Ի՞նչն է այդպես երջանկացրել կառավարությանը

ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի վճիռը, որով իշխանություններից պահանջվել էր ձեռնպահ մնալ ընկերության սեփականատիրական իրավունքի նկատմամբ անհարկի միջամտություններից, կառավարությունը ծանր էր տարել։ Ուստի միջազգային արբիտրաժային դատարանում ՀԷՑ-ի վերաբերյալ կայացրած առաջին վճռի արդյունքում ճաշակած պարտության դառնությունը ցրելու նպատակով, օրերս շտապեց հայտարարել, թե արբիտրաժային դատարանը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի ներկայացրած նոր պահանջները։

Առանց խորանալու պահանջների բովանդակության ու մերժման պատճառների մեջ՝ փորձել էր տպավորություն ստեղծել, թե սա կառավարության հաղթանակն է։ Այնինչ՝ միջազգային արբիտրաժային դատարանն ընդամենն արձանագրել էր, որ դեռևս հուլիսի 22-ին կայացրած վճիռը կատարման համար լրացուցիչ ապահովման անհրաժեշտություն չունի։ Դա վճիռ է, որը միջազգային նորմերի ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում ենթակա է պարտադիր կատարման, և դրա վերաբերյալ իշխանություններին հավելյալ պարզաբանում ներկայացնելու կարիք չկա։

Փաստացի արբիտրաժն անփոփոխ էր թողել նախկին վճիռը, որը ենթակա է պարտադիր կատարման։

Թե սրա ի՞նչն էր այդքան ուրախացրել կառավարությանը, որ շտապել էր հայտարարել «հաղթանակի» մասին, դժվար է բացատրություն գտնել։ Չնայած վերջին տարիներին իշխանությունները հենց այդպիսի չկայացած հաղթանակներով են փորձում մնալ ջրի երեսին։ Ու որքան էլ ցավալի լինի, հասարակության մեջ դեռևս մի զանգված կա, որ շարունակում է կերակրվել այսպիսի պյուռոսյան հաղթանակներով։

Կարդացեք նաև

Առաջին վճռից հետո միջազգային արբիտրաժին կրկին դիմելու անհրաժեշտություն չէր առաջանա, եթե կառավարությունը պատշաճ կատարեր իր ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Ստոկհոլմի արբիտրաժի նկատմամբ։ Հայաստանն ընդունել է, որ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա են։ Սակայն փաստացի հրաժարվում է այն կատարելուց։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատերերի դիմումի հիման վրա՝ հուլիսի 22-ին, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթների կատարումից, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։

Սակայն վճռի հրապարակումից հետո, իշխանության մի շարք ներկայացուցիչները, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հայտարարեցին, թե հակված չեն կատարել միջազգային արբիտրաժի որոշումը, որ դրա կատարման համար իբր այն պետք է ճանաչվի Հայաստանի դատարանների կողմից։

Բացի այդ, շարունակեցին քայլերը՝ ՀԷՑ-ն իրենցով անելու ու ընկերության գործունեության վերահսկողությունն ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնելու համար։

ՀԷՑ-ում նշանակված կառավարիչն իսկական կադրային ջարդ սկսեց՝ ընկերության ղեկավար կազմին փոխարինելով մարդկանցով, որոնց հիմնական առավելությունը ոչ թե մասնագիտական ու ոլորտային կառավարման հմտություններն ու կարողություններն են, այլ ՔՊ-ական լինելը։

Սրանով խախտվեցին միջազգային արբիտրաժի պարտադիր կատարման ենթակա պահանջները, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ՀԷՑ-ի սեփականատերերը կրկին դիմեն՝ խնդրելով լրացուցիչ պարզաբանում ներկայացնել կառավարությանն այն մասին, որ պարտավոր է կատարել արբիտրաժի որոշումը և վերականգնել սեփականատիրոջ խախտված իրավունքները, ինչպես նաև պարտավորեցնել հաշվետվություն ներկայացնել արբիտրաժի որոշման կատարման վերաբերյալ։

Բայց միջազգային արբիտրաժը որոշեց, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ նախկին վճիռը կառավարության համար ենթակա է պարտադիր ու անհապաղ կատարման։ Այն վիճարկման ենթակա չէ, որպեսզի կատարման համար լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառվեն։

Ընդամենը այսքանը, որը կառավարությունը շտապեց ներկայացնել՝ որպես միջազգային արբիտրաժում ՀԷՑ-ի սեփականատերերի նկատմամբ տարած «նշանակալի» ձեռքբերում։ Այն դեպքում, երբ այս ամենի մեջ էականը ոչ թե միջազգային արբիտրաժի վճռի կատարման ապահովման միջոցների կիրառումն է, այլ բուն վճիռը, որը ենթակա է պարտադիր կատարման։ Պարզապես այլ տարբերակ չունենալով իշխանություններին պարտադրելու կատարել ստանձնած պարտավորությունները միջազգային արբիտրաժի որոշումների վերաբերյալ՝ սեփականատերերը ստիպված էին գնացել հուլիսի 22-ի վճռում լրացումներ կատարելու խնդրանքով։

Արբիտրաժը մերժեց լրացումներ կատարելու խնդրանքը, սակայն վերահաստատեց կայացրած վճռի պահանջները։ Ու հիմա, երբ իշխանությունները որոշել են ատամ ցույց տալ միջազգային արբիտրաժին, հրաժարվել ստանձնած պարտավորությունների կատարումից՝ Հայաստանի վրա կախել են դամոկլյան սուրը։ Դրա հետևանքները քաղաքացիներն ու պետությունը տարիների ընթացքում են «վայելելու»։  Խոսքն ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ տնտեսական հետևանքների մասին է։

Բոլոր երկրներն էլ, անշուշտ, կարող են հրաժարվել միջազգային արբիտրաժի վճիռների կատարումից։ Առավել ևս, որ միջազգային արբիտրաժը բանակ ու ոստիկանություն չունի՝ պարտադրելու իր վճիռների կատարումը։ Բայց քչերն են, որ գնում են նման քայլի՝ լավ հասկանալով դրա պատասխանատվությունն ու ծանր հետևանքները։ Միայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների նման արկածախնդիրներն են, որ կարող են հանուն սեփական ամբիցիաների՝ երկիրը դնել այդպիսի հարվածի տակ։

Միջազգային արբիտրաժը սեփական վճիռները կատարելու պարտադրանքի միջոցներ չունի, սակայն ունի այնպիսի գործիքներ, որոնց կիրառումը հետագայում ծանր է նստելու պետության վրա։ Ընդհուպ այն, որ դա կարող է տարածվել երկրի արտաքին ակտիվների վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս