար իշխանություն՝ տոտալիտարիզմի անթաքույց հակումներով, բայց միևնույն ժամանակ՝ Արևմուտքի կողմից գնահատվում է որպես «ժողովրդավարության բաստիոն»:
Մյուս կողմից՝ նա ջերմ ընդունելության է արժանանում Ռուսաստանի ղեկավարության կողմից, որն անհաշտ պայքար է մղում «արևմտյան նարնջագույն տեխնոլոգիաներով իշխանության բերվածների» դեմ:
Պարադոքսը, որ Հայաստանում Արևմուտքի կողմից խստորեն քննադատվող Ռուսաստանի կամ Բելառուսի մոդելով իշխանություն վարողը որակվում է որպես «ժողովրդավար», և որպես այդպես որակվողը միաժամանակ «բարեկամական գրկախառնությունների» է արժանանում Պուտինի կողմից, պարզ բացատրություն ունի:
Արմուտքի համար Հայաստանի իշխանությունը Եվրասիական տարածությունում ներդրված ական է, Ռուսաստանի համար՝ այդպիսի ական է Եվրամիության ու, ընդհանուր առմամբ՝ արևմտյան տիրույթում: Բոլոր լուրջ երկրներն էլ տեսնում ու հաշվարկում են, որ պետական շահեր չունեցող պետության նոմինալ ղեկավարը, որի ուշքն ու միտքն այդ անշահ միավորման իշխանության պահպանումն է, իսկական նվեր է թշնամիների հետ սեփական հարաբերությունների «բալանսավորման» համար:
Հայաստանի իշխանությունն այդ կենտրոնների համար ունի մոտավորապես այն տեսքը՝ ինչ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար թափահարվող մուրճը: Բայց առանց «բանտիկի»:
Հարություն Ավետիսյան