Ակտիվիստներին ծեծելու փաստով հարուցվել է քրեական գործ
Օգոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ. Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր և ընկերոջ` Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ 10.09.2013 թ. ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Նախաքննության ընթացքում տուժող Միհրան Մարգարյանը հայտնել է, որ 2013 թ. օգոստոսի 25-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի դիմացից Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ ցանկացել են գնալ տուն, սակայն հասնելով Գ. Լուսավորչի փողոց` «Արարատ» հյուրանոցի մոտ, իրենց են մոտեցել 7 անհայտ անձինք, անհիմն վիճաբանել` ասելով, թե նստացույցից եք գալիս, և ծեծի են ենթարկել իրենց: Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայտնել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 01.15 սահմաններում, Երևանի քաղաքապետարանի դիմացից Միհրան Մարգարյանի հետ ցանկացել են գնալ տուն, սակայն հասնելով Գ. Լուսավորչի փողոց` «Արարատ» հյուրանոցի մոտ, իրենց են մոտեցել 7 անհայտ անձինք, վիճաբանել իր և ընկերոջ հետ` ասելով, թե նստացույցից եք գալիս, և ծեծի են ենթարկել իրենց: Այդ ընթացքում իր գրպանից ընկել է «Այֆոն 4» բջջային հեռախոսը և ՀՀ կացության անձնագիրը, որը ծեծի ենթարկողներից մեկը գետնից վերցրել է: Օգոստոսի 27-ին մի քաղաքացուհի՝ Կ. Կ.-ն, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացրել Բաբկեն Տեր-Գրիգորյանի անձնագիրը և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, «Մայրաքաղաքային» գնդի հարևանությամբ, թատրոնի աղբարկղերի մոտ, գտել է նշված անձնագիրը, իսկ դեպքի մասին որևէ տեղեկություն չունի: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանություն