
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում մինչ օրս «վայելում» են ադրբեջանցիներից մնացած «ժառանգությունը»

Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքը սահմանակից է Ադրբեջանին: Գյուղը մինչև 1988 թվականը եղել է ադրբեջանական և նույն թվականին էլ վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներով: Այս ամենը՝ ըստ Գեղարքունիքի մարզպետարանի՝ համայնքների մասին ներկայացված տեղեկատվության: Նույն այդ աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին ադրբեջանաբնակ գյուղից համայնքին ժառանգություն է մնացել կիսախարխուլ դպրոցը, հիմնովին ծերացած ու մաշված խմելու ջրի ջրագիծը, կիսավեր ակումբը, գրադարանը, բուժկետը և մնացած վարչական կառույցներն ու բնակֆոնդը:
168.am-ի հետ զրույցում 314 բնակիչ ունեցող Կուտականի գյուղապետը խնդիրներից խոսել սկզբում չցանկացավ: Մեր հարցին, թե ինչ խնդիրներ ունի 314 բնակիչ ունեցող համայնքը, պատասխանեց գյուղապետը: «Դե, ինչ ասեմ, սաղ էլ խնդիր ա… Դպրոցը հին ա, 60-ական թվերին ա կառուցվել՝ ադրբեջանցիների կողմից, էդ դպրոցում էլ մինչ օրս սովորում են աշակերտները, խմելու ջրի ներքին ցանցը ահավոր վիճակում ա, մանկապարտեզ ու գյուղապետարան չունենք»,- ասաց նա: Թե պետական ի՞նչ ծրագրեր են իրականացվել վերջին տարիներին գյուղում, համայնքապետը չէր հիշում: Պատճառը ծրագրերի բացակայությունն է: Գյուղապետը հաստատեց, որ վարչական կառույցների մեծ մասը արբեջանցիներից է ժառանգություն մնացել: