«Մի ավել կաթիլ ջրի համար ախպերն ախպորը կսպանի»
Բերքահավաքային աշխուժությունը, որ տարվա այս եղանակին հատուկ է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղին, չկա: Գյուղում կանաչ այգի դժվար է գտնել, եղածի վրա էլ բերք չկա: Արդեն մի քանի տարի է՝ Մյասնիկյան համայնքում բերքահավաքի սեզոնը դիմավորում և ճանապարհում են առանց օգուտի, առանց ակնկալիքների ու բերքի:
1800 հա գյուղատնտեսական նշանակության հող ունեցող Մյասնիկյան համայնքում ընդամենը 500 հեկտարն են մշակում: Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է: Տարիներ շարունակ ջուրը դարձել է համայնքի գերագույն խնդիրը, սակայն հարցն այդպես էլ օրակարգ չի մտնում և լուծում չի ստանում:
Համայնքի խնդրին տեղյակ են բոլորը` գյուղապետ, մարզպետ, գյուղնախարար ու փոխվարչապետ: Մյասնիկյանցիները հերթով դիմել են բոլոր ատյաններին, բայց՝ ապարդյուն. գյուղատնտեսական տարին գրեթե ավարտվում է, սակայն բերքը հաշվելու փոխարեն՝ գյուղացին կրկին կանգնել է կոտրած տաշտակի առաջ ու կրկին խոսում է հին խնդիրների մասին:
Հողից մի քիչ հասկացող ցանկացած գյուղատնտես հավաստիացնում է, որ Մյասնիկյանի հողերը բերրի են, նրանց երբեմնի սալորն ու դեղձը հայտնի են ամբողջ մարզին, սակայն արդեն մի քանի տարի՝ գյուղացուն ջուրը «գրամով» են տալիս, ու սալորի և դեղձի ծառերն այսօր կիսաչորացած վիճակում են:
«Մի ավել կաթիլ ջրի համար ախպերն ախպորը կսպանի»,- ասում է Գեղամը` ավելացնելով, որ արդեն երկու ամիս է՝ դեղձենու իր այգին չի ոռոգել: Նա ասում է, որ արդեն մեկ ամիս է՝ այգի չի մտնում: «Մտնեմ այգի, թոշնած դեղձը տեսնեմ` սիրտս չի դիմանա: Խողովակների մեջ մի գրամ ջուր չկա, որ այգիները ջրենք: Էս վիճակում մենակ ես չեմ, մտե´ք գյուղի ցանկացած տուն ու նույն տեսարանը կտեսնեք»,- ասում է Գեղամը:
Արտաշեսի այգում էլ է նույն վիճակը: «Դեղձիս համն էլ չեմ տեսել, ուր մնաց՝ օգուտ ստանամ»,- վշտացած ասում է նա, ձեռքերը թափ տալիս ու հեռանում:
Գյուղացիները հավաստիացնում են, որ գյուղում ջրի խնդիրը նոր է: Մյասնիկյանը Ախուրյանի ջրամբարից է ջուր ստանում, որը վերջին տարիներին ցամաքել է:
Կարծես ջրի սակավությունը քիչ էր, այս տարի «Քարակերտ» ՋՕԸ-ն, որ սպասարկում է համայնքին, որոշում կայացրեց, որ գյուղատնտեսական սեզոնը սկսելու է մեկ ամիս ուշ` մայիսի 1-ին: Թեպետ արդեն ապրիլից գյուղացիները պետք է իրենց դաշտերն ու այգիները ջրեին, սակայն ստիպված են եղել մեկ ամիս սպասել, ինչի հետևանքով տուժել է բերքը:
«Մեզ մոտ հոկտեմբերից ոռոգման սեզոնն ավարտվում է, իբր շատ են ջուր տալիս, հոկտեմբերից էլ ընդհանրապես կտրվում է: Որ ջուր տան, նորմալ բերք կստանանք, կկարողանանք մեր գլուխը պահել, բայց դե, ջուր չկա, առանց ջրի է բերք չկա»,- ասում են նրանք:
«Քարակերտ» ՋՕԸ-ից ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդամենը մեկ պատասխան ունեն. «Ջուր չկա, որ սահմանափակումներ չմտցնեն, հաջորդ տարի ընդհանրապես ջրի երես չենք տեսնի»:
1220 տնտեսություն ունեցող համայնքի միակ աշխատանքը հողագործությունն է: Տարեցտարի հողագործների թիվը կրճատվում է, ավելանում է վարկերի տոկոսը: «Էս վերջին 4-5 տարվա ընթացքում գյուղից մեկնողների թիվն ահագին շատացել է: Հիմնականում ջահելներն են գնում, բա էստեղ մնան ի՞նչ անեն՝ ո՛չ գործ կա, ո՛չ կյանք կա, ո՛չ հետաքրքրություն կա: Ջահելները գնում են, շինարարություն են անում, ասֆալտ են փռում, եսիմ, ով ոնց կարողանում է՝ գլուխը պահում է, մի քիչ էլ գումար էստեղ են ուղարկում, որ մենք էլ սովից չմեռնենք ու կուտակվող վարկերը փակենք»,- ասում է Մարատը` ավելացնելով, որ իր որդին էլ է Ռուսաստանում: «Ձմռանը կգա ու գարնանն ընտանիքի հետ կգնա: Կարա՞մ ասեմ՝ չէ՛, մի գնա: Բա մնա էստեղ ի՞նչ անի: Էդ երեխքին հագցնել ա պետք, ուտել ա պետք, ուսում ա պետք: Ինքն էստեղ էդքանը ո՞նց անի»,- ասում է նա` հավելելով, որ գյուղում ապրելով՝ երիտասարդները ոչ մի ապագա չունեն: