Ի՞նչ է անելու ANEL-ը
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բացվեց «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ» (Armenian National Engineering Laboratories (ANEL)) կենտրոնը: Սա նախադեպը չունեցող ծրագիր է, որ արդյունքում` ՀՊՃՀ մի ամբողջ մասնաշենքում կգործեն 34 ուսումնահետազոտական լաբորատորիաներ, որոնք կլուծեն ճարտարագիտական ժամանակակից մասնագիտությունների ծրագրերով նախատեսված լաբորատոր կազմի խնդիրները: Այդ լաբորատորիաները տեղակայված են ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքում, որի 6-րդ հարկում ներկայումս գործում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, իսկ 5-րդ հարկում` Nokia ընկերության հետ համատեղ բջջային լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և այլն: Նախագծի գործընկերները և համաֆինանսավորողներն են` ՀՀ կառավարությունը, ՀՊՃՀ-ն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն (USAID) ու ճարտարագիտական աշխարհում խոշորագույն «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերությունը: Ընդհանուր առմամբ նախագծի վրա ծախսվել է 6 մլն դոլար: Նոր հիմնադրված այս կենտրոնի ու ոլորտին վերաբերող խնդիրների մասին է մեր զրույցը «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ» նախագծի համակարգող Ամալյա Մխիթարյանի հետ:
– Ի՞նչ փոփոխություններ կբերի այս լաբորատորիաների բացումը:
– Այս լաբորատորիաների ծրագիրը երկար տարիների աշխատանք է, և ընդհանրապես սա համատեղ աշխատանքի արդյունք էր: Իրականում այն կայացած թիմային աշխատանքի արդյունք է և գուցե նաև անկանխատեսելի համագործակցություն: Սա ժամանակակից գիտակրթական և գիտահետազոտական բազա է` պետություն- մասնավոր հատված-միջազգային կազմակերպություններ համագործակցության արդյունքում: Բացի այդ, մի խումբ կազմակերպություններ թեև ոչ ֆինանսապես, սակայն շատ այլ հարցերում աջակցել են, որ նախագիծը կայանա: Իսկապես ուրախալի էր, որ երկար տարիների աշխատանքը վերջապես արդեն իրողություն է:
Շատ կարևոր է, իհարկե, երբ երկրի նախագահը ուշադրություն է դարձնում նմանատիպ նախագծերին, իսկ «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների» բացմանը հանրապետության նախագահի ներկայությունը, կարծում եմ, ոգևորեց շատերին: Այս իրադարձության ամենակարևոր շեշտն այն է, որ նորաստեղծ լաբորատորիաներն արդեն սկսել են աշխատել ուսանողների համար: Լաբորատորիաները տեղակայված են Պոլիտեխնիկի 10-րդ մասնաշենքի 4 հարկերում, որոնցից 3 հարկում ուսումնական լաբորատորիաներ են, իսկ 4-րդը` գիտահետազոտական: Ուսումնական լաբորատորիաները հիմնականում փակում են ճարտարագիտական և ֆունդամենտալ ուղղությունները և հնարավորություն են ընձեռում ոչ միայն ամենաժամանակակից սարքավորումները, այլև նոր մեթոդիկան ներառել համալսարանական կրթության մեջ: Իրականում սարքավորումները կարող են լինել նորագույն, բայց եթե չկան մարդիկ, ովքեր արդեն այսօր իսկ պատրաստված են այդ սարքավորումներով աշխատել և այդ ամենը ներառել արդեն գործող կրթական ծրագրերում, ապա տվյալ դեպքում սարքավորումներն ուղղակի որոշակիորեն կկորցնեին իրենց ուժը: Դրա համար այստեղ կարևորում է այդ ամբողջականութունը:
Այսինքն` լաբորատորիաների բացումն ու դրանց գործարկումը, սարքավորումների ձեռքբերումն ու միաժամանակ մարդկանց պատրաստումը դրանցով աշխատելու համար, ինչպես նաև այդ ամբողջի աշխատանքը արդեն իսկ համալսարանում գործող ուսումնական ծրագրերի մեջ: Պոլիտեխնիկն ունի ավանդույթներ, կրթական ոլորտում բավական հաջողված փորձ, ծրագրեր և այլն, իսկ այդ ամենը գուցե և մի փոքր կաղում էր գործնական աջակցության մասով: Տվյալ դեպքում այս նախագիծը հնարավորություն կտա տեսնել այդ սովորած տեսության գործնական կիրառությունը: Կրթական լաբորատորիաներից բացի, կարծում եմ, շատ կարևոր է այստեղ նաև 4-րդ հարկի` գիտահետազոտական լաբորատորիաների առկայությունը, որը բաց հարթակ է բոլորի համար. թե’ ուսանողների, թե’ դասախոսների, թե’ գիտնականների և թե’ ընդհանրապես հետաքրքրվողների համար: Այս ամբողջ լաբորատոր շենքը նախատեսված է առաջին հերթին ապահովելու համար Պոլիտեխնիկի ուսումնական ծրագրերի համապատասխան կարիքները, իսկ մյուս կողմից, այն օրվա մյուս կեսին կարող է նաև ուրիշներին օգտակար լինել:
– Այսինքն` այս ներդրումներն ու սարքերը միայն Պոլիտեխնիկի համար չե՞ն:
– Ճարտարագիտական ուղղվածություն ունեցող բոլոր ուսումնական հաստատություններն ու ոլորտի ընկերությունները, որոնք կարիք կունենան տեխնիկական ապահովման, լաբորատորիաների, հնարավորություն ունեն գալ, աշխատել, տեսնել այդ ամենն այստեղ և սովորել: Այսինքն` այնտեղ միայն կրթական ծրագրեր չեն իրականացվելու: Մենք մոտակա ժամանակներում արդեն իսկ նախատեսում ենք մեծ թվով դասախոսների վերապատրաստում, որպեսզի իրենք ծանոթ լինեն այն սարքավորումների բազային, գործիքակազմին, որը կա, որպեսզի հասկանան, թե հետագայում այդ գործիքակազմն ինչպես կարող են կիրառել:
Մեր ծրագրերից մեկը վերաբերում է նաև արտադրությունը համալսարան բերելուն: Այսօր շատ ընկերություններ իրենք են իրականացնում վերապատրաստման դասընթացներ` չցանկանալով մտնել կրթական ոլորտ, բայց հաճախ ստիպված են լինում, քանի որ շրջանավարտը, որն ավարտում է համալսարանը, միանգամից աշխատանքի անցնելուն պատրաստ չի լինում: Այսինքն` առաջանում է երկրորդ ուսման կամ վերապատրաստման կարիքը, արդյունքում ընկերություններն իրենք վերապատրաստում են անցկացնում և դրանից հետո միայն կարողանում են ընտրել մարդկանց, ովքեր կարող են աշխատել իրենց ընկերություններում: Մենք կարծում ենք, որ նաև նման ընկերությունները իրենց ուսումնական ծրագրերով համալսարան կգան, իսկ ուսումից աշխատանքի անցնելու այդ գործընթացը ավելի կարճ կտևի:
Ամենակարևոր կետերից մեկը կամ առաջինը մեզ համար որակյալ ճարտարագետների պատրաստումն է, մարդկանց, ովքեր կարող են նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Երկրորդը` մրցունակ ճարտարագետների պատրաստումն է, որոնք ի վիճակի են աշխատել ժամանակակից, արդիական սարքավորումներով և մեթոդներով, որովհետև այս մասով մենք ևս մի փոքր կաղում ենք: Երրորդ կարևորագույն կետն այն է, որ լաբորատորիան պետք է նորաստեղծ (start-up) ընկերությունների ստեղծմանը նպաստող միջավայր դառնա: Բացի այդ, նպաստի նաև այն բանին, որ միջազգային ընկերությունները ցանկություն ունենան Հայաստանում կայանալու, այստեղ իրենց մասնաճյուղը բացելու և գործունեություն ծավալելու համար:
– Քանի՞ ընկերություն է ցանկություն հայտնել ներկայացված լինել «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ»-ում, և քանիսի՞ հետ արդեն հստակ պայմանավորվածություններ ունեք:
– Իրականում շատ ընկերություններ այդ ցանկութունն ունեն, և մենք նախատեսում ենք և հույս ունենք, որ որոշակի ժամանակահատված աշխատելուց հետո այս ամենը պետք է այնպիսի միջավայր ստեղծի, որը Հայաստանում կայանալու ցանկություն կառաջացնի շատերի մոտ: Հստակ պայմանավորվածություններ, օրինակ` սինգապուրյան ST Kinetics ընկերությունը եկավ Հայաստան, National Instruments-ն է այսօր Հայաստանում աշխատում` ունենալով այստեղ գրասենյակ, մի շարք ընկերություններ կան, և իրականում շատ ծրագրեր կան նոր ընկերություններ ներգրավելու համար: Ուղղակի դա բոլորիս, նաև ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքը պետք է լինի:
– Տեխնոլոգիական ոլորտում հաճախ է խոսվում որակյալ կադրերի պակասի և դրա պատճառով շուրջ 2000 թափուր աշխատատեղի մասին, որոնք այդպես էլ չեն համալրվում: Այս դեպքում նոր ընկերությունների մուտքը ինչպե՞ս եք պատկերացնում:
– Իսկապես, ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունները մշտապես նշում են, որ այսօրվա դրությամբ ունենք 2000 ազատ աշխատատեղ, տարիներ շարունակ այդ թիվը պտտվում է: Մենք հուսով ենք, որ այս նախագծի միջոցով կկարողանանք ինչ-որ չափով այդ թիվը փոքրացնել: Համենայնդեպս դրա հույսը կա: Իհարկե, այստեղ կա նաև երկրորդ հարցը. դրսի շատ ընկերություններ լսել են հայկական պայծառ մտքի, խելացի լինելու ու խնդիրների նկատմամբ յուրահատուկ մոտեցումների ու լուծումների մասին, բայց գալիս են այստեղ և չեն կարողանում…
Իրականում, եթե ոլորտները համեմատեք, ապա կնկատեք, որ ՏՏ ոլորտի և ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրությունը բավական բարձրացել է, եթե նախկինում նորաձև էին իրավաբանի, կառավարչի կամ լեզվաբանի մասնագիտությունները, ապա այսօր ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն այլ է: Հավանաբար, դա էր նաև պատճառը, որ մեր երկրում այս ուղղությունը գերակա ճանաչվեց: Ուրախալի է, որ շարժ կա, համենայնդեպս կան մի խումբ մարդիկ և ընկերություններ, որոնք ցանկանում են Հայաստանում այս ուղղությունը շատ զարգացած տեսնել: Եթե վերցնենք որևէ արտասահմանյան երկիր, ապա տարբեր համալսարաններն ու գիտական հիմնարկությունները գտնվում են իրարից շատ մեծ հեռավորության վրա, իսկ Հայաստանում մենք ունենք շատ գիտական ինստիտուտներ և հաստատություններ, և դրանք բոլորը գտնվում են իրար շատ մոտ:
Երևանի միայն մի փոքր կենտրոնում կարելի է գտնել մի քանի համալսարան, ակադեմիա և այլն, և մենք ունենք շատ հետաքրքիր մասնագետներ, որոնք կարող են շատ որակյալ խորհրդատվություն տալ: Այս նախագծի շրջանակում մեր ամենամեծ ցանկություններից մեկը նաև այն է, որ ինչո՞ւ ոչ` Հայաստանը հանդիսանա այնպիսի պետություն, որը կկարողանա որակյալ մասնագետներ պատրաստել ոչ միայն հայկական շուկայի, այլև ընդհանրապես համաշխարհային շուկայի համար, սակայն այս ամենով նպաստել ոչ թե արտագաղթին, այլ ընդհակառակը, որ այդ արտասահմանյան ընկերություններն իրենք գան Հայաստան, այսինքն` տեխնոլոգիաները ներգրավել և փորձել Հայաստանում այս ոլորտը զարգացնել: Այսինքն` մեր աշխատանքը նվիրված է լինելու նրան, որ որակյալ մասնագետներ պատրաստելու միջոցով խոշորագույն ընկերությունները ցանկություն ունենան Հայաստանում կայանալ, որի արդյունքում արդեն կառաջանա նոր աշխատաշուկա, և այդ որակյալ ճարտարագետները ապահովված կլինեն աշխատանքով:
Իրականում ինժեներությունը բաց ոլորտ է, սպասենք ու տեսնենք, թե ինչպես կստացվի: Հույս ունենք, որ մոտակա տարիներին արդեն առաջին ուսանողների ուսման որակի վրա նոր լաբորատորիաները պետք է ազդեցություն ունենան: Որովհետև ես ինքս Ճարտարագիտական համալսարանի դասախոս եմ և իմ փորձից կարող եմ ասել, որ ուսանողների խումբը, երբ մտնում է վերանորոգված և համապատասխան միջավայր, ուսման մոտեցումը բոլորովին այլ է, իսկ հին սարքերով լաբորատորիաների դեպքում ուսման նկատմամբ մոտեցումը բոլորովին այլ է, խոսքը նույն կուրսի նույն խմբի մասին է, իսկ ուսման նկատմամբ մոտեցումը բոլորովին տարբեր է: Նման լաբորատորիաներ այսօր կերազեին շատ-շատ բուհեր, իսկ ԱՊՀ երկրներում, կարծում եմ, որ բուհերից շատերը պարզապես կերազեին այսպիսի տեխնիկապես հագեցած լաբորատորիաներ ունենալ: Այս ամենը մեզ համար բացում է նոր հնարավորություններ:
Այս լաբորատորիաների ստեղծմամբ մենք բավական առաջ անցանք, և այս քայլով կարծում եմ` կկարողանանք նաև մեր ճարտարագիտական համալսարանը գերառաջատար համալսարանների շարքում դիրքավորել աշխարհում: Բացի այդ, այսպիսով հնարավոր կլինի աշխատաշուկայի այդ 2000 թափուր աշխատատեղերը լրացնել որակյալ կադրերով ու փորձել ծրագրեր իրականացնել թե տեղական ընկերությունների համար և թե դրան զուգահեռ ներգրավել նաև դրսի ընկերություններին: Այս ամենը պարզապես ժամանակի հարց է, կարևորը, որ համալսարանի «արտադրանքը» որակյալ լինի: Այսինքն` տեխնոլոգիական ընկերությունները կգա՞ն Հայաստան, թե ոչ` մեծապես կախված է մեր որակյալ կադրերի առկայությունից:
«168 ԺԱՄ»