Եվրոպական կոնվենցիան դատապարտված է չվավերացման

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազգային Ժողովի քառօրյայի օրակարգի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչո՞ւ խորհրդարանի քննարկմանը և վավերացմանը չի ներկայացվում արդեն 10 տարի օրակարգում գտնվող «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը տեղյակ է, որ այդ հարցը բարձրացվել է նաև նախորդ ուրբաթ խորհրդարանի առաջիկա քառօրյայի կազմման նպատակով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կազմակերպած խորհրդակցության ժամանակ, և ինքը հանձնարարել է քարտուղարությանը ճշտել և իրեն զեկուցել, թե որն է այս կոնվենցիան չքննարկելու պատճառը:

Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ դա քարտուղարության ճշտելու հարցը չէ, քանի որ ԱԺ նախագահն ինքն է որոշում, թե օրակարգում ընդգրկված հարցերը ինչ հերթականությամբ պետք է քննարկվեն և խմբակցության անունից պահանջեց, որ այն այս քառօրյայում վերջապես ներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Այս կոնվենցիան իսկապես խորհրդարանի օրակարգի հնաբնակներից է: Այն խորհրդարանի նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել գրեթե 10 տարի առաջ` 2003թ. սեպտեմբերի 11-ին, իսկ եռօրյայի օրակարգ է մտել 2004թ. մարտի 15-ին: Այս հարցով գլխավոր զեկուցող է նշանակված եղել այն ժամանակվա Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը (խորհրդարանի կայքէջում մինչև այսօր էլ գրված է` գլխավոր զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան): Սա նշանակում է, որ առնվազն վերջին 7 տարիներին, որևէ մեկը չի անդրադարձել այս կոնվենցիային:
Անցած 10 տարիներին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է տասնյակ և հարյուրավոր միջազգային համաձայնագրեր և կոնվենցիաներ, բայց այս մեկը համառորեն դուրս է մնացել հայ խորհրդարանականների ուշադրությունից:

Դրա բացատրությունը տվեց հենց ինքը` Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, եթե Հայաստանը վավերացնի այս կոնվենցիան, ապա պարտավորված կլինի փոխհատուցում վճարել 2008թ. մարտի 1-ի զոհերի համար: Ըստ Զուրաբյանի, կոնվենցիան փոխհատուցում է նախատեսում հատկապես այն զոհերի համար, որոնց մահվան մեղավորները բացահայտված չեն: Այսինքն` այս կոնվենցիան ամբողջովին տարածվում է մարտի 1-ի զոհերի վրա, և այն Հայաստանի խորհրդարանում վավերացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո հնարավորություն կտա զոհերի հարազատներին պետությունից փոխհատուցում պահանջել և ստանալ:

Թե ինչու եվրոպական այս կոնվենցիան չի ներկայացվում վավերացման, փորձեցինք ճշտել նաև խորհրդարանի Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից: «Այս հարցը հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ բարձրացրել է հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը: Ես ևս փորձում եմ ճշտել պատճառները, կարող եմ միայն ենթադրել, որ դրա պատճառը կարող էր լինել այն, որ կան հարակից իրավական ակտեր, որոնք պետք է ընդունվեն, որից հետո միայն այս կոնվենցիան կարող է վավերացվել: Բայց սա իմ ենթադրությունն է, իսկ ավելի ստույգ ես կարող եմ պատասխանել միայն հարցը ավելի հանգամանալի ուսումնասիրելուց հետո»:

Կարդացեք նաև

Եթե նույնիսկ ենթադրենք, որ եվրոպական կոնվենցիան վավերացնելուց առաջ պետք էր հայաստանյան օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ իրականացնել, ապա պարզ է, որ 10 տարին լիովին բավարար է ցանկացած փոփոխություն իրականացնելու համար: Ակնհայտ է, որ այս կոնվենցիայի վավերացումը չի մտնում իշխանության հաշվարկների մեջ: Իշխանությունը, թեկուզ ոչ հրապարակային, համարում է, որ մարտի 1-ի զոհերը մարդիկ են, ովքեր փորձում էին բռնությամբ իշխանափոխություն իրականացնել: Վավերացնելով այդ կոնվենցիան և նրանց փոխհատուցում վճարելով՝ իշխանությունը ինչ-որ իմաստով կընդունի իր մեղքը, ինչը իշխանությունը երևի համարում է անթույլատրելի զիջում:

Քանի դեռ իշխանությունը համարում է, որ մեղավորը մարտի 1-ի զոհերն են և ոչ թե նրանց նկատմամբ ուժ կիրառած իշխանությունը, կարելի է չասկածել, որ այս համաձայնագիրը այդպես էլ չի վավերացվի, որքան էլ ԱԺ նախագահը, հանձնաժողովի նախագահը կամ որևէ այլ խորհրդարանական պաշտոնյա փորձեն պարզաբանումներ ստանալ և գուցե գտնել:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս