Ռուսները հարմար պահը գտել ու վրեժ են լուծում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Մաքսային միության և այդ կառույցին Հայաստանի անդամակցության մասին, Հայաստանը համեմատել է Ռուսաստանի Կալինինգրադի
մարզի հետ:
Նախ ներկայացնենք Սերգեյ Գլազևի հարցազրույցի` Հայաստանի և Կալինինգրադի համեմատությանը վերաբերող հատվածը:
– Լրագրող Ա. Վենեդիկտով. Հայաստանը Մաքսային միության հետ չունի ընդհանուր սահման:
– Ս. Գլազև. Բայց չէ՞ որ մենք ունենք Կալինինգրադի մարզ, որի հետ նույնպես չկա ընդհանուր սահման:
– Ա. Վենեդիկտով. Ամեն դեպքում Հայաստանը պետություն է:
– Ս. Գլազև. Մեզ համար տարբերություն չկա` պետություն է, թե պետության մարզ: Ամենակարևորն ընդհանուր մաքսային տարածքն է: Արդեն 5-րդ տարին է, ինչ Կալինինգրադի մարզն ընդգրկված է մեր ընդհանուր մաքսային տարածքի մեջ, սակայն նրա հետ չկա ընդհանուր սահման:
Ազգային միացյալ նախաձեռնության ներկայացուցիչ Շանթ Հարությունյանը, մեզ հետ զրույցում` ի պատասխան հարցին, թե որպես ՀՀ քաղաքացի և քաղաքական գործիչ` արդյոք իր համար վիրավորական չէ՞ ռուս պաշտոնյայի նման ձևակերպումը, ասաց. «Վիրավորականը դնենք մի կողմ: Տեսեք, ես կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ այդ մարդիկ, տարիների ընթացքում շփվելով Հայաստանի իշխանությունների և մասնավորապես` նախագահի հետ, իրենց մոտ ձևավորել են այն համոզմունքը, որ Հայաստանն իրենց համար իսկապես Կալինինգրադի նման մի տարածք է: Երբ էդ Գլազևն ինձ նմանի հետ շփվի, նա կհամոզվի, որ ինքն ընդհանրապես ապուշ է, ոչ միայն ապուշ է, եթե ինձ նմանի հետ շփվի, իմ կողքը զգաստ կկանգնի: Բայց ես ի՞նչ ասեմ, երբ Հայաստանը ներկայացնում են ոչ թե Շանթը կամ Շանթի նման տղերքը, այլ Սերժն ու Սերժի նման տղերքը: Հիմա ես իրենցից հարցնեմ` ինչո՞ւ եք նման կարծիք կազմել Սերժից: Հայաստանը ներկայացնում է Սերժ Սարգսյանը, ես չեմ կարող մատից հոտ քաշել, թե ինչո՞ւ է նա Սերժ Սարգսյանից նման կարծիք կազմել Հայաստանի Հանրապետության մասին»:
Ըստ Շանթ Հարությունյանի` վերջին 20 տարիներին` Հայաստանի անկախության հռչակումից ի վեր, ռուսաստանյան ղեկավարները Հայաստանի հետ վարվել են մեր երկրի իշխանությունների ներկայացրածին համապատասխան, այսինքն` որքան արժանապատվորեն են ներկայացրել, այդպիսի վերաբերմունք էլ ստացել են:
«Բայց մի այլ բան ասեմ. ռուսը չլինի, լինի մոզամբիկցի կամ պակիստանցի մեկը, եթե իր զինվորներն են պաշտպանում մեկ այլ երկրի սահմանը, իր երեխաների արյունով է պաշտպանվում մեկ այլ երկրի սահմանը, նշանակում է` այդ սահմանում պետություն չկա: Իր երեխաները հենց այնպես չեն գնում` կանգնեն սահմանին: Եվ որքան էլ պետությունը լինի հումանիստ, արդարասեր ու խաղաղասեր, միևնույն է, հնարավոր չէ, որ նրա զինվորներն այդ երկրի համար արյուն թափեն, բայց այդ տարածքը համարվի պետություն: Ոչ ոք ուրիշի շահերի համար չի գնում կռվելու, դա ապացուցված է: Երբ ամերիկյան զորքերը գնում են Լիբիա, Իրաք կամ այլ երկրներ, դրա հիմքում դրված է լինում ԱՄՆ-ի ազգային անվտանգության գաղափարը: Նույնն էլ ռուսն է»,- ասաց Շանթ Հարությունյանը:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ նախ հիշեց, որ նման ձևակերպումներն ունեցել են նախադեպեր:
«Սա նոր բան չէ, բայց այդ ամենի մեղքը պետք է փնտրել մեր, այսինքն` պետության ղեկավարության քայլերի մեջ: Նրանք հասցրեցին այս վիճակին` ֆորպոստի, իսկ հիմա էլ` Կալինինգրադի մարզի կարգավիճակին: Անձնավորենք. գիտեք, երբ մարդ մեկ-երկու անգամ իրեն թույլ է տալիս անձնական վիրավորանք, դա դառնում է սովորական երևույթ: Հիմա մեր իշխանությունների համար դա դարձել է սովորական, սակայն իրականում դա վիրավորանք է ողջ ժողովրդին: Եվ այդ վիրավորանքը պետք է հասցնել յուրաքանչյուր հայ մարդու, որ դրա պատասխանը տա իշխանությունը` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Դրանք նրանց ցանած սերմերն են, որ այսօր քաղում ենք»:
Ի տարբերություն Շ. Հարությունյանի` Պ. Մակեյանը, որպես նման վերաբերմունքի բացատրություն, այլ կարծիք ունի. «Կարծում եմ` Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ խաղացրել են ռուսներին, այսինքն` խոսում էին բարեփոխումների, արևմտյան արժեքների մասին: Սրանք էլ հիմա հարմար պահը գտել են և վրեժ են լուծում: Նորից եմ կրկնում` դրանք Քոչարյան Ռոբերտի և Սարգսյան Սերժի ցանած սերմերն են»,- նշեց Պ. Մակեյանը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, իր կարծիքը հայտնելով ՌԴ նախագահի խորհրդականի արտահայտության վերաբերյալ, նշեց. «Կցանկանայի, որպեսզի Ռուսաստանի նախագահը, իր խորհրդականներին ընտրելիս, ուշադրություն դարձներ նաև էթիկայի նորմերն ու նկատառումները պահպանելու ունակ մարդկանց վրա: Այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ արտահայտություններ ու ձևակերպումներ թույլ տվող միջին ու մանր պետական պաշտոնյաների պատճառով պաշտոնական Մոսկվան հետո շատ ժամանակ հարկադրված է լինում դիվանագիտական հնարքներ գործադրել կամ ներողամտություն հայցել: Լավ կլինի, որ իրենց երկրին արջի ծառայություն մատուցելուց զերծ մնան»:
Տիգրան Ուրիխանյանը գտնում է, որ իմաստ չկա փորձելու` հասկանալ, թե ինչո՞ւ են ռուսաստանյան պաշտոնատար անձինք նման արտահայտություններ թույլ տալիս հատկապես Հայաստանի Հանրապետության հասցեին, քանի որ, իր խոսքերով, «ոչ կոռեկտ, անտակտ և էթիկայի նորմերը չպահպանող մարդիկ անկանխատեսելի են»:
«Նման մարդիկ բացատրություն պետք է տան իրենց ղեկավարներին, որովհետև իրենց ղեկավարներին դնում են անհարմար իրավիճակի մեջ: Նրանք պետք է հանդիմանության արժանանան և պետք է բացատրություն տան, թե ինչ նպատակով են փորձում խարխլել մեր պետությունների ու ժողովուրդների միջև հարաբերությունները»,- նշեց ԲՀԿ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի պաշտոնյաները Հայաստանի հասցեին նման արտահայտություններ են թույլ տվել նաև նախկինում, և Գլազևն առաջինը չէ, ով Հայաստանը համեմատել է Կալինինգրադի մարզի հետ: Մասնավորապես, 2012թ. դեկտեմբերին` Երևան կատարած այցի ժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Հայաստանն անվանեց «էքսկլավ» (ինքնիշխանություն չունեցող տարածք, որը պատկանում մի պետությանը, սակայն չունի դրա հետ ընդհանուր սահման): Իսկ ավելի վաղ` ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը Հայաստանն անվանել էր «ֆորպոստ» (թարգմ.` «առաջադիրք», «պահակակետ», «ամրակետ», այս տերմինը Ռուսական կայսրությունում տարածված է եղել ռազմական բառապաշարում):